Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է «պլան դնել» պետական կոլեկտիվների վրա

Դեկտեմբեր 05,2003 00:00

Պետք է «պլան դնել» պետական կոլեկտիվների վրա Առաջարկում է կոմպոզիտոր Ստեփան Սուքիասյանը Կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Սուքիասյանը երեկ իր նկատառումներն արտահայտեց Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության՝ օրերս անցկացրած 3-րդ միջազգային փառատոնի մասին։ Պարոն Սուքիասյանի խոսքերով, «88-ից հետո դա իր ծավալով ամենամեծ ու ընդգրկուն փառատոնն էր՝ մասնակից կոմպոզիտորների ու երաժիշտ-կատարողների առումով»։ Փաստը Ստ. Սուքիասյանը բացատրում է երաժշտական հասարակության մեծ հետաքրքրությամբ՝ հայկական ազգային երաժշտական պրոֆեսիոնալ դպրոցի ձեռքբերումներով։ Ասվածի ապացույցը 15 համերգների լեփ-լեցուն դահլիճներն էին։ Սակայն պրոֆեսորը ցավով փաստեց, որ պետական միջոցներով գոյատեւող ոչ մի կոլեկտիվ, բացի «Կոմիտաս» քառյակից, չի մասնակցել այդ համերգներին, «կարծես պետական կոլեկտիվների համար գոյություն չունի հայկական երաժշտություն»։ «Չէ՞ որ այդ կոլեկտիվները ստեղծված են՝ առաջին հերթին հայ կոմպոզիտորների երկերը պրոպագանդելու համար, եթե ոչ՝ ապա նրանց գործունեությունն ինքնանպատակ է»,- գտնում է կոմպոզիտորը։ Ինչպես հայտնի է, գտնվել են հայ դասական արվեստը հովանավորող կազմակերպություններ, որոնց բարեգործության շնորհիվ հնչեցին ժամանակակից հայ կոմպոզիտորների երկերը։ Սակայն բացի ստեղծագործական լիցք ստանալուց, կոմպոզիտորները ոչինչ չունեցան։ Արձագանքելով մեր այդ դիտարկմանը, Ստ. Սուքիասյանը պատասխանեց. «Չէին էլ կարող ունենալ»։ Նա նշեց, որ Հայաստանում վաղուց չկա այն կառույցը, գերատեսչությունը, որին անհրաժեշտ են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, մինչդեռ ժամանակին մշակույթի նախարարությունը գնում էր դրանք։ «Այս իմաստով աշխարհում շահագրգիռ կազմակերպություններ են հրատարակիչները, ասոցիացիաները կամ կոլեկտիվները, որոնք գնում են կոմպոզիտորի գործը՝ հրատարակելու կամ կատարելու նպատակով»,- նկատեց պրն Սուքիասյանը։ Պրոֆեսորը կրկին պնդեց, որ եթե մշակույթի նախարարությունը աշխատավարձ է տալիս այս կամ այն կոլեկտիվին, անվճար տրամադրում տարածքներ, գոնե իր տվածի սահմաններում պետք է պահանջի, որ պետպատվերը հայկական երաժշտության պրոպագանդման հարցում կայանա։ «Ե՞րբ են հնչել Ալեքսանդր Աճեմյանի 7 սիմֆոնիաներից գոնե մեկը կամ Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ երկերը։ Այս ֆոնի վրա ավելորդ եմ համարում այսօր խոսել նաեւ հայ կոմպոզիտորների բալետների ու օպերաների բեմադրման մասին»,- նշեց կոմպոզիտորը։ Նրա կարծիքով, վերոնշյալ խնդիրը հրատապ է եւ պետք է պատկան մարմինների լուրջ եւ հետեւողական ուշադրությանն արժանանա։ Ավելին, ըստ Ստ. Սուքիասյանի, կառավարությունը կամ նրա համապատասխան օղակը պետք է, ինչպես խորհրդային տարիներին, հաստատի յուրաքանչյուր պետական կոլեկտիվի համերգաշրջանի ծրագիրն ու պարտադրի, որ նրանց ամեն համերգում գոնե մեկ հայ կոմպոզիտորի երկ հնչի։ Չենթարկվելու դեպքում էլ՝ պատժի կոլեկտիվի ղեկավարին։ «Եթե նման ոճով չաշխատեն, ապա հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը կդադարի իր նպատակին ծառայել»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել