Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀՈՍՔԸ ՑԱՆԿԱԼԻ՞ ԷՐ

Դեկտեմբեր 09,2003 00:00

ԱՐՏԱՀՈՍՔԸ ՑԱՆԿԱԼԻ՞ ԷՐ Այս տպավորությունն էինք ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցից: Դեկտեմբերի 4-ին հրապարակված հարցազրույցում Արմեն Ռուստամյանը բացասաբար էր գնահատել այն, որ արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանում տեղի ունեցած փակ նիստի մանրամասները հայտնվեցին մամուլում. «Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում այն մարդիկ, ովքեր հաճախ շահարկում են վարվող բանակցությունների գաղտնի արդյունքները գաղտնի պահելու հանգամանքը, սակայն երբ որոշակի գաղտնազերծում է լինում, անմիջապես տհաճ իրավիճակներ են ստեղծում: Այսպիսի դրսեւորումները նաեւ մղում են խուսափել փակ լսումներից»: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաեւ ասել էր, թե պատգամավորները խախտեցին էթիկայի կանոնները. «Հավանաբար շատերը չեն գիտակցում, որ անկախ քաղաքական կողմնորոշումից՝ կա՛մ քաղաքացիական ծառայող են, կա՛մ պատգամավոր, եւ ստորագրություն են տվել իրենց հայտնի դարձած պետական գաղտնիքը չտարածելու, ուրիշին չհայտնելու մասին: Այս երեւույթը մենք որոշակի ձեւով ուսումնասիրելու ենք, փորձելու ենք մեղավորներին պարզել ու պատասխանատվության կանչել»: Այս դիրքորոշումը թերեւս տարօրինակ չէր թվա, եթե տվյալ հրապարակումից ընդամենը 3 օր առաջ՝ դեկտեմբերի 1-ին, նույն խնդրի շուրջ զրույց (դրա հրապարակումը հետաձգել էինք զուտ տեխնիկական պատճառներով) ունեցած չլինեինք պրն Ռուստամյանի հետ եւ նա բավական մեղմ ու հանդուրժողական վերաբերմունք արտահայտած չլիներ նույն երեւույթի նկատմամբ: Այսպես՝ մեր հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար այսուհետ փակ լսումներ կազմակերպելը, երբ արցախյան հիմնախնդրի շուրջ լսումների փորձն ապացույց է, որ պատգամավորները չեն պահպանում քննարկումների խորհրդապահության շուրջ պայմանավորվածությունը՝ պրն Ռուստամյանը պատասխանեց. «Չէ՛, չեմ կարծում, որ սխալ արեցինք, քանի որ փակ լսումներ կազմակերպելով կարողացանք հնարավորինս առավելագույն չափով ծանոթանալ վիճակին: Եվ այն մարդը, որն ամենաքաջատեղյակն է այդ հարցին՝ չէր կարող ավելի ընդարձակ խոսել, եթե լիներ բաց քննարկում»: Մեր հարցին, թե հաստատո՞ւմ է այն մանրամասները, որ այս քննարկման առնչությամբ հայտնվեցին մամուլում՝ ասենք, Բաքու-Ջեյհան նավթամուղի շնորհիվ Ադրբեջանի 4 միլիարդ դոլարանոց բյուջեի, այդ պատճառով արտգործնախարար Վարդան Օսկանյանի գիշերային անքնության եւ այլնի մասին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դե, ամեն մարդ իր ձեւով է կատարում ընտրությունը այնտեղ խոսված կարեւորի եւ երկրորդականի միջեւ: Կարծում եմ, որ դա հե՛չ ամենակարեւոր մասը չէր այդ լսումների»: Հետաքրքրվեցինք, թե Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելուց առավե՞լ կարեւոր բացահայտումներ են եղել եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց. «Չէ՛, հենց կարեւոր մասն այդ էր: Ավելի լավ էր դրա մասին խոսել, քան թե՝ նաեւ լիրիկական ինչպիսի զեղումներ են եղել խոսքի մեջ: Դա, կարծում եմ, այդքան կարեւոր չէր: Ես կարծում եմ, որ շատ բաներ իսկապես իմացանք: Թեեւ ասում են, թե ինչո՞ւ էին փակ լսումները, եթե ամեն ինչ գիտեինք, նոր բան չի ասվել»: Երրորդ փորձն արեցինք Արմեն Ռուստամյանից որեւէ կոշտ մեկնաբանություն ստանալու այն առնչությամբ, որ գաղտնապահությունը չի պահպանվել ու նա վերջապես ասաց. «Պետք է պահպանել այն, ինչ խոստանում ես պահպանել: Եթե դուրս են գալիս եւ դրան գումարում իրենց մեկնաբանությունները՝ կարծում եմ, աղավաղված է ներկայացվում, եւ ամբողջությամբ պատկերը նույնը չի լինում, ինչ եղել է իրական փակ նիստի ժամանակ»: Սակայն արտահոսքի առնչությամբ այդպես էլ չհնչեց դատապարտումի եւ ոչ մի խոսք: Կարելի է ենթադրել, որ հաջորդող 3 օրերի ընթացքում ինչ-որ բան էր տեղի ունեցել, Վարդան Օսկանյանից բացի՝ ավելի բարձրաստիճան մեկն էլ էր զայրացել, որ այս լսումների հետեւանքով՝ դարձյալ քննարկումների թեմա դարձավ Մեղրիի տարբերակը: Ուստի եւ Արմեն Ռուստամյանը սկսեց սպառնալ պետական գաղտնիք հրապարակելու համար պատասխանատվությամբ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել