Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը կարո՞ղ էր լինել «Ռուսթավի-2»

Դեկտեմբեր 05,2003 00:00

«Ա1+»-ը կարո՞ղ էր լինել «Ռուսթավի-2» Եվս մի զուգահեռ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ Հայաստանից հետեւելով Վրաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությանը դժվար է կարծիք կազմել, թե որքանով է այդ իրադարձությունների համատեքստում էական եղել «Ռուսթավի-2» անկախ հեռուստաընկերության դերը, ինչպես պնդում է վերջինիս գլխավոր տնօրեն Էռոսի Կիցմարիշվիլին: Միանշանակ է սակայն, որ «Ռուսթավի-2»-ի դերն, իրոք, բացառիկ էր Վրաստանի ընդդիմության կողմից այդ երկրի նոր խորհրդարանի նիստը տապալելու, իրադարձությունների զարգացումը, ընդհուպ մինչեւ՝ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականը, միջազգային հանրությանն ուղղիղ եթերով հաղորդակից դարձնելու գործում: Հիշենք, որ նաեւ մենք՝ հայաստանցիներս, այդ դրամատիկ իրադարձություններին ուղիղ եթերում հետեւում էինք հենց «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հեռարձակումների շնորհիվ: Փորձեցինք հայրենի ընդդիմությունից ճշտել, թե այս տարի՝ հատկապես ՀՀ նախագահի ընտրությունների փուլում ընդդիմության գործունեությունը, ապա՝ այդ ընտրություններին հետեւած բազմահազարանոց հանրահավաքները կարող էին հանգեցնել իշխանափոխության, եթե ընտրություններից դեռ շատ առաջ փակված չլինեին «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները: Կարո՞ղ էին նրանք նույն դերակատարումն ունենալ իշխանափոխության խնդրում, ինչպես «Ռուսթավի-2»-ը: «Անշուշտ»,- կարծիք հայտնեց ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը, որը հավելեց, թե նման իրավիճակներում անկախ ԶԼՄ-ների գոյությունը մեծ դեր է խաղում, եւ դա լավ հասկանալով էր, որ իշխանությունները ժամանակին «հոգացել» էին «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի կասեցման հարցը: «Միաժամանակ միանշանակ վստահ չեմ, թե դա վճռորոշ գործոն կարող էր լինել իշխանափոխության հարցում, որովհետեւ մեր վիճակը տարբերվում է Վրաստանից: Այդուհանդերձ, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի գոյությունը մեծապես կօգներ ընդդիմությանը: Պատահական չէ նաեւ, որ ընդդիմությունը դեռ մինչեւ նախագահական ընտրությունները միավորվեց եւ իր պայքարը սկսեց հենց այդ հեռուստաընկերությունների կասեցման դեմ բողոքի ցույցերից»,- հիշեցրեց Ռ.Խաչատրյանը: «Հանրապետության» մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը այլ կարծիք հայտնեց: Ըստ նրա, «մեր տիպի երկրներում իշխանափոխությունն ունենում է երկու ռեսուրս՝ ներքին եւ արտաքին: Մեզանում ներքին ռեսուրսը, ասել է թե՝ հասարակական կարծիքը, նույնիսկ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի բացակայության պայմաններում միանշանակ էր եւ հանգում էր նրան, որ ապօրինի վարչախումբը պետք է հեռանա: Սակայն, երբ իշխանությունները թքած ունեն հասարակական կարծիքի վրա, այդ պարագայում թե այդ հանրահավաքները, թե ազատ ԶԼՄ-ները դեռեւս բավարար չեն իշխանափոխության խնդիրը լուծելու համար: Մեր ընդդիմությանը՝ իր առջեւ դրված խնդիրը լուծելու համար, չբավարարեց հատկապես արտաքին ռեսուրսի գործոնը»: Այս դիտարկմանը համաձայն չէր մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի գոյությունը, բնական է, կարող էր փոխել վիճակը: Դա լավ էին հասկանում հենց իշխանությունները: Բայց Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության պարագայում ոչ պակաս դերակատարում ունեցավ նաեւ ամերիկյան CNN-ը»: Իսկ ի՞նչ կարծիք ունեն այս հարցադրման վերաբերյալ իրենք՝ «Ա1+»-ի ներկայացուցիչները՝ վերջինիս նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ու «Հետգրություն» հաղորդաշարի հեղինակ Արամ Աբրահամյանը: Մ.Մովսեսյանի համոզմամբ՝ «Հայաստանում իշխանափոխությանն ուղղված ընդդիմության գործունեության համատեքստում «Ա1+»-ը մեծ ազդեցություն կունենար, եթե պատրվակ լիներ»: Ի՞նչ պատրվակի մասին է խոսքը: «Եթե ընդդիմությունը կամ իշխանությունները ցանկություն ունենային արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ, «Ա1+»-ի բացակայությամբ մեր հասարակությունը շատ բան է կորցրել, դա իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ ժողովրդավարական գործընթացներում»: Իսկ Ա.Աբրահամյանի դիրքորոշումն այդպիսին էր՝ «Բացարձակապես չեմ կարծում, որ լրագրությունը կոչված է նպաստելու իշխանափոխությանը, կամ՝ իշխանության պահպանմանը: Երբ լրագրողը իշխանության կամ ընդդիմության կողմից բարիկադ է բարձրանում, նա դադարում է լրագրող լինելուց»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել