Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ

Դեկտեմբեր 04,2003 00:00

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ Ըստ Հայաստանի ստորագրած միջպետական պայմանագրի, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ու նրանց հավասարեցված անձինք ունեն զգալի արտոնություններ, որոնց մասին, սակայն, ոչինչ չգիտեն: «Առավոտն» արդեն գրել է, թե ինչպես էր անտեսվում «Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների եւ նրանց հավասարեցված անձանց արտոնյալ փոխադրման իրավունքի փոխադարձ ճանաչման մասին ԱՊՀ միջպետական համաձայնագիրը»: Վերջերս վետերաններից տեղեկացանք, որ համաձայնագրով ամրագրված իրենց իրավունքները վերականգնվել են, այսինքն նրանք դարձյալ կարողանում են արտոնյալ պայմաններով ինքնաթիռի եւ գնացքի տոմսեր ձեռք բերել: Սակայն պարզվեց, որ հիմա էլ անտեսվում է մեկ ուրիշ միջպետական համաձայնագիր՝ «Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքում ռազմական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին»: Այդ համաձայնագրի հավելվածը թվարկված կատեգորիայի անձանց համար նախատեսում է բնակարանի ջեռուցման, ջրամատակարարման, գազի եւ էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ բնակարանի սահմանված վարձավճարների 50%8211ի զեղչ: Նույն չափով զեղչ է նախատեսված նաեւ կենտրոնական ջեռուցում չունեցող բնակարաններում ապրող այդ մարդկանց՝ վառելիքի գնման դեպքում: Այսինքն, այս համաձայնագիրը, որը հիշեցնենք՝ օրենքի ուժ ունի, կա, գոյություն ունի, ընդ որում այն գործողության մեջ է մտել 1994-ին, սակայն այսօր էլ վետերանները՝ դրանից անտեղյակ՝ ԱԺ-ի ու նախագահի դռներն են գնում՝ իրենց համար արտոնություններ պահանջելու: Վետերանները դժգոհում են, որ բոլոր տեսակի արտոնությունները հանելուց հետո իրենց համար շատ դժվար է կոմունալ վարձերը վճարել, հատկապես ձմռանը: Իսկ ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման հեռանկարը նրանց լրիվ խուճապի է մատնել: Նրանցից մի քանիսի հետ զրուցելիս մի օրինաչափություն պարզեցինք: Այն, որ այդ վարձավճարների գանձման դեպքում ոչ մի օրինաչափություն չի գործում: Հայրենական պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Գրիգորի Գարխանյանն, օրինակ, 50% 8211ով վճարում է միայն հեռախոսի բաժանորդային վարձը, մնացածը՝ 100%-ով: Նույն կարգավիճակն ունեցող Հմայակ Սարգսյանը 50%8211ով վճարում է բնակարանի եւ ջրի վարձը, մնացածը՝ 100%-ով: Իսկ պատերազմի մասնակից, սակայն հաշմանդամության կարգ չունեցող Պատվական Կարապետյանը բոլոր վարձավճարնեը մուծում է 100% 8211ով, քանի որ նրան ասել են, որ 50% 8211ի իրավունք ունեն միայն հաշմանդամության կարգ ունեցողները: Հայրենական պատերազմի մասնակցի հավասարեցված Հովհաննես Ռուշանյանի համար զեղչ գործում է միայն աղբահանության, հեռախոսավարձի դեպքում: Այս բազմազանությունը հուշում է, որ չարժե 50%-ները վերագրել խնայդրամարկղերի աշխատակիցների բարությանը: Սոցիալական ապահովության նախարարության վետերանների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանն ասաց, որ մեզ մոտ գործում է վերոնշյալ համաձայնագիրը, բացառությամբ էլեկտրաէներգիայի վարձավճարի համար զեղչի մասից: Այդ բացառության մասին, տիկին Բաղդասարյանի հավաստմամբ, մեր կառավարությունը տեղյակ է պահել ԱՊՀ գործադիր կոմիտեին: Այս տեղեկությունը կասկածի տակ առնելու պատճառ կարող է լինել այն, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածն ասում է. «Կողմերը իրենց պետությունների տարածքում չեն սահմանի ավելի փոքր ծավալի արտոնություններ եւ երաշխիքներ, քան նախատեսված է այս համաձայնագրի հավելվածով»: Փաստորեն, արտոնությունների կարգը որոշելու՝ երկրների իրավունքն էլ անսահման չէ: Ինչը մեր երկրում կարծես թե չտեսնելու են տալիս: Հիշեցնենք, որ այս փաստաթղթով սահմանված այլ արտոնություններից, ինչպես, օրինակ, դեղորայքի անվճար տրամադրումը եւ անվճար պրոթեզավորումն է, մեր երկրի վետերաններն օգտվում են: Իսկ, օրինակ, այս մի կետը շքեղության պես մի բան կարելի է համարել. «Երկու տարին մեկ անգամ առողջարանի կամ հանգստյան տան ուղեգրի փոխարեն իրենց ցանկությամբ դրամական փոխհատուցման վճարում»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել