Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱԼԻՔ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ»

Դեկտեմբեր 05,2003 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱԼԻՔ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ» Այս կարծիքին են խորհրդարանական քաղաքական ուժերը Ակնհայտ է, որ Վրաստանում նախագահական ընտրությունները հեշտ ու խաղաղ չեն անցնելու, մասնավորապես, այն պատճառով, որ Ռուսաստանը ձգտելու է լուրջ դերակատարություն ունենալ։ Ըստ որոշ պնդումների, Ռուսաստանը ունենալու է նախագահի իր թեկնածուն Վրաստանում, նաեւ պարտադրելու է Հայաստանին՝ աջակցել Ռուսաստանի թեկնածուին։ Ոմանք նույնիսկ պնդում են, թե Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ արդեն նման առաջարկ-պարտադրանք է ներկայացրել։ Նույնիսկ նշվում է ռուսաստանյան հավանական թեկնածուի անունը՝ Իգոր Գեորգաձե։ Երեկ մենք փորձեցինք ճշտել խորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետը՝ նման իրավիճակի դեպքում ո՞րը կլինի Հայաստանի ճիշտ դիրքորոշումը։ «Ճիշտ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը չխառնվի Վրաստանի ներքին գործերին, որովհետեւ նախագահ ընտրելը առավել քան ներքին գործ է։ Վիրահայությունը կարող է իր համակրանքը դրսեւորել, բայց այդ համակրանքը չպիտի բխի Հայաստանի քաղաքական իշխող շրջանակների կամ որեւէ քաղաքական շրջանակի դիրքորոշումից»,- պատասխանելով մեր հարցին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը։- Սա մեզ թելադրում է մեր պետական եւ ազգային շահը»։ Իսկ եթե նախագահ Քոչարյանը պարզապես պարտադրված լինի ընդառաջ գնալ ռուսական «ցարի» կամքի՞ն։ Հրայր Կարապետյանը համոզված է, որ Քոչարյանը նման քայլի չի դիմի։ «Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը եւ քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեցին, որ օրերս ԱԺ-ում կայացած փակ նիստի ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հարցերի դասավորման նման հնարավորության մասին մտավախություն հայտնել է։ Գրիգոր Հարությունյանի գնահատմամբ. «Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում հայ համայնքը սատարել է իշխանություններին, դա ինքնապաշտպանական բնազդ է, ավելի ճիշտ՝ գիտակցում։ Շատ վտանգավոր է փոքրամասնություն կազմող բնակչության համար ընդդիմություն լինելը։ Այս ֆոնի վրա օգտագործել Հայաստանին՝ ներազդելու Վրաստանում մեր փոքրաթիվ համայնքի վրա, շատ վտանգավոր քայլ է»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կա պրոբլեմ, շահերի բախում, ապա Վրաստանում կարող են անկանխատեսելի դեպքեր տեղի ունենալ, մասնավորապես՝ Աբխազիայի, Աջարիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված. «Ի սկզբանե, փաստորեն, ՀՀ-ն ներքաշվեց վրացական իրադարձությունների մեջ։ Ռ. Քոչարյանը ընդունեց Աբաշիձեին եւ, ըստ Աբաշիձեի (դա տպագրված էր ձեր թերթում), Քոչարյանը աջակցություն է հայտնել Շեւարդնաձեին։ Հայաստանը պետք է ընդհանրապես չեզոք մնար, քանի որ ռուսները կարող են օգտագործել ջավախքահայությանը, Մառնեուլիի ադրբեջանցիներին։ Հայաստանը պետք է չեզոք մնա եւ ուրիշի ձեռքին խաղալիք չդառնա եւ լինի հայամետ»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է հավասարակշռված պահվածք որդեգրի. «Քանի որ Հայաստանը հայտարարել է, թե ինքը կոմպլիմենտար քաղաքականություն է իրականացնում, կարծում եմ, նման հարցերում չպետք է սխալվի։ Ցանկացած նման խնդիր, եթե տեղափոխվում է Հայաստան, անպայման իր բացասական հետեւանքները կարող է ունենալ»։ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը եւս կարծում է, որ Հայաստանը չպիտի միջամտի Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին. «Ես ժամանակին ասացի, որ հարկավոր է ուշի ուշով հետեւել վրացական դեպքերին, որովհետեւ ոչ թե դասական ընդդիմությունը եկավ իշխանության, այլ ընդդիմության մի թեւում ճեղքվածք առաջացավ։ Դա ապացուցեց նաեւ նախագահի թեկնածուների բազմաքանակությունը։ Եթե կատարվածը լիներ դասական ընդդիմության եւ ժողովրդական շարժման հետեւանք, այդքան թեկնածուներ չպիտի լինեին»։ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը նախ վստահություն հայտնեց, որ Վրաստանում նախագահական ընտրությունների ժամանակ հաղթելու է Միխայիլ Սահակաշվիլին. «Հայաստանը պետք է հարգի վրաց ժողովրդի ընտրությունը։ Վրաստանի ժողովուրդը իր ընտրությունը կատարել է եւ ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այդ ընտրությունը հօգուտ ժողովրդավարության է»։ ԱԱ, ՆԳ եւ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահ Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ) նկատեց, որ վիրահայ համայնքին մենք այստեղից չենք կարող կառավարել. «Համայնքն ունի իր սեփական խնդիրները, կազմակերպությունները, պատգամավորները եւ այլն, ու չի կարելի միանշանակ ասել, թե այստեղից կհանձնարարեն ու այնտեղ կկատարվի։ Եվ հետո, Ռ. Քոչարյանը ի պաշտոնե չի կարող միջամտել, որովհետեւ Վրաստանը անկախ պետություն է։ Երկրորդ՝ համայնքը միատարր չէ եւ, երրորդ, ես չեմ կարծում, թե այդ ձեւով պետք է մտնենք Վրաստանի խնդիրների մեջ։ Ոչ ոք չի կարող նման միջամտություն ունենալ, նույնիսկ գերտերությունները, որովհետեւ ընտրությունների ժամանակ հիմնական գործոնը հասարակությունն ու ժողովուրդն է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել