Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղք էր վագրը

Դեկտեմբեր 05,2003 00:00

Մեղք էր վագրը Հայաստանի իշխանություններն իզուր են ասում, թե իրենք շահագրգռված են տարածաշրջանի ու, մասնավորապես, Վրաստանի կայունությամբ։ Հենց Վրաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական ցնցումներն են, ըստ որոշ փորձագետների, պատճառ դարձել, որ փոքր-ինչ դանդաղեն «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի վարկավորումն ու համապատասխանաբար՝ նաեւ շինարարությունը։ Eurasianet-ը հաղորդում է, թե բրիտանական խոշորագույն բանկերից մեկը՝ «Բարքլայս բանկ»-ը որոշել է հրաժարվել հիշյալ նախագծի՝ իր բաժին վարկավորումից, ինչը որոշ դիտարկումներով, պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ բանկի այս որոշման համար, թերեւս, էական է եղել նաեւ միջազգային ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների դեմարշը՝ ուղղված «Բաքու-Ջեյհանի» ֆինանսավորման դեմ։ Ընդ որում, ԲԹՋ-ի դեմ ընդվզող այդ կազմակերպությունները, ոգեւորվելով այս ոչ մեծ, բայց, ըստ իրենց՝ շոշափելի հաղթանակից, խնդիր են դրել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հասնել նաեւ նավթատարի վարկավորման մյուս աղբյուրների չեզոքացմանը։ Նշենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւի հավաստմամբ, հենց դեկտեմբերի կեսերին պետք է «Բաքու-Ջեյհանի» կառուցմամբ շահագրգիռ միջազգային խոշոր ֆինանսական կառույցների հետ ստորագրվեն վարկավորման հիմնական պայմանագրերը։ Ստացվում է, որ Վարդան Օսկանյանին տանջող մղձավանջները՝ կապված «դարի նախագծի» գործարկումից Հայաստանին սպառնացող վտանգի հետ, այնքան էլ հիմնավոր չեն։ Այդպե՞ս է արդյոք։ Հազիվ թե։ «Բարքլայս բանկի» ներդնելիք գումարն, ըստ էության, որոշիչ չէր «Բաքու-Ջեյհանի» համար։ Ավելին։ Այդ բանկն ի սկզբանե նախագծի հիմնական ֆինանսավորողների թվում չի եղել եւ ընդամենը հանդիսանում էր բաժնետերերի հետ համագործակցող 20 առեւտրային կառույցներից մեկը։ Իսկ նախագծի գլխավոր ֆինանսավորողներն այս փուլում չորսն են. Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկը (125 մլն դոլար), Միջազգային ֆինանսական կորպորացիան (125 մլն դոլար), Բրիտանական BP ընկերությունը (500 մլն դոլար) եւ Նորվեգական Statoil-ը (170 մլն դոլար)։ Ինչ վերաբերում է նավթատարի շինարարության կասեցման մյուս հավանական պատճառներին՝ կապված տարածաշրջանային խժդժությունների հետ, ապա ինչպես երեւում է, դրանք եւս էական դեր չեն խաղալու։ Ադրբեջանի ու Վրաստանի նոր իշխանությունները, ինչպես նաեւ հիմնական դոնոր կազմակերպությունները հայտարարել են, որ նավթատարի շինարարությունն ընթանում է ամբողջ թափով, եւ դրա կասեցման մասին բոլոր կանխատեսումները որեւէ հիմք չունեն։ Այնպես որ, տարածաշրջանային կայունության անհրաժեշտության մասին խոսելուց առաջ մեր իշխանությունները ճիշտ կանեին մի քիչ մտածեին ու զբաղվեին ավելի կոնկրետ գործերով։ Ասենք՝ ամենակարճ ժամկետներում ձեռնարկեին Ջավախքի կամ, ծայրահեղ դեպքում, Արդահանի փրկությունը։ Այլապես, խեղճ վագրին լավ օրեր չեն սպասվում։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել