ԹԱՔԻԶԱԴԵՆ ԱԶԱՏՎԵԼ Է 70 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈ՞Վ Մեր իրավապահները 10 տարի չեն կարողանում «համոզել» իրանական կողմին՝ հայտնաբերել ծանր հանցագործության մեջ կասկածվող իրենց քաղաքացուն: «Առավոտ» թերթի խմբագրությանն են դիմել Մեղրի քաղաքի 5 բնակիչներ՝ Լիպարիտ Մարգարյանը, Սարգիս Խալափյանը, Հենրիկ Գրիգորյանը, Ռիմա Պողոսյանն ու Վազգեն Սահակյանը։ Նրանք հիշեցրել են 1993թ. հոկտեմբերի 20-ին Մեղրի-Ագարակ ճանապարհահատվածում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ Իրանի Ջուլֆայի նահանգի Ալամղար գյուղի բնակիչ Զեյնալադին Թաքիզադեի «Վոլվո» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով զոհվեցին իրենց 6 հարազատները, վարորդը։ Տասը տարվա ընթացքում բոլոր հնարավոր ատյաններին դիմելուց հետո նրանք դիմում են մեր թերթին մի հարցով՝ ինչու է կարճվել այդ քրեական գործը: Մեր ունեցած փաստաթղթերի հիման վրա փորձեցինք կռահել, թե ի՞նչ է իրականում կատարվել։ 1993թ. հոկտեմբերի 20-ին Մեղրու ՆԳ բաժնի կողմից ՀՀ քրօրի 173 հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության եւ շահագործման կանոնների խախտում, որը առաջացրել է մի քանի անձանց մահ) հարուցվում է քրգործ։ Այդ գործը սակայն 1 տարի 15 օր անց կասեցվում է։ Ըստ ՆԳ նախարարության անձնակազմի գծով տեսչության պետ Ռ. Հովակիմյանի, քրգործը կասեցվել է «քրեական պատասխանատվության ենթակա անձը պարզ չլինելու պատճառաբանությամբ»։ Զոհվածների հարազատները դիմել են նաեւ գլխավոր դատախազություն, վերջինս, իր խոսքերով, «բազմիցս դիմել է» ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ Ըստ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ա. Մկրտչյանի վերջերս տրված գրավոր տեղեկանքի՝ «իրենք դիմել են ԱԳՆ-ին՝ Իրանի դեսպանատան միջոցով իրանցի վկաներին հարցաքննության կանչելու խնդրանքով, սակայն իրանական կողմից պատասխանները չեն ստացվել»։ Որքանով մեզ հայտնի է, հայաստանցի վկային հարցաքննելու համար դատախազությունը «խնդրանքով» չի դիմում, այն էլ «բազմիցս»։ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Պ. Հայրապետյանն իր պաշտոնական պատասխանում «խնդրանք» բառը չի օգտագործում, այլ տուժողներին հայտնում է, որ «գլխավոր դատախազության կողմից քննական պահանջով նամակ» է ուղարկվել եւ որ «ԻԻՀ-ից քննչական հանձնարարության պատասխանը չի ստացվել»։ Ի դեպ, Սյունիքի մարզի դատախազի տեղակալը հայտնի է նաեւ 2001թ. փետրվարի 5-ի որոշմամբ։ Տուժողները պնդում են, որ իրավապահներին 70 հազար դոլար կաշառք է տրվել Թաքիզադեին ազատելու համար՝ պնդում, որն այս պահին հնարավոր չէ ապացուցել: Սակայն անուղղակիորեն դրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ Թաքիզադեն 1 շաբաթով է գտնվել կալանքի տակ Մեղրիի ՆԳ բաժնում: Տուժողները փրկագին չէին ստացել՝ իրենց խոսքերով հրաժարվել էին, փոխարենը, ինչպես իրենք են «Առավոտին» գրում, «զոհվածների հարազատներին այցելեցին Թաքիզադեի հարազատները՝ տանելով սննդամթերք եւ հագուստեղեն»: Ըստ գլխավոր դատախազության հավաստիացումների, «1993թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի փաստի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը վերսկսել հնարավոր չէ, մինչեւ ԻԻՀ քաղաքացի Թաքիզադեի հայտնաբերումն ու հարցաքննությունը։ ԻԻՀ դեսպանատնից պատասխան չի ստացվել, որի հետեւանքով էլ մինչեւ օրս ձգձգվում է քրեական գործի վերջնական լուծումը»։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվեին իրանցիները, եթե Հայաստանի քաղաքացիները կասկածվեին իրենց տարածքում կատարած հանցագործության մեջ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ