Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դեկտեմբեր 06,2003 00:00

ՀԱՂԹԵՑ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ Դեկտեմբերի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության նոր ընտրված նախագահ Արմեն Դարբինյանի հայցն ընդդեմ հին ընտրված նախագահ Լյուդմիլա Հարությունյանի։ Ա. Դարբինյանը Լ. Հարությունյանից դատարանի միջոցով պահանջել է կուսակցության գույքը, փաստաթղթերը, դրոշմակնիքը եւ կնիքը։ Հայցը բավարարվել է եւ, փաստորեն, սրանով նաեւ դատական առաջին ատյանը ընդունել է Արմեն Դարբինյանի՝ կուսակցության նախագահ լինելու փաստը։ Ցավոք, հակամարտող առաջին դեմքերը Հայաստանից բացակայում են, ուստիեւ հնարավոր չեղավ նրանց դիրքորոշումները սույն խնդրի վերաբերյալ ճշտել։ Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ էր Լ. Հարությունյանի դեմ նման դավադրություն հյուսվել, «Արժանապատիվ ապագայի» միացյալ խորհրդի անդամ Ռոբերտ Ասատրյանը հակադարձեց. «Լ. Հարությունյանը տեղյակ էր, ոչինչ նրա թիկունքում չի եղել։ Մենք իրենց տեղյակ ենք պահել, հրավիրել ենք կոնֆերանսին՝ միտումնավոր չեկան»։ Ռ. Ասատրյանը «միտումնավորությունը» բացատրեց ամբիցիաներով՝ «Կամ ե՛ս, կամ Արմենը»,- այսպիսի վերջնագիր է իբր ներկայացրել Լ. Հարությունյանը։ Բացի այդ, մեր զրուցակիցը համոզված է, որ «Լ. Հարությունյանն ամեն ինչ արեց, որ կուսակցությունը չգրանցեն»։ Դա դրսեւորվել է փաստաթղթերի՝ «կիսատ-պռատ, չստորագրված», ներկայացմամբ։ Ըստ նրա, տիկին Լյուդմիլան անգամ չի ցանկացել ընդհանրապես վերագրանցման փաստաթղթեր ներկայացնել՝ «մենք ութ հոգով նամակ գրեցինք եւ տեղեկացրինք, որ ամեն միջոցի կդիմենք։ Վախեցան՝ խառնվեցին»,- ասաց Ռ. Ասատրյանը։ Իսկ կուսակցության չգրանցման հետ կապված խնդիրը լուծելու համար, Ա. Դարբինյանի թեւը դիմել է դատարան։ «Եթե դատը չշահենք՝ նոր կուսակցություն կհիմնադրենք»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել