Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ ՀԱՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Դեկտեմբեր 05,2003 00:00

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ ՀԱՎԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ Վերջին 2-3 տարիներին Լոռու մարզում անընդմեջ եւ շատ բուռն տնտեսական աճ է արձանագրվում։ Եվ սա այն դեպքում, երբ մարզկենտրոն Վանաձորի «ծանր հրետանին»՝ քիմիական համալիրը չի աշխատում, Ճշգրիտ հաստոցների գործարանն անցյալ տարի լուծարվեց, իսկ եղած ձեռնարկություններն էլ աշխատում են անկայուն։ Վերջերս պաշտոնական աղբյուրները խոստովանել են, որ այս տարվա 9 ամսվա կտրվածքով թեթեւ արդյունաբերության ոլորտում 85% անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, քանի որ այդ ոլորտի ձեռնարկությունները տարեսկզբի 4 ամսում չեն աշխատել։ Եվ, այդուհանդերձ, նույն աղբյուրները պնդում են, որ մարզի արդյունաբերության ոլորտում 122,9% տնտեսական աճ կա՝ մետալուրգիայի, մեքենաշինության, պոլիմերսոսինձի հաշվին։ Հատկանշական է, որ սննդարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք ամենից կայուն աշխատողներն են (կաթի վերամշակման, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքների, հացաթխման), ընդամենը 1% աճ են ապահովել։ Եզրակացություն. որքան անկայուն է ձեռնարկությունների աշխատանքը, այնքան առավել հավանական է տնտեսական աճի գրանցումը, իսկ կայուն հաճախականությամբ աշխատող ձեռնարկությունների դեպքում տնտեսական աճը առավել փոքր է։ Ի դեպ, կաթվածահար վիճակում գտնվող ծանր արդյունաբերության «հոգսը» Լոռու մարզում այսուհետեւ կկրեն նաեւ փետրավորները։ Պաշտոնական աղբյուրների պնդմամբ, Ստեփանավանի թռչնաբուծական ֆաբրիկայի հավերը պատրաստակամություն են հայտնել դեկտեմբեր ամսից օրական 50 հազար հավկիթ արտադրել, ինչն ամենեւին համահունչ չէ գործարարների այն արդարացմանը, թե «հիմա ձմեռ է, հավերը ձու չեն ածում, դրա համար էլ հավկիթների գները բարձր են»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել