Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՎՂԻՑ

Դեկտեմբեր 09,2003 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՎՂԻՑ Այդ երկրի չհիմնավորված կայսրական հավակնությունները կարող են Հայաստանի վրա թանկ նստել; Ինչպես եւ կանխատեսում էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա անցկացրեց իր կուսակցությունը՝ «Միասնական Ռուսաստանը», ստիպված էր հանդուրժել կոմունիստներին, ինչպես նաեւ ճանապարհ բացեց ազգայնական Ժիրինովսկու եւ «Հայրենիք» կուսակցությունների համար: Պուտինը թույլ չտվեց, որ Ռուսաստանի խորհրդարանում հայտնվեն ժողովրդավարական ուղղվածության կուսակցությունները՝ «Յաբլոկոն» եւ Աջ ուժերի դաշինքը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՊՀ տարածքում ազատ ընտրություններ առայժմ հնարավոր չեն, եւ թե ով կհայտնվի խորհրդարանում՝ որոշում է առաջին դեմքը: Այլ հարց է, թե ինչու է Պուտինը գերապատվությունը տվել հենց այդ ուժերին (ինչն, ի դեպ, պարզ էր, երբ նա ձերբակալեց Խոդորկավսկուն եւ աշխատանքից ազատեց Վոլոշինին): Այստեղ հատկանշականը ոչ այնքան նոմենկլատուրային-բյուրոկրատական «Միասնական Ռուսաստանն» է, որը նման է բոլոր իշխանական կուսակցություններին (ասենք, մեր Հանրապետականին) եւ որը, ոչ մի գաղափարախոսություն չունենալով, կանհետանա, երբ Պուտինը նախագահ չլինի: Առանձնապես հետաքրքիր չեն նաեւ իրենց դարն ապրած կոմունիստները: Դեկտեմբերի 7-ի ընտրությունների առավել կարեւոր արդյունքն է ազգայնական եւ սոցիալական պոպուլիստների առատությունը նոր Դումայում՝ ի դեմս Ժիրինովսկու եւ Ռոգոզինի կուսակցությունների: Եվ այս հարցում Պուտինը, ինչ խոսք, հաշվի նստեց իր երկրի առավել մարգինալ, առավել լյումպենացված զանգվածի տրամադրությունների հետ: Այդ զանգվածի համար չափազանց հոգեհարազատ են «Վերադարձնենք հարստությունը ժողովրդին» եւ «Վերադարձնենք Ռուսաստանին իր հպարտությունն ու փառքը» կարգախոսները, որոնք թարգմանաբար նշանակում են՝ «Խլենք հարստությունը օլիգարխներից» եւ «Վերականգնենք ռուսական կայսրությունը»: Այդ ամենը կարելի է հասկանալ՝ լսելով Վլադիմիր Ժիրինովսկուն, որն արդեն հայտարարել է՝ ունենալով Դումայում 2/3 մեծամասնություն, իշխանությունը վերանայելու է Սահմանադրությունը, խոշորացնելու է դաշնության սուբյեկտները, երկարացնելու է նախագահի պաշտոնավարման ժամկետը, մի խոսքով՝ ուժեղացնելու է Պուտինի անձնական իշխանությունը: Ըստ Ժիրինովսկու, Ռուսաստանում հաստատվելու է կոշտ ավտորիտար ռեժիմ, քանի որ այդ երկրում հնարավոր չէ իշխանությունների բաժանում, անկախ դատական համակարգ եւ ազատ մամուլ: Ժիրինովսկին միշտ արտահայտում է այն, ինչ իշխանությունն ուզում է, բայց ամաչում է ասել: Ռուսաստանում ժողովրդավարական, ազատական ուժերի պարտության մեջ, բնականաբար, կա նաեւ իրենց՝ «Յաբլոկոյի» եւ Աջ ուժերի դաշինքի մեղքը: Թեեւ քաղաքագետների գնահատմամբ, այդ երկու կուսակցությունների ընտրազանգվածը տարբեր է (առաջինն իբր արտահայտում է սոված-ծարավ մտավորականների տեսակետները՝ նրանց, ովքեր տուժել են ազատական բարեփոխումներից, իսկ երկրորդը՝ խոշոր կապիտալի շահերը՝ նրանց, ովքեր շահել են այդ նույն ռեֆորմներից), միեւնույն է՝ նրանց միջեւ հնարավոր էր փոխզիջումը, որը, թեկուզ զուտ թվաբանական գումարումով, կհանգեցներ 5 տոկոսանոց արգելանքի հաղթահարմանը: Սակայն «Յաբլոկոյի» առաջնորդ Գրիգորի Յավլինսկին չգնաց այդ փոխզիջման եւ հիմա, որոշ չափով, վայելում է իր «սկզբունքայնության» պտուղները: Բայց նույնքան մեծ է Աջ ուժերի դաշինքի մեղքը: Կիրակնօրյա հետընտրական թոք-շոուներից մեկում Անդրանիկ Միհրանյանը շատ տեղին հիշեցրեց մի դրվագ. նախորդ՝ 1999-ի խորհրդարանական ընտրությունից առաջ այդ կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կիրիենկոն եկավ Կրեմլ եւ Պուտինի սեղանին դրեց մի քանի հաստափոր թղթապանակ՝ իրենց ծրագիրը: Պուտինը ձեռքի թեթեւ հարվածով «քաջալերեց» այդ թղթապանակը՝ իբր, լավ ծրագիր է, անպայման կօգտագործենք: Դա օգնեց «աջերին» մտնել նախորդ Դուման, բայց ստրատեգիական իմաստով խաթարեց նրանց ընդդիմադիր իմիջը: Անհնար է լինել միաժամանակ նախագահի ներկայացուցիչ խոշորագույն տարածքներից մեկում, ինչպիսին Կիրիենկոն է, կամ երկրի էներգետիկ համակարգի գլխավոր պատասխանատուն, որպիսին Չուբայսն է, եւ, մյուս կողմից, հանդես գալ որպես նախագահի լիբերալ ընդդիմախոս: Ընտրողը նման երկվություն չի սիրում: Կամ, եթե դու կարծում ես, որ ռուս մարդու ականջի համար հաճելի է, երբ իր երկիրը «կայսրություն» են անվանում, անպայման չէ, որ դու այդ բառը հնչեցնես՝ այն էլ «ազատական կայսրություն» հակասական բառակապակցությամբ, ինչպես դա արեց Անատոլի Չուբայսը: Միեւնույն է՝ այդ «կայսրական» դաշտում պրն Չուբայսը որեւէ հեռանկար չուներ: «Աջերի» ընտրազանգվածը բաղկացած է մտածող մարդկանցից, որոնց ոչ մի կայսրություն էլ պետք չէ: Իսկ չմտածող մարդկանց համար Ժիրինովսկու կամ Ռոգոզինի հնչեցրած «կայսրությունը» շատ ավելի հասկանալի է եւ հոգեհարազատ: Իհարկե, մեզ՝ հայերիս համար առավել հետաքրքիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Արդյոք այն փոխվելո՞ւ է՝ Դումայի ընտրությունների արդյունքների հիման վրա: Կարծում եմ, փոխվելու է: Եվ, կարելի է ենթադրել, մեզ համար ոչ այնքան նպաստավոր ուղղությամբ: Ցանկացած կայսրական հավակնություններով երկիր կձգտի որպես դաշնակից ունենալ մի պետություն, որը հլու-հնազանդ կկատարի իր կամքը՝ այդ թվում հակադրվելով հարեւաններին: Իսկ, որ բացի Հայաստանից, Ռուսաստանն այս տարածաշրջանում դաշնակիցներ չունի, ոչ ոք, հավանաբար, չի կասկածում: Բայց կա ավելի վտանգավոր հեռանկար: Ազգայնական, կայսրական էյֆորիան Ռուսաստանում չի կարող երկար տեւել՝ նման հավակնությունների համար չկան ոչ տնտեսական, ոչ էլ աշխարհաքաղաքական հիմքեր: Եվ շատ արագ (շատ ավելի արագ, քան Խորհրդային Միության պարագայում) սկսվելու են հերթական քայքայման գործընթացները: Այդ քայքայումներից մենք շահելու ենք, թե՝ կորցնելու, դժվար է ասել: Ուստի հերթական կոլափսի պահին որքան քիչ կախվածություն ունենանք Ռուսաստանից, այնքան մեր օգուտն է: 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ Հայաստանին օգնում էր ազատ, ժողովրդավարական ելցինյան Ռուսաստանը: Ժամանակին ցարական կայսրության դավաճանության պատճառով մենք կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը: Իսկ բոլշեւիկյան կայսրությունը Ադրբեջանին կցեց Նախիջեւանն ու Ղարաբաղը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել