ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎՐԱՍՏԱՆ՝ ԱՄՆ-Ի ՇՆՈՐՀԻՎ «Մենք պատրաստ ենք Վրաստանին օգնել պահպանելու իր տարածքային ամբողջականությունը»,- այդ մասին երեկ հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը՝ Վրաստանի նոր իշխանությունների հետ ունեցած հանդիպումից հետո: «Վրաստանը մնում է մեր լավ բարեկամը, եւ մենք պատրաստ ենք նրան օգնել ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է նախարարը: Անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը, Դ.Ռամսֆելդը շեշտել է, որ «Թբիլիսին ընտրություն է կատարել հօգուտ ալյանսի եւ դա ճիշտ ընտրություն է», եւ եթե՝ երկրում զարգանա տնտեսությունը, ռազմական բարեփոխումներ կատարվեն, անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, Վրաստանն է՛լ ավելի կմոտենա Եվրատլանտյան այդ կառույցին: Ինչ վերաբերում է Վրաստանում ռուսական ռազմաբազաներին, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարը չի զլացել եւս մեկ անգամ ընդգծել՝ «Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Վրաստանից՝ կատարելով Ստամբուլում ստանձնած իր պարտավորությունները»: Վրացական կողմից ամերիկյան պաշտոնատարի հետ հանդիպումներին մասնակցել են Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն, պետնախարար Զուրաբ Ժվանիան եւ նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլին: