Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ

Դեկտեմբեր 06,2003 00:00

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից խնդրեցինք պարզաբանումներ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագծի եւ «Քրեական օրենսգրքի» վիճահարույց դրույթների առնչությամբ: Արդարադատության նախարարին, որ «27»-ի գործով տուժող է, խնդրեցինք մեկնաբանել այն հարցը, որի առնչությամբ տրամագծորեն հակադիր կարծիքներ են արտահայտում իրավաբանները: Կտարածվե՞ր Հունանյանի հանցախմբի վրա առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ ազատազրկումը, եթե դատավոր Սամվել Ուզունյանը դատավճիռն ընթերցեր «Քրեական օրենսգրքի» համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո: Թե՞ այնուամենայնիվ չէր տարածվի, քանի որ սա պատիժը խստացնող դրույթ է, որը չունի հետադարձ ուժ: «Ինձ համար շատ դժվար է այդ հարցին պատասխանելը,- ասաց Դավիթ Հարությունյանն ու այսպես պատճառաբանեց:- Կան երկու տարբեր տեսություններ, եւ երկուսն էլ գործում են: Երկու դեպքում էլ փաստարկներ կան, թե ինչու կտարածվեր կամ չէր տարածվի: Այդ հարցը գնահատողը դատարանն է, քանի որ նա է այս պարագայում մեկնաբանելու օրենքը»: Սակայն գնահատողն այն դատավո՞րն է լինելու, որ ցմահ ազատազրկման դատապարտեց ահաբեկիչներին, թե՞ այն դատավորը, որին տարիներ անց կարող են դիմել Հունանյանն ու իր հանցակիցները՝ խնդրելով ազատ արձակել իրենց. «Դարձյալ երկու մեկնաբանություն կա այդ առնչությամբ,- պատասխանեց արդարադատության նախարարը:- Կարող է մեկնաբանվել, որ այս դատավորին էր վերաբերում, կարող է նաեւ՝ մյուսին: Առանձնահատկությունն այն է, թե արդյոք պատժի տա՞րր է պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքից զրկելը, թե՞ դա զուտ դատավարական գործընթաց է»։ Խորհրդարանը միահամուռ տապալեց Արդարադատության նախարարության եւ Ազգային Անվտանգության ծառայության մշակած օրենքի նախագիծը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»՝ մտահոգիչ եւ վտանգավոր համարելով դրա մի շարք դրույթներ: Դավիթ Հարությունյանն այսպես գնահատեց կատարվածը. «Չեմ կիսում պատգամավորների մտահոգությունը: Ինձ համար անհասկանալի էր այս տապալումը, քանի որ տվյալ օրինագիծն իրականում սահման դնող էր, այլ ոչ թե՝ սահման վերացնող: Համարում եմ, որ որոշ շտկումներ կարելի էր մտցնել նաեւ 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակը սահմանել էինք՝ ապացույցների ձեռքբերումն ապահովելը։ Ապացույցների, որոնք օրինական են եւ կարող են օգտագործվել դատարանում: Իսկ այն մտահոգությունները, որ հայտնում էին պատգամավորները՝ կապված են հնարավոր չարաշահումների հետ: Սակայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքից ելնելով չէ, որ կարող են իրականացվել այդ չարաշահումները: Կարծում եմ՝ oրինագծի տապալումով պատգամավորները չլուծեցին որեւէ հարց»։ Եթե ընդդիմադիրների համար մտահոգիչ էին օրենքի հակասահմանադրական հոդվածները՝ պատգամավորների մի ստվար զանգվածի, որոնց թվում շատ էին գործարարները՝ առավել վտանգավոր թվացին այն դրույթները, որոնցով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն է տրվում նաեւ հարկային եւ մաքսային մարմիններին: Նրանք վստահ էին, որ այս լիազորությունը կօգտագործվի ընդդեմ գործարարների: Նախարարի հետ զրույցից պարզեցինք, թե այս հարցում փոփոխություն չի լինի նաեւ այնժամ, երբ օրինագիծը կլրամշակվի եւ նորից կներկայացվի ԱԺ-ին. «Այդ մարմիններն այսօր էլ ունեն օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներ: Օրինագծում շատ հստակ սահմանվել է, թե ինչ կարգի միջոցառումներ դրանք կարող են իրականացնել, իսկ ինչ կարգի՝ ոչ: Օրինակ՝ իրավունք չունեն իրականացնել հեռախոսային լսումներ: Իսկ երբ օրենք չկա՝ այդ հարցերը մնում են չկարգավորված»: Համաձա՞յն չէ պատգամավորների այն նկատառումներին, թե այժմ կատարվող ապօրինություններն օրինականացվում են այս նախագծով. «Բացարձակապես ո՛չ: Օրինագծի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել միայն խիստ սահմանափակ դեպքերում: Մասնավորապես՝ գաղտնալսումներ կարող են իրականացվել, եթե խոսքն այնպիսի հանցագործության կանխման կամ բացահայտման մասին է, որը նախատեսում է ազատազրկում 5 տարի եւ ավելի ժամկետով: Ըստ օրենքի նախագծի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն կարող իրականացվել ուղղակի պարզ դեպքում: Կարո՞ղ է լինել չարաշահում: Կարո՛ղ է, սակայն անկախ նրանից, թե ինչ ձեւակերպումներ կլինեն օրենքում»: Փորձեցինք նաեւ պարզել՝ մտադի՞ր են օրենքից հանել հակասահմանադրական դրույթները՝ բնակարանի ներքին դիտումը կամ կապի միջոցներից տվյալների դուրս բերումն՝ առանց դատարանի որոշման իրականացնելու վերաբերյալ. «Սահմանադրությանը հակասելու հարցը վիճելի է։ Ինչ վերաբերում է այդ դրույթները հանելուն, ապա չեմ կարծում, թե ամբողջությամբ կհանենք,- ասաց պրն Հարությունյանը:- Բայց չեմ բացառում, որ դրանց առնչությամբ լինի միջանկյալ որոշում»: Հիմնավորելու համար այդ դրույթների անհրաժեշտությունը՝ նախարարը բերեց հետեւյալ օրինակը. «Պատկերացրեք՝ անձ է առեւանգված եւ զանգ է սպասվում առեւանգողներից: Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար այսoր պարտավոր ես թույլտվություն ստանալ դատավորից, այլապես իրավունք չես ունենա ձայնագրել հեռախոսազանգը եւ դատարանում այն օգտագործել իբրեւ ապացույց: Կարծում եմ, որ նման իրավիճակների համար պետք է լուծումներ նախատեսվեն oրենքով: Հատկապես՝ եթե առեւանգվածի բարեկամները համաձայնություն են տալիս, որ այդ ամենը ձայնագրվի եւ հաճախ հենց իրենք են լինում նախաձեռնողը: Իսկ մերժելով օրենքի այդ դրույթը՝ փաստորեն փակվում է ճանապարհը՝ կանխելու ծրագրվող, կատարվող հանցագործությունը կամ բացահայտելու այն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ՝ մեր հարցին՝ «Վրաստանի արդարադատության նախկին նախարարն այժմ նախագահի ամենահավանական թեկնածուն է: Իսկ Դուք չունե՞ք նման հավակնություններ»՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ: Այդպիսի՛ հավակնություններ չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել