Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ելիզավետա Բարխուդարովնան

Դեկտեմբեր 05,2003 00:00

Ո՞վ է Ելիզավետա Բարխուդարովնան ՀՅԴ-ԱՄ բանավեճը ձեռք է բերում զուտ գիտական բնույթ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը ԱԺ խումբ- խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ իր ելույթն ամբողջովին նվիրեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին։ Ըստ այդմ, իբր Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ներբողներ են ձոնել Գեղամյանին։ Պրն Կարապետյանը լրագրողներին հիշեցրեց Վահան Հովհաննիսյանի պապլավոկյան կրակոցների մասին եւ կարծիք հայտնեց, որ, երեւի, կամ վերջինիս աչքին թուրքեր են երեւացել, կամ էլ ցանկացել է ոմն Ելիզավետա Բարխուդարովնայի առջեւ իր տղամարդկությունը ցույց տալ։ «Առավոտը» երեկ փորձեց ասվածի կապակցությամբ ստանալ նաեւ Վահան Հովհաննիսյանի պատասխանը. «Ես չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել մի մարդու հայտարարությունները, որից, ի դեպ, ուրիշ կարգի հայտարարություններ այս պատերի ներսում չենք էլ լսել, նա ընդունակ է միայն ԱԺ ամբիոնից ասել՝ «այ, քեզի բան»։ Որքան ինձ ներկայացրին իր ելույթի ոճը, սա արդեն մոտենում է հիստերիայի, այսինքն՝ մարդիկ զգում են, որ ինչ-որ բան սխալ են արել եւ փորձում են կոծկել արածը։ Դա արտահայտվում է երկու ձեւով՝ հիստերիկ հայտարարություններ, որոնք անձնական վիրավորանք են եւ քաղաքական բանավեճի հետ որեւէ առնչություն չունեն։ Հաջորդն այն է, որ նրանց «պատրոնը», այսինքն՝ Վինետուն, քաջ լռություն է պահպանում՝ քսի տալով քաղաքական անհայտության մեջ տասնամյակներով տապակված քաղաքացիներին։ Բայց մենք չենք կարող դրան ուշադրություն դարձնել, որովհետեւ մենք դրա ժամանակը չունենք։ Իսկ եթե ստնտուն (նկատի ունի Արտաշես Գեղամյանին- Մ. Ե.) բան ունենա ասելու, մենք նրա հետ կբանավիճենք քաղաքական թեմաներով, մենք անձնական մակարդակի չենք իջնի»։ Ավելի ուշ պարզեցինք, որ այլ լրատվամիջոցների նույն հարցին պատասխանելով, պրն Հովհաննիսյանն ասել է. «Ես կանանց առջեւ իմ տղամարդկությունը ապացուցելու այլ ձեւեր գիտեմ, որոնց այդ պարոնը չի տիրապետում»։ Մ. Ե. Հ. Գ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հետ մեր թերթի նախորդ համարում տպագրված հարցազրույցում սխալ էր գրված պրն Հովհաննիսյանի մեջբերած լատիներեն արտահայտությունը։ Ճիշտը սա է՝ non bis in idem։ Իսկ կրկին բանտ նստելու մասին պրն Հովհաննիսյանն ասել էր նաեւ հետեւյալը, որը դուրս էր մնացել հարցազրույցից. «Այսինքն, ոչ թե իրավիճակի փոփոխություն տեղի կունենա, այլ՝ իրավիճակի կրկնություն եթե տեղի ունենա, մենք մեզ կպահենք համապատասխան կերպ, ինչպես պահել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Այս իմաստով է ասվում, որ մենք չենք վախենում նորից նստելուց, որովհետեւ մենք կպայքարենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել