ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ընդամենը 35 եվրո Այսօր Ֆրանկֆուրտում կայանալու է ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը, որտեղ որոշվելու են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները։ Իսկ մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Գերմանիայում աշխարհի առաջնության կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են, թե առաջնության խաղերի ամենաէժան տոմսի գինը լինելու է 35 եվրո։ Այդպես նրանք որոշել են, որպեսզի ստեղծեն, այսպես կոչված, մատչելի տոմսերի համակարգ, որին ՖԻՖԱ-ն համաձայնել է։ Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնությունում՝ Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում, ամենաէժան տոմսը 51 եվրո էր։ 2006-ին եզրափակիչի, որ կայանալու է Բեռլինում, տոմսերի գինը կտատանվի 120-ից 600 եվրոյի սահմաններում։ Աբրամովիչը կրկին առաջինն է Բրիտանիայի «4-4-2» հանդեսը հրապարակել է անգլիական ֆուտբոլում 100 ամենահարուստների ցուցակը։ Այստեղ էլ առաջինը «Չելսիի» տեր Ռոման Աբրամովիչն է, որի կարողությունը գնահատվում է 5 միլիարդ 500 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նա գերազանցում է Ջո Լյուիսին, որին պատկանում է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Շոտլանդիայի «Ռեյնջերսի» բաժնետոմսերի մեծ մասը։ Այս ցուցակում միակ մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդից» Ալեքս Ֆերդյուսոնն է։ Հետաքրքիր է, որ հարուստների հարյուրյակի մեջ նշված է 9 ֆուտբոլիստի անուն՝ Դեվիդ Բեքհեմ (60 միլիոն), Ռոյ Քին, Ռիո Ֆերդինանդ, Ռայան Գիգոլ, Ալան Շիբեր, Մայքլ Օուեն եւ Ռոբի Ֆաուլլեր։ Բեքհեմը շրջանցեց Շումախերին Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միխայիլ Շումախերի ինքնակենսագրական գիրքը ներկայումս զիջում է Դեւիդ Բեքհեմի հրապարակածին։ Հարկ է նշել, որ այս երկու աստղերի գրական ստեղծագործությունները, որ գրել են նրանց խոսնակները, մտնում են Մեծ Բրիտանիայում առավել պահանջարկ ունեցող մարզական գրքերի հնգյակի մեջ։ Սակայն մառախլապատ Ալբիոնի բնակիչներն ավելի հաճույքով են գնում ֆուտբոլիստի «Մայ Սայդը», քան Շումախերի «Դրայվին Ֆորսը»։ Մադրիդի «Ռեալի» աստղի գիրքը տպագրվելուց հետո արդեն գնել է 350 հազար մարդ, մինչդեռ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոնի ինքնակենսագրությունը կարդալու ցանկություն է հայտնել առայժմ 18 հազար 653 ընթերցող։ ԱՊՀ գավաթը չե՞ն կարեւորում Ռուսաստանի այս տարվա լավագույն ակումբը՝ ԲԿՄԱ-ն չի կարեւորում ֆուտբոլի ԱՊՀ երկրների չեմպիոնների խաղարկությունը, որը կայանալու է հունիսի 17-ից 25-ը Մոսկվայում եւ որին մասնակցելու է նաեւ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»։ «Սպորտ Էքսպրեսը» տեղեկացնում է, որ բանակայինների ղեկավարությունը մտադիր է հանդես գալ 1984- 1986 թվականներին ծնված ֆուտբոլիստների կազմով։ Նույն կերպ անցած տարի վարվել էր նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», որի հիմնական կազմը պատրաստվում էր Չեմպիոնների լիգայի խաղերին։ Ք. Հ.