Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչատրյանական տարվա բուռն եզրափակում

Դեկտեմբեր 04,2003 00:00

Խաչատրյանական տարվա բուռն եզրափակում «Տաղ» ստուդիայի «խաչատրյանական շաբաթը»՝ դեկտեմբերի 8-ից «Խաչատրյանական տարին ավարտվում է եւ պիտի նկատենք, որ այն աշխուժացավ աշնանը, երբ անցկացվեց կոմպոզիտորի անունը կրող դաշնակահարների առաջին միջազգային մրցույթը։ Ինչ խոսք, հոբելյանական տարվա իներտ ֆոնի վրա ժամանակ առ ժամանակ առկայծումներ էլ եղան»,- փաստեցին հայկական հեռուստատեսության «հնաբնակներ»՝ հեռուստալրագրող, «Տաղ» ստեղծագործական խմբի ղեկավար Մարկ Պետրոսյանն ու երաժշտագետ Քնարիկ Փիլոսյանը։ «Տաղ» ստեղծագործական միավորումը դեռեւս անցյալ տարվանից էր պատրաստվում «Արամ Խաչատրյան-100» նախագծին։ Սակայն ուշացումով՝ միայն ապրիլ ամսից եթերում երեւացին տեսահոլովակներ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների թեմաներով, նրա կենդանության օրոք կատարված նկարահանումներ, հարցազրույցներ եւ այլն։ Մ. Պետրոսյանը «աշխատանքային ուշացման» հետ կապված հիշեց մի դիպված. «Վաղօրոք պայմանավորվածությունից 10 րոպե շուտ էի գնացել հյուրանոց։ Արամ Իլյիչը դեռ պատրաստ չէր նկարահանման։ Տեսնելով, որ սպասում եմ, խորհուրդ տվեց «ժամադրության գնալիս չուշանալ, բայց շուտ էլ չգնալ»։ Ք. Փիլոսյանն էլ հիշեց մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ այս տարվա հունիսի 6-ին եթեր հեռարձակված «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի նկարահանումները։ Երեւանում նկարահանման հրապարակ էր ընտրված Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, իսկ Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատունը։ Ի դեպ, վերջինս ժամանակին Լազարյան ճեմարանի տարածքն էր, ուր կոմպոզիտորը հանդիպումներ է ունեցել իր ժամանակակից արվեստագետների հետ։ Եվ Մ. Պետրոսյանը, եւ Ք. Փիլոսյանը խոստովանեցին, որ բարդ է Արամ Խաչատրյանի նման մեծությանը ընդամենը րոպեների ընթացքում հեռուստալսարանի առջեւ ներկայացնելը։ Նրանց կարծիքով, սակայն, «դա անհրաժեշտ է հայ երիտասարդությանը՝ ազգի երեւելիներին ճանաչելու համար»։ Զրուցակիցներս տեղեկացրին, որ դեկտեմբերի 8-ից եթեր «Հ1-ով» կհեռարձակվի «Խաչատրյանական շաբաթը», որի ընթացքում կհնչեն Ա. Խաչատրյանի հանրահայտ երկերը՝ «Արմեն-Ակոբ» մշակութային կենտրոնի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի, ՀՊԿՆ-ի, «Երեւան» փողային նվագախմբի, դաշնակահար Ա. Աճեմյանի, ջութակահար Է. Թադեւոսյանի, դիրիժորներ Ա. Ղարաբեկյանի, Կ. Դուրգարյանի եւ Յու. Դավթյանի մեկնաբանմամբ։ Ք. Փիլոսյանը մի գաղտնիք էլ բացեց. «Խաչատրյանական շաբաթվա ընթացքում կհնչեն նաեւ Արամ Խաչատրյանի ուսանողներ Նիկոլայ Ռիբնիկովի, Բոգդան Տրոցյուկի, դիրիժոր Պավել Կոգանի եւ ԽՍՀՄ ժողարտիստ Տիխոն Խրեննիկովի հիշողությունները աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի մասին»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել