Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրի ձեւը կասկած է հարուցում

Դեկտեմբեր 05,2003 00:00

Պայմանագրի ձեւը կասկած է հարուցում «Որ ասեմ՝ վաղը բոլորի ոտքերը կտրելու են, կհավատա՞ք»,- հարցնում է Սուրեն Զոլյանը Խմբագրությունն ահազանգ էր ստացել Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի անգլերենի ֆակուլտետի ուսանողներից (ու նաեւ նրանց ծնողներից), թե իբր իրենց դեկանը հավաքել է բոլոր կուրսերի ավագներին եւ առաջարկել ստորագրել մի պայմանագրի տակ, որը ենթադրում է, թե եկող տարվանից բուհի վարձավճարը 700 դոլարից հասնելու է մոտ 1000-ի: «Հետո հայտնել են, որ վարձավճարի փոփոխություն չի սպասվում, համենայնդեպս, արդեն բուհ ընդունվածների համար»,- պատմում էր զանգի հեղինակը: Բայց ուսանողները խիստ կասկածանքով են վերաբերվում բուհի ղեկավարության այս առաջարկին եւ ձեռնպահ են մնում ստորագրել որեւէ փաստաթղթի տակ: Իսկ ոմանք էլ ստորագրում են՝ իրենց ասելով, խնդիրներ չունենալու համար: «Ավագներին տվեցին այդ պայմանագրերը, եւ ասացին՝ չափահաս մարդիկ եք՝ գնացեք, ինքներդ որոշում կայացրեք»: Պարզվում է, ուսանողներն այնքան էլ «չափահաս» դուրս չեկան, ավելին, բուհի ռեկտորի որակումով, նրանք, ովքեր բողոք են ներկայացնում խմբագրություն, հոգեկան հիվանդներ են. «Մի քիչ հարգանք ունեցեք,- այսպես արձագանքեց պրն Զոլյանը մեր խնդրանքին՝ պարզաբանել ուսանողների ահազանգը,- դա նույնն է, որ ասեք՝ վաղը բոլորի ոտքերը կտրելու են, կհավատա՞ք»: Պարզաբանում խնդրեցինք անգլերենի ֆակուլտետի դեկան Նատալյա Խաչատրյանից: Վերջինս հանգամանորեն բացատրեց, թե ինչը կարող էր անհանգստացնել ուսանողներին: Խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք կնքվում են ամեն տարի ուսանողների հետ՝ բուհ ընդունվելիս, եւ որով վճարովի համակարգում սովորող ուսանողը պարտավորվում է վճարել ուսման դիմաց, իսկ բուհը՝ դրա դիմաց գիտելիքներ տալ: «Կա մի կետ, որով սահմանվում է բուհի վարձավճարը՝ նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով: Եվ մի կետ, որն ասում է, թե վարձավճարը կարող է փոփոխվել նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ: Բայց դրանք հին բլանկներ են, դեռ այն ժամանակնեից, երբ նվազագույն աշխատավարձը 1000 դրամ էր»: Փաստորեն, ուսանողները հիմա մտածում են, որ հունվարին, երբ նվազագույն աշխատավարձը հասնի 13 հազարի, իրենց վարձավճարն էլ ըստ այդմ կփոխվի, կդառնա՝ 13 հազարի 350-ապատիկը: Սակայն նկատենք, որ 1991 թ. հետո նվազագույն աշխատավարձը արդեն իսկ մեկ անգամ փոփոխության է ենթարկվել՝ դառնալով 5000, իսկ բուհում այդ պարագայում էլ վճարային փոփոխություն այս տարիներին չի եղել: Եվ, փաստորեն, բլանկում նշված 1000 դրամը դարձել է գործակից (կոեֆիցենտ): Ավելին, տիկին Խաչատրյանը հավաստիացնում է, որ վարձավճարը չի փոխվի նաեւ եկող տարի, կմնա 350 հազար դրամ: Մնում է լուծել բլանկների հարցը, եւ նորերը տպել: «Իսկ ուսանողներին մենք բազմաթիվ անգամ բացատրել ենք այս ամենը, եւ վիրավորական է, որ այսքանից հետո նրանք չեն վստահում մեզ ու չեն հավատում»,- ասում է ֆակուլտետի դեկանը: Հավանաբար, բուհի ղեկավարությունը, այդպես էլ չկարողանալով հավատ ներշնչել ուսանողների սրտերում, պայմանագիր ստորագրելու հարցը թողել է ուսանողների հայեցողությանը: Երեւի այնքան ժամանակ, մինչեւ կտպվեն նոր, առանց կասկածելի կետերի բլանկներ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել