Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարների մեծ մասը պահեստային է

Դեկտեմբեր 06,2003 00:00

Նախարարների մեծ մասը պահեստային է Հավանաբար, պահեստում էլ կմնան Դատելով մեր նախարարների պատասխաններից, որոնք «Առավոտին» փոխանցել են այդ նախարարների մամուլի քարտուղարները, «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը լավ չի պատկերացնում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը։ Հիշեցնենք, որ Ռ. Թորոսյանը հայտարարել էր, թե բանակում չծառայած կառավարության տասը տղամարդ անդամները, գլխավորությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի պահանջներով իրավունք չունեին նշանակվելու պետական պաշտոններում։ «Դասալիք» պաշտոնյաների՝ Ռուբեն Թորոսյանի կազմած ցուցակում կար նաեւ Դավիթ Հարությունյանը։ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանն այսպես արձագանքեց. «Ինչ վերաբերում է 1950թ. օգոստոսի 17-ին ծնված եւ Երեւանում բնակվող պարոն Թորոսյանին, որը, որքան ինձ հայտնի է, այսօր հանդիսանում է ԳԽ պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության նախագահը եւ միաժամանակ Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն կուսակցության նախագահը, իսկ բացի այդ, «Բազմակարծության կենտրոն» եւ «Մարդու իրավունքներ-96» ՀԿ-ի նախագահ, ապա ցանկալի է, որ նա այսուհետեւ դրսեւորեր ոչ միայն հասարակական ակտիվություն, այլեւ լիներ ճշգրիտ։ Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի զինապարտության հարցին, նշեմ, որ դեռեւս 1981-ին նա՝ օրենքով սահմանված կարգով, անցել է զինծառայություն, տվել է զինվորական երդում եւ նրան շնորհվել է սպայի կոչում։ Առայսօր Դ. Հարությունյանը պահեստազորի սպա է»։ ՀՀ էներգետիկայի եւ սոցապ նախարարություններից ստացված պարզաբանումների համաձայն, թե էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ թե սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, խորհրդային տարիներին բուհում սովորելու ժամանակ ռազմական ամբիոն են անցել։ Էներգետիկայի նախարարն այժմ պահեստի կապիտան է, Ա. Վարդանյանը՝ պահեստի սպա։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում էլ համոզված էին, որ Ռ. Թորոսյանի կողմից վկայակոչած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը նախարար Վարդան Խաչատրյանի վրա չի տարածվում, քանի որ նա պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելիս ռազմական ամբիոն է անցել, ինչը խորհրդային տարիներին հավասարազոր էր բանակում ծառայելուն։ Լրատվության ծառայության պատասխանատուի հավաստմամբ, պրն Խաչատրյանը 2002-ին ստացել է պահեստային հերթական զինվորական՝ գնդապետի կոչում։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւս պոլիտեխնիկական ինստիտուտն է ավարտել, սակայն, դատելով կառավարության՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետի՝ Մ. Հարությունյանի խոսքերից, պարոն Մարգարյանը, ինչպես նաեւ նրա բոլոր կուրսեցիները, բուհում ռազմական ամբիոն չի անցել, պետությունն ինքն է որոշել բանակ տանել-չտանելու հարցը։ Իրենց նախարարին դասալիք պաշտոնյա չհամարեցին նաեւ քաղաքաշինության նախարարությունում։ Նախարարի օգնական Սերժ Հարությունյանի մեկնաբանմամբ, եթե «Ռ. Թորոսյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը լավ ուսումնասիրած լիներ, այդպիսի անհեթեթ հայտարարություն չէր անի»։ Ինչ վերաբերում է Ռ. Թորոսյանի կողմից հրապարակած ցանկում հայտնված արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, ապա վերջինիս մամլո քարտուղարի խոսքերով՝ պրն Օսկանյանը 1998-ին է Հայաստանի քաղաքացի դարձել եւ այդ ժամանակ զորակոչային տարիքից դուրս է եղել։ Նախարարների տասնյակում տեղ գտած կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի ծառայել-չծառայելու մասին պարզաբանումներ չստացանք, վերջիններիս՝ հանրապետությունից բացակայելու պատճառով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել