Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 04,2003 00:00

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Զոհված զինվորների հարազատները երեկ դարձյալ եկել էին ԱԺ, թեեւ նրանցից շատերին նախորդ հավաքից հետո տարել էին ոստիկանություն: «Քոչարյան Սանամին, որի միակ որդին բանակում զոհվել է, տարել էին, 3 ժամից ավելի մնացել էր Մաշտոցի ոստիկանությունում: Հունանյան Էմմային տարել էին Շահումյանի քաղմաս,- իրար հերթ չտալով անուններ էին թվարկում կանայք:- Պահանջել էին, թե էլ չհավաքվեք»: Ալվարդ Ղարիբյանը, որի որդի Արթուրն անհայտ կորել է, պատմեց. «Ոստիկանը եկավ, տարավ քաղմաս: Ասացին, թե պետք է ստորագրեմ, որ էլ ցույցի դուրս չենք գալու, խախտումներ չենք անելու: Պահանջում էին հայտնել, թե ով է մեր կազմակերպիչը: Ես ասացի, որ ընդամենը թոշակ ենք պահանջում»: «Զոհվածի մայր եմ, 63 տարեկան՝ մինչեւ գիշերվա 2-ը նստել եմ քաղմասում, թոռներս տանը ողբացել են»,- ասում էր մեկ ուրիշը: Զոհվածների հարազատներն այս ամենի պատճառը համարում էին այն հրապարակումը, թե իբր իրենք խոստացել են բենզինի շշերով գալ ԱԺ: «Ո՞ր զոհվածի մայրն իր հետ բենզինի շիշ կբերի: Հո մենք խուլիգաննե՞ր չենք: Մեր երեխաների համար ենք այստեղ պայքարում»,- ասաց ԼՂՀ-ում մարտական հերթապահության ժամանակ 1998-ին զոհվածի մայր Սոնա Փաշինյանը: «Ես հերոսի մայր եմ, 25 տարեկան զավակ եմ տվել Հայրենիքիս, որ հիմա երկիր քանդե՞մ»,- ասաց Ալվարդ Ղարիբյանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս պահանջների առնչությամբ ասաց. «100 հազար դրամ այսօր Հայաստանում ոչ մի թոշակառու չի ստանում: Հաշվի առեք, թե ովքե՛ր են գալիս: Ես նրանց արդեն 2 տարի է՝ ընդունում եմ: Հարազատներն են՝ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների, որոնք հավասարեցվեցին պատերազմի ժամանակ զոհվածներին: Բայց երբ շփվում ենք պատերազմում զոհված ազատամարտիկների ծնողների հետ՝ երբե՛ք նման խնդիրներ չեն արծարծում եւ ըմբռնումով են մոտենում մեր այսօրվա վիճակին: Նրանց բավարարում են մեր կատարած քայլերը՝ 20%-ով բարձրացրինք թոշակը, բնակարանների գնման խնդիր ենք լուծում: Իսկ 100 հազար դրամ թոշակ ուզողներին վարչապետի եւ կառավարության պահուստային ֆոնդից տրվել է շուրջ 30-40 մլն դրամ նրանց էլեկտրաէներգիայի պարտքերը մարելու համար»: Այս պնդումների առնչությամբ, թե 100 հազար դրամ թոշակի պահանջն իրական չէ՝ զոհված Կարեն Առուշանյանի մայր Լյուբա Հարությունյանն ասաց. «Պաշտոնյաների համար դղյակներ սարքելը հնարավոր է: Հնարավոր է նաեւ խանութներ սարքել քաղաքի կենտրոնում: Բայց հնարավոր չէ թոշակ տալը զոհվածների ընտանիքներին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել