Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ինձ հայ զգալ»

Դեկտեմբեր 06,2003 00:00

«Ուզում եմ ինձ հայ զգալ» Ասում է մրցույթում հաղթած ամերիկահայ դաշնակահարուհի Տանյա Գաբրիելյանը Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է ամերիկահայ դաշնակահարուհի Տանյա Գաբրիելյանին։ Նա սիրով փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»։ – Ձեր հայրը հայ է, մայրը՝ կորեացի։ Ո՞ր ազգի ներկայացուցիչն եք դուք։ – Չգիտեմ,- կատակով պատասխանեց Տանյան։- Անկեղծ ասած, ուզում եմ ինձ հայ զգալ եւ աշխատում եմ այդ ուղղությամբ։ – Սպասո՞ւմ էիք, որ կշահեք առաջին մրցանակը։ – Հավատացնում եմ ձեզ՝ ես չէի եկել մրցելու։ Ուզում էի հորս նախնիների հայրենիքը տեսնել ու շփվել հայ ունկնդրի հետ։ – Ի՞նչ եք անելու շահած 15000 ԱՄՆ դոլարը։ – Կվճարեմ ուսմանս վարձը։ Սովորում եմ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում։ – Բացի Արամ Խաչատրյանից, հայ ո՞ր կոմպոզիտորների երկերն եք կատարել կամ ճանաչո՞ւմ եք արդյոք մյուսներին։ – Խաչատրյան երեւույթը բացեց լայն մայրուղի, որով հետագայում անցան Բաբաջանյանը, Հարությունյանը, Միրզոյանը, Սարյանը եւ այսօրվա հայ ստեղծագործողները նույնպես։ – Ի վերջո, եկել էիք մրցույթի, ինչպե՞ս եք գնահատում ժյուրիի վերաբերմունքը ձեր՝ կատարողներիդ հանդեպ։ – Կրկնում եմ, չէի եկել մրցելու։ Ես ուղղակի «աշխատում» էի հայ ունկնդրի համար։ Եթե ինձ հաջողվեց բավարարել նրան, ուրեմն կարող եմ ինձ երջանիկ համարել։ Իսկ հայաստանցիները իսկապես սքանչելի են։ Հարմար առիթի դեպքում դարձյալ կգամ, այս անգամ՝ մենահամերգով։ Զրույցը՝ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել