Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻ՞Չ

Դեկտեմբեր 05,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻ՞Չ ԱԺ-ն այս եռօրյայում ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրինագիծը: Քվեարկությունից առաջ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե այն պարունակում է հակասահմանադրական դրույթներ: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է բացատրում, որ շուրջ 3 տարի շրջանառության մեջ գտնված, 3 ընթերցումներ անցած նախագծում միայն վերջին պահին հայտնաբերեց այդ դրույթները: «Այդ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են կառավարությունը եւ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Ես վերջին պահին տեսա նախագիծը,- ասաց պրն Դալլաքյանը:- Կարծում եմ՝ ուղղակի թափթփվածության արդյունք են այն հոդվածները, որոնք հակասում են Սահմանադրությանը»: Որպես այդպիսին մատնանշեց 5-րդ հոդվածը, որում նշված է, թե պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, «ինչպես նաեւ այլ անձանց» կարող է տրամադրվել պետական պահպանություն ՀՀ նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում: «Սա հակասում է Սահմանադրության 55 հոդվածին, որում ամրագրված են նախագահի 17 լիազորությունները: Նա չի կարող ունենալ այլ լիազորություն,- ասաց պրն Դալլաքյանը:- Այստեղ նաեւ քաղաքական լուրջ ենթատեքստ կա՝ ինչո՞ւ պիտի բոլոր գործիչների պահպանման խնդիրները լուծի ՀՀ նախագահը»: Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում օտարերկրյա գործիչներին, «ինչպես նաեւ այլ անձանց» կարող է տրամադրվել պետական պահպանություն: «Ընդհանրապես՝ օրենքներում չի կարելի օգտագործել տարածական մեկնաբանության տեղիք տվող այնպիսի արտահայտություն, ինչպիսին «այլ անձինքն» է: Կարո՞ղ է վարորդներն են այդ «այլ անձինք», կամ՝ Մոսկվայի տարբեր ակումբներում 1000 դոլարանոց շամպայն խմողները»,- ասաց պրն Դալլաքյանը: Հոդված 10-ով սահմանվում է. «Պետական պահպանության ծառայության կառավարումն իրականացնում է ՀՀ նախագահը»: Մեր հարցին՝ մի՞թե նախագահի գործ է թիկնապահներին կառավարելը՝ Վիկտոր Դալլաքյանն արձագանքեց. «Տվյալ նախագահի անձը նկատի ունենալով՝ հենց ի՛ր գործն է: 1998-ից ուսումնասիրելով Քոչարյանի գործունեությունը՝ համոզված եմ, որ նրան պետք չեն Սահմանադրությամբ ամրագրված 17 լիազորությունները, բայց պետք է այս մի լիազորությունը: Հավանաբար այն նկատի կունենա սահմանադրական փոփոխություններում»: Իսկ «Արդարության» քարտուղարը պատրաստում է փոփոխություններ առաջարկել օրենքում, որ այս կարգը սահմանի ՀՀ կառավարությունը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել