Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ԿԶԲԱՂՎԻ՞ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ

Դեկտեմբեր 04,2003 00:00

ԵՄ-Ն ԿԶԲԱՂՎԻ՞ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատում պետք է ներառվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, քանի որ այդ հարաբերությունները տարածաշրջանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչն են: Այդ մասին երեկ Թեքեյան կենտրոնում կայացած «ԵՄ կառուցվածքը. կառավարման մարմինները, նրանց գործառույթները եւ համագործակցությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Ըստ նրա, Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակման փաստը: Փոխնախարարը հույս հայտնեց, որ հատուկ ներկայացուցչի նշանակումը կնպաստի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Ռուբեն Շուգարյանը բավականաչափ էական համարեց նաեւ հատուկ ներկայացուցչի մանդատում տարածաշրջանային անվտանգության հարցի ներառումը: Տվյալ փուլում հարավկովկասյան տարածաշրջանն անցնում է բազմաթիվ փորձությունների միջով, ասաց նա, ընդգծելով տարանջատող գծերից խուսափելու անհրաժեշտությունը: Բանախոսի մեկնաբանությամբ, հարավկովկասյան բոլոր երեք հանրապետություններին միավորող միակ հարցը եվրաինտեգրման ձգտումն է: Այդ ձգտումն այն կամուրջն է, որը Հարավային Կովկասի տարածաշրջանը մոտեցնում է Եվրոպային եւ եվրոպական կառույցներին: Պրն Շուգարյանն առանձնացրեց նաեւ հարավկովկասյան պետությունների կողմից եվրաինտեգրման ձգտման դրսեւորման տարբերությունները: Մի երկրում տվյալ ձգտումը ներկայանում է որպես արտաքին քաղաքականության միակ ուղղությունը, մյուսում՝ մի քանի ուղղություններից մեկը: Հայաստանի համար եվրաինտեգրման գործընթացը ներկայացված է որպես ռազմավարական նպատակ, որին անհրաժեշտ է հասնել: Ռուբեն Շուգարյանը նշեց նաեւ Եվրաինտեգրմանը հասարակության նախապատրաստման կարեւորությունը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել