Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐ Ա, ՄԱՆԴՐԻՑ ԳԼՈՐՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 05,2003 00:00

ՔԱՐ Ա, ՄԱՆԴՐԻՑ ԳԼՈՐՈՒՄ ԵՆ Այս պատմությունը նոր չի հնարվել. արքաները երբ ցանկանում էին իրենց իշխանությունը բացարձակ դարձնել՝ խնջույքի էին հրավիրում ազդեցիկ իշխաններին ու՝ գինու հետ թույն էին մատուցում: Որովհետեւ նրանք ազդեցիկ էին՝ էլիտա: Եվ էլիտան որոշում էր նույնիսկ արքայի իշխանության սահմանները: Ավելին՝ շքախումբն էր արքա ստեղծում: Էլիտան՝ վերնախավը, ազնվականությունը, արիստոկրատիան, սերուցքը, ընտրանին, որ մեր ժամանակներում չգիտես ինչու սահմանվում է միայն իբրեւ մտավորականություն, որ մի կողմից անհասկանալի է, մյուս կողմից՝ դիպուկ, որովհետեւ մեր ժամանակներում (հազվադեպ բացառություններով) էլիտան իսկապես վերածվել է -«ությունի»՝ չունենալով սեփական դեմք ու նկարագիր եւ այդ -«ություն»-ից առաջ ցանկացած գոյականի գոյություն հանդուրժելու հարմարվողականությամբ: Գիրք կարդալը պարտադիր պայման է՝ գաղափար, լուծում, որոշում եւ ընդհանրապես ցանկացած միտք ծնվելու համար, որովհետեւ գրքերի մեջ ապրում են բոլոր հարցերի պատասխանները՝ կարդալ կարողացողի համար: Մինչդեռ մենք գիրք չենք կարդում. ամենաշատ կարդացվող գիրքը մինչեւ վերջերս հեռախոսագիրքն էր, հիմա դարձել է սոտովիի հիշողությունը: Իրենց չկարդալով, իրենց բթությամբ ու տգիտության պարտադրումով, իրենց կարողությամբ ու նմանությամբ էլ արժեքներ ու սանդղակներ են հաստատում ու ըստ դրանց՝ գրքերն այլեւս ոչ մեկին պետք չեն: Ոչ գիրքը, ոչ միտքը, ոչ գաղափարը: Ու ստացվում է, որ ամեն ինչն էլ ավելորդ է: Հենց այդ պատճառով այսօր գիրք չի գնվում, գիրք չի թարգմանվում՝ գիրք չի գրվում։ Նույն պատճառով հայերենը բացարձակ ավելորդություն է դարձել՝ ժամանակակից հաղորդակցության համար Էլլոչկա Լյուդոեդկայի նման բավարար են մի քանի հնչյունակապակցություններ միայն՝ խո-խո-ի մի քանի հնչերանգներ՝ բլոկբաստերատիպ, թրիլլերատիպ, չիպատիպ, կինոնկարներ չկան, գրքեր չկան։ Մի ժամանակ ասել եմ ու կրկնում եմ՝ ճիշտը հայկական դպրոցները ամբողջովին փակելն է (օպտիմալացումը կիսատ-պռատ քայլ է)՝ ազգի համախմբման համար հիանալի խթան է ու նպատակ, գաղափար ու սկզբունք, ամեն ինչ։ Քաղաքական էլիտա չի ձեւավորվում ու չի կարող ձեւավորվել: Ի՞նչ էլիտա, եթե, ավաղ, Հրանտն ու Վազգենը չկան, Վանոն ու Լեւոնն էլ ասպարեզը «համբակներին են թողել»… Էլիտան, ի վերջո, չափանիշի, արժեքի, սկզբունքի շուրջ է ստեղծվում, ծայրահեղ դեպքում այդ ամենն իր մեջ կրող անհատի, իսկ մեզնում ու՞ր են այդպիսիք: Ու հենց արժեքների ապրիորի ու վիրտուալ լինելն է թույլ տալիս, որ մի խորհրդարանում միաժամանակ երկու ազգընտիր հանգիստ ու անվրդով նստած՝ լուրջ դեմքերով ազգափրկիչ հարցեր են քննարկում։ Լրիվ լուրջ: Համոզված, որ իրենց գործն են անում: Հանուն ժողովրդի, որ ազգը փրկեն: Ամոթ չի: Մեղք չենք: Տեղն է իրենց: Տեղն է մեզ: Այսինքն՝ ամեն ինչ ճիշտ է դասավորվել՝ նրանց մինիմում-մաքսիմում ծրագրի, ամբիցիաների, երազանք-չերազանքների պատալոկը պատգամավորությունն էր, մինչդեռ հիմա էլ թողնես՝ կասեն, որ իրենք են ազգընտիր նախագահը։ Ու ազգընտիր-ազգընտիր՝ ենթարկվում են չազգընտիրին: Հենց դրա համար էլիտա չի ձեւավորվում. ուղղակի ոմանք էլիտա կոչվածում իրենց տեղերը առնում են: Նրանք, ովքեր կարող են վճարել: Ովքեր չեն կարող վճարել, դառնում են ձեւական ընդդիմություն՝ մինչեւ իրենց էլ նկատեն ու արքունիքում գործ տան: Մեզ ոչ թե հարցերի պատասխաններն են հետաքրքրում, այլ հարցերն ինքնին, հենց այդ պատճառով էլ ոչ հարցերը, ոչ պատասխանները հասկացող չկա: Հենց այդ պատճառով էլ բոլորովին տարբեր են նախընտրական ու հետընտրական երկրները ու նույնիսկ ժողովուրդները: Տարբեր երկրներ ու տարբեր իրականություն: Փաստ է, որ հայ քաղաքական կյանքի վերջին հայտնագործություն կոալիցիան իրականում հարկադիր բլեֆ էր՝ չեն կարող միատեղվել մարդիկ, որ երեկ պայքարում էին, այսօր պայքարում են ու վաղը միմյանց դեմ պայքարելու են: Ոչ «չուժոյ պախմել»: Ու հիմի էդ կոալիցիայում լուրջ դումկեքի մեջ են: Ի՞նչ անեն: Մեկը մտածում է՝ ո՞նց գցի: Մյուսը՝ ե՞րբ: Էն մյուսը՝ ու՞մ. բոլորին միանգամի՞ց, թե՞ հատ-հատ: Եթե հատ-հատ, ի՞նչ հերթականությամբ: Իսկ ամենակարեւորը՝ մտածում է. գցելը՝ գցել եմ: Հիմի՞ ասեմ, թե հետո: Ասե՞մ, թե վաբշե չասեմ: Թող իրենք ջոկեն: Թե՞ չեն կարա ջոկել: Էնպես որ, ինչպես համոզվեցիք, ծանր դումկեք են, ինչպես հայտնի է՝ դումկեքին հաջորդում են վնուշկեքը: Ու, հետեւելով տրամաբանությանը, հանգիստ խղճով կարող ենք ասել, որ այդ ամենը կավարտվի վալակուշներով: Որպես կանոն՝ հավայի: Իսկ երկրի «ամենաազդեցիկ» մտավորականները, երկրի փառք ու պատիվ «էլիտան» մի կերպ գլուխը պահելու է մինչեւ …ընտրությունների իր հերթական զորակոչը։ Այսինքն՝ ստացվում է, որ նույնիսկ մեր ամենաազգային-ապազգային, ամենա-ամենա էլիտան ամենաշահագրգիռն է արտահերթ ընտրությունների: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել