«ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻ ՍՐՈԿԻՑ ԱՎԵԼ ՉՊԵՏՔ Է ՆՍՏԻ» Թռչունիչը բացահայտում է Քի ՈՒեսթի տարբերակը «Ես 4-5 ամիս առաջ գիտեի, որ դա մտնելու է Ազգային ժողով։ Խոսել եմ վարչապետի, Արթուր Բաղդասարյանի, տարբեր քաղաքական ուժերի հետ։ Շատերն այն կարծիքին են, որ ԱԺ մտնելուց հետո կմերժվի, բայց հավատացնում եմ, որ չի մերժվի, այլ կպարտադրվի Եվրոպայի եւ Համաշխարհային բանկի միջոցով»։ Վերջերս ազգիս խորհրդարանի դատին ներկայացված՝ ԼՂՀ հարցի կարգավորման՝ Քի Ուեսթում ձեռք բերված համաձայնության առիթով, «Առավոտին» իր կարծիքը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ «հիմա ժողովրդին ուզում են հասցնել էն մակարդակին, որ ասեն՝ հերն էլ անիծած, ինչ ուզում են՝ թող անեն։ Բայց Մեղրիի՝ այդ ձեւով հարցի լուծումը, նշանակում է պանթուրքիզմի իրականացում մեր ժողովրդի ձեռքով»։ Խորեն Թռչունիչը մեզ պատմեց նաեւ, որ ինքը, իբրեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, այդ փաստաթղթին ծանոթացել է եվրոպական տարբեր ատյանների հետ հանդիպումների ժամանակ ու տեղեկացել, որ դա պետք է ընդունվի հարցի լուծման հիմք։ Ու իբրեւ ականատես, մեր զրուցակիցն «Առավոտի» համար մի քանի բացահայտումներ արեց. «Ազատագրված տարածքները ձեւակերպված են որպես գրավված տարածքներ, որոնք պետք է ետ վերադարձվեն Ադրբեջանին՝ Լաչին, Քարվաճառ, Հադրութ, նաեւ՝ Շուշին։ Եթե հիշում եք, գովերգվում էր այդ փաստաթուղթը, նաեւ նրա համար, որ Ադրբեջանը չէր համաձայնում։ Դրա պատճառը մեկն էր՝ որպեսզի անպայման ամրագրվեր «գրավյալ տարածքներ» եւ Շուշին լիներ այդ թվում»։ Պարտավորությունների շարքում, ըստ Խ. Սարգսյանի՝ «Ադրբեջանը ԼՂՀ-ին իր կազմում հատուկ կարգավիճակ է խոստանում, բայց մանրամասնված չէ, թե հատկապես ինչպիսի։ ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ կապ հաստատելու համար ճանապարհ է տրամադրվում Լաչինի միջանցքով, որը վերահսկվելու է ՆԱՏՕ-ի զորքերի կողմից»։ Հայաստանն իր կողմից, պարոն Սարգսյանի հավաստմամբ՝ Ադրբեջանին տարանցիկ ճանապարհ է տրամադրելու Մեղրիի տարածքով, որը եւս ՆԱՏՕ-ի կողմից է վերահսկվելու։ Պրն Սարգսյանը նաեւ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր: Գուցե ծանոթ է հարցի կարգավորման այն ժամանակվա «փուլային» կոչվող տարբերակին, Թռչունիչը կարո՞ղ է ասել՝ որ տարբերակն է առավել բարենպաստ համարում մեր երկրի համար: Դրան ի պատասխան նա նկատեց. «Նրանք (նկատի ունի նախկին իշխանություններին- Ն. Գ.) ձգձգման ճանապարհով էին գնում։ Այդ հարցը միայն այդ ձեւով պետք է լուծվի»։ Իսկ որպեսզի ՀՀ նախագահները հնարավորություն ունենան ժամանակ ձգելու, նրանք, ըստ պրն Սարգսյանի, «մեկ սրոկից ավել չպետք է նստեն»՝ այսինքն՝ ամեն մի նախագահ իրեն վերապահած 5 տարով պետք է հետաձգի ղարաբաղյան հարցի լուծում: Ներկայիս իշխանավորներին խորհուրդ տալով՝ «անեծքի բուն մի դարձեք՝ թողեք իշխանությունը», Խորեն Թռչունիչը զայրացավ. «Իշխանավորների բերանները ցավում է՝ մի անգամ ասեն, որ մենք ուզում ենք հարցը լուծվի լենինյան սկզբունքով՝ ազգերի ինքնորոշմամբ։ Այսօր հայ ժողովրդի մի հատվածը ինքնորոշվում է, սա տարածքային խնդիր չէ եւ աշխարհը պարտավոր է այդ սկզբունքը ընդունել»։ Ն. Գ.