Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 05,2003 00:00

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ Կոալիցիայի որոշ ուժեր քննադատության թիրախ են դարձնում հատկապես այն ոլորտները, որոնք իրենց ներկայացուցիչները չէ, որ գլխավորում են: Հավակնությունների հերթական «զոհը» դարձավ Պետական գույքի կառավարման վարչությունը, որը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը: Պետական գույքի մասնավորեցման 2002-ի հաշվետվությունն ԱԺ-ում քննարկելու ժամանակ պատգամավորները դժգոհեցին անգամ այն հանգամանքից, որ Դավիթ Վարդանյանը չէր ելույթ ունեցողը, այլ նրա տեղակալ Աշոտ Մարկոսյանը: «Նախորդ տարիներին էլ է միշտ նա ներկայացրել այդ հաշվետվությունները: Աշոտ Մարկոսյանն է մանրամասն տիրապետում այդ տեղեկատվությանը»,- ասաց Դավիթ Վարդանյանը: Նա զարմանք արտահայտեց, թե ինչու ԱԺ լիագումար նիստում արծարծված հարցերի առնչությամբ չէին փորձել պարզաբանումներ ստանալ հանձնաժողովում եւ հետո նոր անել եզրակացություններ: Դավիթ Վարդանյանը նախապես հանդիպել էր Արթուր Բաղդասարյանին եւ Վահան Հովհաննիսյանին, որոնք հետո «դեմ» քվեարկեցին հաշվետվությանը. «Նրանց տվել էի որոշ պարզաբանումներ: Բայց այնուամենայնիվ՝ ՀՅԴ խմբակցությունը կիսաճշմարտություններ հնչեցրեց ԱԺ-ում»: Դավիթ Վարդանյանին խնդրեցինք պարզաբանումներ տալ մասնավորեցված որոշ գործարքների գների առնչությամբ, որոնք ԱԺ քննարկման ժամանակ ՀՅԴ-ն համարել էր խնդրահարույց: «Սեբաստիա» հյուրանոցը 25 հազար դոլարով սեփականաշնորհելու մասին ասաց. «Այդ հյուրանոցում փախստական 27 ընտանիքներ կային, որոնց սեփականատերը պայմանագրով պարտավորվեց կա՛մ բնակարան տրամադրել, կա՛մ վճարել փոխհատուցում: Վստահ եմ, որ ամեն ընտանիքի համար ամենաքիչը 5 հազար դոլար է ծախսվել՝ ուրեմն, մոտ 135 հազար դոլար էլ է գումարվում 25 հազարին: Հավելեք նաեւ «Սեբաստիա» հյուրանոցի պարտքերը»: Հաջորդն «Արարատ» ռեստորանն է, որն ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի՝ մասնավորեցվել է 34,5 հազար դոլարով: «Այն մասնավորեցվել է 34,5 մլն դրամով՝ շուրջ 60 հազար դոլարով: «Արարատ» ռեստորանը նաեւ մասնավորեցման պայմաններով ունի պարտավորություններ. քանի որ կառավարական 2-րդ տան նկուղում են՝ փոխել են ջրամատակարարման եւ կոյուղու բոլոր գծերը եւ նրանց վրա են պահպանման ծախսերը»,- ճշտեց պրն Վարդանյանը: Այլ տվյալներ էլ էին ներկայացվել ԱԺ-ում. Ծաղկաձորի «Հասմիկ» ճամբարը մասնավորեցվել է 3,4 մլն դրամով (շուրջ 6 հազար դոլար), իսկ Իջեւանի պանսիոնատը՝ 2 մլն դրամով: Ստեփանավանի գիշերօթիկ դպրոցը մասնավորեցվել է ընդամենը 200 հազար դրամով (շուրջ 400 դոլար): «Ծաղկաձորում չէ այդ ճամբարը, այլ Արտավազդ գյուղում եւ ավերված էր: 10 տարի այդ վիճակում էր: Եթե այդքան գրավիչ օբյեկտ էր՝ այդ ընթացքում չէի՞ն գտնվի գնորդներ: Նույնը վերաբերում է եւ Իջեւանի պանսիոնատին,- ասաց պրն Վարդանյանը:- Ստեփանավանի գիշերօթիկ դպրոցի մասին ասվածն էլ է կիսաճշմարտություն: Աճուրդով մասնավորեցվել է ընդամենն այդ դպրոցին կից օժանդակ շինությունը՝ անասնագոմը, որը խարխուլ վիճակում էր՝ առանց տանիքի»: Նշվել էր, թե Հին Նորքի պանսիոնատն էլ է սեփականաշնորհվել 3,4 մլն դրամով: «Այնտեղ եւս փախստականներ են եղել, որոնց տեղավորել են: Այդ պանսիոնատն էլ էր վատ վիճակում»: Պետական գույքի կառավարման վարչության պետը հիշեցրեց. «Որեւէ բան վաճառելիս՝ միայն գինը չեն ուսումնասիրում, այլ պայմանները՝ ի՞նչ վիճակում է, կատարվե՞լ են ներդրումներ, պարտքեր ունի՞: Մասնավորեցման մասին միայն կիսաճշմարտությունն ասելը ցույց է տալիս, թե ինչքան հապճեպ ու մակերեսորեն են քննել հարցը: Կամ էլ թյուրիմացություններ են եղել եւ չգիտեմ, թե ով է ում գցել թյուրիմացության մեջ: Համոզվեցիք՝ քանի սխալ պնդում է արվել»: Որպես այդպիսին նշեց նաեւ ԱԺ-ում արված պնդումները, թե «Տրանզիստոր» եւ «Հայգորգ» գործարանների սեփականաշնորհումը դատական քաշքշուկի մեջ է. «Տրանզիստոր»-ի առումով դեռ դատարան չենք դիմել՝ միայն պատրաստվում ենք, քանի որ նրանց պարտավորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի կեսին: Մենք դատարան ենք դիմել եւ արդեն որոշում կա ոչ թե «Հայգորգի», այլ «Իջեւանյան գորգերի» առնչությամբ»: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը քննարկման ժամանակ դժգոհել էր, թե Հայաստանի տարբեր մարզերի ավելի փոքր օբյեկտներն ավելի թանկ են վաճառվել, քան Երեւանի կենտրոնական փողոցներում գտնվող խոշոր օբյեկտները: Այս առնչությամբ Դավիթ Վարդանյանն ասաց. «Նախ՝ այդպես չէ: Բացի այդ՝ ԱԺ նախագահի ասածը վերաբերում է միայն առողջապահական հիմնարկներին, որոնց առնչությամբ կառավարությունն առողջապահության նախարարության ներկայացմամբ ու բազմաթիվ խորհրդակցություններից հետո ընդունել է հայեցակարգ, որը հաստատել է ՀՀ նախագահը: Եվ բոլոր առողջապահական հիմնարկներն են մասնավորեցվել այդ հայեցակարգով: Գնահատված արժեքի 25%-ով ենք տվել կոլեկտիվներին, նրանց վրա թողնելով նաեւ կրեդիտորական պարտքերը: Սակայն շատերը կողմ էին, որ ձրի տայինք: Եթե տված լինեինք՝ ոչ մի նման խոսակցություն չէր լինի, չէ՞»: ՀՅԴ խմբակցությունը մի շարք առաջարկներ էր արել մասնավորեցման փուլում գտնվող պետական սեփականության նկատմամբ հայեցակարգային մոտեցումների եւ սկզբունքների փոփոխության վերաբերյալ: Առանձին կներկայացնենք Դավիթ Վարդանյանի վերաբերմունքն այդ առաջարկներին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել