Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԳԵԼԵՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Դեկտեմբեր 06,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԳԵԼԵՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հրամանին «ԱրմենՏելն» առայժմ չի արձագանքել Ինչպեսեւ ակնկալվում էր, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հեռահաղորդակցության նոր եւ ավելի բարձր սակագների կիրառումն արգելող հրաման արձակեց: Հրամանը ստորագրվել եւ «ԱրմենՏելին» է ուղարկվել դեկտեմբերի 3-ին: Մինչ այդ, Անդրանիկ Մանուկյանը նոր սակագների անթույլատրելիության մասին «ԱրմենՏելին» հայտնել էր նամակների միջոցով, այդպիսով փորձելով ընկերությանը ետ պահել անօրինական քայլերից: «Առավոտին» իր աղբյուրների միջոցով հաջողվել է ձեռք բերել այդ նամակներն ու դեկտեմբերի 3-ի հրամանը, որոնց ուշագրավ հանգամանքները ներկայացնում ենք: Այսպիսով, եթե նամակներում լիազոր մարմնի ղեկավարն ընկերությանը պարզաբանում է նոր սակագների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ իր դիրքորոշումը, հրամանում դա հիմնավորում է նաեւ լիցենզիայի դրույթներով, ՀՀ կառավարության եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրով եւ իրավական փաստաթղթերով: Մինչ այդ նամակագրության ընթացքում ընկերությունը նշում է, որ կառավարության մեղավորությամբ ժամանակին «ԱրմենՏելը» չկիրառեց նախնական սակագները (որոնք «ԱրմենՏելի» պատկերացմամբ 8 դրամ րոպեավճարն ու մնացած բարձր սակագներն են), որոնք էլ պատրաստվում է կիրառել 2004-ի հունվարից: Անդրանիկ Մանուկյանը նամակներում շեշտում է լիցենզիայի՝ վաղուց ի վեր վերախմբագրված լինելու հանգամանքը, ինչի պայմաններում նախնական սակագների կիրառման ժամկետը ընկերությունը սպառել է վաղուց (սրա մանրամասներին «Առավոտն» արդեն անդրադարձել է): Չնայած դրան «ԱրմենՏելը» շարունակում է իր պնդումները: Ավելին, երեկվա դրությամբ ընկերությունն անգամ կողմնորոշված չէր իր անելիքների վերաբերյալ, չնայած ստացել է նախարարի հրամանը: «Առավոտի» հարցին ի պատասխան նշեցին, որ հրամանն ստացել են եւ տնօրենը երբ կունենա մեկնաբանություն, այն ժամանակ էլ հրամանի եւ իրենց պատասխան քայլերի վերաբերյալ մեկնաբանություններ կտա: Իսկ մեր աղբյուրները հայտնեցին, որ ընկերությունը դանդաղում է, որովհետեւ իրենց գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գ. Վասիլակիսը Հայաստանից բացակայում է: Սակայն այս պահի դրությամբ «ԱրմենՏելին» չկողմնորոշված մնալու համար քիչ ժամանակ է մնացել, քանի որ, ինչպես գրված է նախարարի հրամանում, «սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարել 1999թ. մարտի 3-ից ուժը կորցրած ճանաչել սակագների կիրառման մասին հայտարարությունը անվավեր ճանաչելու մասին»: Հիշեցնենք, հրամանն ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, հետեւաբար, եռօրյա ժամկետն ավարտվելու է դեկտեմբերի 6-ին: Հրամանի մյուս կետով Անդրանիկ Մանուկյանը «ԱրմենՏելին» նախազգուշացնում է, որ «չհաստատված սակագները կիրառության մեջ դնելու մասին հայտարարություն անելը հանդիսանում է թիվ 60 լիցենզիայի դիտավորյալ խախտում»: Ուստիեւ հակառակ դեպքում, ՀՀ կառավարությունը «ԱրմենՏելին» լիցենզիայի կանխամտածված, պարբերական եւ արդեն նաեւ չարամիտ խախտման մեջ մեղադրելու եւս մի փաստ է ձեռք բերում: Ընդհանրապես, դատելով խախտած իրավական ակտերի քանակից, տպավորություն է ստեղծվում, թե «ԱրմենՏելն» իսկապես մտածված է խախտում թիվ 60 լիցենզիայի պայմանները, ինչը կարող է դատական հետեւանքներ ունենալ: Իսկ հաշվենք, թե «ԱրմենՏելն» ինչ է «շահում» այդ ամենի արդյունքում. ա) Լիցենզիայի վերանայում, որով կառավարությունը նրան զրկում է որոշ ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքներից, բ) Հեռահաղորդակցության մասին նոր օրենքի փոփոխություն, որով ստեղծվում է սակագները առավել խստորեն վերահսկող կարգավորող մարմին, գ) խախտում է գործող սակագների մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ դեռեւս 2002թ. հունվարին արդարադատության նախարարի եւ «ԱրմենՏելի» այն ժամանակվա գլխավոր գործադիր տնօրեն Ն. Յորղուլասի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն չկիրառվեցին «ԱրմենՏելի» կողմից սահմանված եւ այժմ նախատեսվող բարձր սակագները, որի արդյունքում, անկախ փորձագետների հաշվարկներով, այս ընթացքում յուրաքանչյուր ընտանիք խնայեց 5-15 հազար դրամ: Այդ պայմանագիրը պետք է գործի առնվազն մինչեւ 2004թ. դեկտեմբերի 31-ը: Պայմանագիրը խախտելու պարագայում քաղաքացիները հիմքեր ունեն եւ շատերն ամենայն հավանականությամբ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հայցերով կդիմեն դատարան: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել