Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան շատ, այնքան որակով

Դեկտեմբեր 04,2003 00:00

Որքան շատ, այնքան որակով Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրել էր մոտ 3600 ուսուցիչ, որոնցից 970-ը կենսաթոշակային տարիքի են, մոտ 1000-ը՝ ոչ մանկավարժական կրթությամբ, 900-ը՝ մանկավարժներ, որոնք համապատասխան մասնագիտություն չունեն: Այս տվյալները մեզ հայտնեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը եւ հաստատեց, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին կրճատված ուսուցիչների թիվը կհասնի 4500-ի: Ըստ վարչության պետի, այս կրճատումները կապված են նաեւ աշակերտների թվի բնական նվազման, այսինքն, ի վերջո՝ ծնելիության նվազման հետ: Օրինակ, անցյալ տարվա համեմատ, այս տարի մոտ 1 հազարով պակասել է աշակերտների թիվը, իսկ մյուս տարի դրանց թիվը կնվազի մոտ 4-5 հազարով, եթե հաշվի առնենք միայն 1997-98 թվականներին ծնվածների թիվը: Կարելի է պատկերացնել, թե մյուս տարի որքան ուսուցիչ կկրճատվի աշակերտների թվի նվազման պատրվակով: Պրն Ղուկասյանին հիշեցրինք օպտիմալացման գործընթացի սկզբում հնչեցրած մի մոտավոր տվյալ, ըստ որի՝ հանրապետությունում 10-ից 12 հազար ոչ մասնագետ ուսուցիչ կա: «Ոչ մանկավարժական կրթությամբ մոտ 1000-ն արդեն կորցրել է աշխատանքը, մնացածները շարունակում են աշխատել: Բայց նրանք հիմնականում լեռնային, սահմանամերձ գյուղերի ուսուցիչներն են: Դուք գիտեք՝ օպտիմալացման արդյունքում թերբեռնված ուսուցիչն է դուրս մնում, իսկ գյուղերում նրանք շարունակում են աշխատել, այնտեղ նույնիսկ թափուր տեղեր կան: Այսօրվա դրությամբ 200-ից ավելի թափուր տեղ ունենք այդ դպրոցներում: Սահմանամերձ ու լեռնային գոտիներում իրոք ուսուցիչների որակական կազմը թույլ է՝ կրթական ցենզի իմաստով: Նրանցից շատերը միջին մասնագիտական կրթությամբ են կամ ընդհանուր միջնակարգ կրթությամբ»: Սակայն ուսուցիչների որակի իմաստով մխիթարական չէ վիճակը նաեւ ոչ սահմանամերձ շրջաններում եւ նույնիսկ մայրաքաղաքում: 2004 թ. բյուջեում նշված մի տեսակետի վերաբերյալ, ըստ որի ուսուցիչների թերբեռնվածության, դասարանների սխալ կոմպլեկտավորման պատճառով է ընկնում ուսուցչի որակը, պրն Ղուկասյանը հայտնեց իր տեսակետը. «Խոսքը վարկանիշի մասին է: Եթե թերբեռնված ուսուցիչը ստանում է 5-6 հազար դրամ, բայց նա հայտնի է հասարակության մեջ որպես ուսուցիչ, իրոք ուսուցչի վարկանիշը հասարակության մեջ ընկնում է, այսինքն մարդ, որը աղքատության շեմին է: Որակական տեսակետից էլ է դա ազդում ուսուցչի վրա. այն ուսուցիչը, որ մի 5-6 ժամ ունի, նրա նաեւ որակն է ընկնում, կամաց-կամաց ուսուցիչը դառնում է ոչ մասնագետ, որովհետեւ առարկայի մասնագետ ուսուցիչը ամենօրյա կիրարկման մեջ պետք է դնի իր առարկան: Թերբեռնվածությունը մասնագիտական որակների նվազման է տանում»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել