ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ Երեկ Ֆրանկֆուրտի «Ֆեստհալլե» սրահում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ 157 երկրների հավաքականներ իմացան իրենց մրցակիցներին՝ ում հետ պետք է պայքարեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար։ Նրանց մեջ էր նաեւ Հայաստանը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի մասնակցությամբ։ Իսկ ընտրական մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցելու է ՖԻՖԱ-ի անդամ 197 երկիր (առաջնությանը մասնակցելուց հրաժարվել են Ջիբուտին, Նեպալը, Գուամը եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը)։ Ասենք, որ Հարավային Ամերիկայի համար վիճակահանություն չի անցկացվում, քանի որ այնտեղ թիմերը միմյանց հետ հանդիպում են երկշրջան սկզբունքով։ Ամենավերջում անցկացվեց եվրոպական գոտու վիճակահանությունը։ Արարողության գլխավոր գործող անձինք էին «Ֆորմուլա 1»-ի աշխարհի վեցյակի չեմպիոն Միխայիլ Շումախերը եւ իտալացի հանրահռչակ ֆուտբոլային մրցավար Պյեռլուիջի Կոլինան։ Ութ խմբերի հաղթողները եւ երկրորդ տեղեր գրաված թիմերից լավագույն երկուսն անմիջապես մտնում են եզրափակիչ, իսկ մյուս վեցը՝ միմյանց միջեւ հանդիպումներում կորոշեն երեք լավագույններին։ Եվ այսպես, եվրոպական գոտում խմբերը կազմեցին. 1-ին խումբ Չեխիա, Հոլանդիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Մակեդոնիա, Հայաստան, Անդորրա։ 2-րդ խումբ Թուրքիա, Դանիա, Հունաստան, Ուկրաինա, Վրաստան, Ալբանիա, Ղազախստան։ 3-րդ խումբ Պորտուգալիա, Ռուսաստան, Սլովակիա, Լատվիա, Էստոնիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ։ 4-րդ խումբ Ֆրանսիա, Իռլանդիա, Շվեյցարիա, Իսրայել, Կիպրոս, Ֆարրերյան կղզիներ։ 5-րդ խումբ Իտալիա, Սլովենիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Բելառուս, Մոլդովա։ 6-րդ խումբ Անգլիա, Լեհաստան, Ավստրիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա, Ադրբեջան։ 7-րդ խումբ Իսպանիա, Բելգիա, Սերբիա եւ Չեռնոգորիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Լիտվա, Սան- Մարինո։ 8-րդ խումբ Շվեդիա, Խորվաթիա, Բուլղարիա, Իսլանդիա, Հունգարիա, Մալթա։ Վիճակահանությունը բարեհա՞ճ է գտնվել մեր հավաքականի համար, կիմանանք, երբ մեր հանրապետության պատվիրակությունը կվերադառնա Ֆրանկֆուրտից։ Հիմա միայն հիշեցնենք, որ Հոլանդիան ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում 6-րդն է, Չեխիան՝ 10-րդը, Ռումինիան՝ 24-րդը, Ֆինլանդիան՝ 42-րդը, Մակեդոնիան՝ 96-րդը եւ միայն Անդորրան է զիջում՝ 144-րդ տեղ։ Այսուհանդերձ, կարծում ենք, որ անկախ այս վիճակագրությունից, Հայաստանի ազգային հավաքականը կարող է եւ պետք է պայքարի խմբում բարձր տեղ գրավելու համար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ