Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարացման դատավճիռ

Դեկտեմբեր 04,2003 00:00

Արդարացման դատավճիռ Արմեն Սարգսյանի պաշտպաններն այս են ակնկալում Վերաքննիչ դատարանից Երեկ լրացավ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 18.11.03թ., կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը: Այս քրգործով դատապարտված Ֆելիքս Առուստամյանի եւ Արմեն Սարգսյանի պաշտպաններն օգտվել են իրենց իրավունքից եւ օրենքով սահմանված ժամանակահատվածում Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել: Ինչ վերաբերում է դատապարտյալ Արմեն Սարգսյանի պաշտպաններին, ապա՝ վերջիններս՝ Ռոբերտ Գրիգորյանն ու Ամալյա Ավագյանը գտնում են, որ՝ «առաջին ատյանի դատավճիռն Ա.Սարգսյանի վերաբերյալ հիմնավորված չէ, կայացվել է քրեա-դատավարական նորմերի պահանջների էական խախտումներով եւ ենթակա է բեկանման բազմաթիվ հիմքերով»: Պաշտպանները համոզված են, որ դատավոր Սարո Արամյանի նախագահությամբ տեղի ունեցած դատաքննությունը չի կարողացել հաստատել, հիմնավորել այն մեղադրանքը, որը նախաքննական մարմինն առաջադրել էր իրենց պաշտպանյալ Արմեն Սարգսյանին՝ նրան մեղադրելով Տ.Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ: Ավելին, «դատավճռով Ա.Սարգսյանին վերագրված եւ հաստատված համարված այս մեղադրանքը բովանդակությամբ հակասական է եւ հետեւություններով՝ հիմքից զուրկ»: Իբրեւ այդպիսին պաշտպանները մատնանշել են, թե «Ա. Սարգսյանը Տ. Նաղդալյանին սպանելու մոտիվ չի ունեցել» եւ դատարանում դրա հաստատման համար պաշտպանների՝ քրգործի նյութերից մեջբերած ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքները «քննությամբ չեն հերքվել եւ հակառակը հաստատող որեւէ ապացույց թե նախաքննությամբ, թե դատաքննությամբ ձեռք չի բերվել եւ ցույց չի տրվել», որ «Տ. Նաղդալյանին սպանելու՝ դատապարտյալ Լյովա Հարությունյանի մտահաղացման դրդապատճառները դատավճռով մեխանիկորեն են վերագրվել Ա.Սարգսյանին, իսկ այդ առթիվ պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն ու առարկությունները պարզապես անտեսվել, չեն քննարկվել ու չեն հերքվել»: Լ.Գրիգորյանն ու Ա.Ավագյանը դիմելով Վերաքննիչ դատարան, նաեւ բողոք են հայտնել, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է համարվել , որ Ա.Սարգսյանը Հովհաննես Հարությունյան-«Ապերին» պատվիրել է սպանել Տ.Նաղդալյանին եւ հենց այդ նպատակով է, որ «սակարկելուց հետո խոստացել է տալ 60 հազար դոլար»: Սա այն դեպքում, երբ, ըստ պաշտպանների, քրգործով դա հաստատող «ոչ մի ապացույց չկա»: Ռ.Գրիգորյանը երեկ մեր զրույցի ժամանակ շեշտեց, որ, թեեւ, այս իմաստով Ա.Սարգսյանի անմեղությունը հենց քրգործի նյութերն են ապացուցում՝ միաժամանակ հերքելով Ա.Սարգսյանի դեմ տված միակ՝ «Ապերի» ցուցմունքները, այդուհանդերձ, վերջինիս ցուցմունքները դրվել են դատավճռի հիմքում: Վերաքննիչին ներկայացրած իրենց բողոքում պաշտպանները նաեւ մատնանշել են, որ այս մասով դատաքննության ընթացքում նրանց ներկայացրած մի խումբ ապացույցներ, որոնցով հաստատված է, Ա.Սարգսյանի անմեղությունը, որպես պատվիրատուի, «դատավճռով չեն գնահատվել, չեն քննարկվել ու չեն հերքվել, ուղղակի անտեսվել են», ինչը ՀՀ քր.դատ.օր.-ի 25, 126 եւ 127 հոդվածների պահանջների խախտումներ են: Դատավճռով ուղղակիորեն անտեսվել եւ չեն գնահատվել Ա.Սարգսյանի կողմից ընդհանրապես սպանությունը պատվիրելու եւ, մասնավորապես, 15.12.2002թ. «հաստատելու» մասին «Ապերի» ցուցմունքները հերքող ապացույցները: Դրա փոխարեն, դատավճռում վկայակոչվել են դատաքննությամբ չհետազոտված ապացույցներ, ինչպիսին են՝ հեռախոսային խոսակցությունների վերծանումը, վկա Գայանե Մելքոնյանի ներկայացրած բացիկը, որի բնօրինակը պահանջելու եւ այն դատաքննությամբ հետազոտելու պաշտպանական կողմի միջնորդությունը չի քննարկվել: Պաշտպանները բողոքում անդրադարձել են նաեւ դատավարության կողմերի միջեւ հավասար մրցակցություն չապահովելուն եւ քրեադատավարական նորմերի այլ խախտումներին, ինչպիսին է, օրինակ՝ Ա.Սարգսյանի պաշտպանական իրավունքի ոտնահարումը դատարանի կողմից: Ի վերջո, Վերաքննիչ ներկայացրած բողոքն ամփոփելով, Ա. Սարգսյանի պաշտպանները հավելել են, որ 1-ին ատյանում դատաքննությունն ընթացել է «միակողմանի մեղադրող հակումով ու թերի» եւ չի ապահովել քրգործով ապացուցման ենթակա հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի հետազոտում, դատավճիռը կայացվել է ենթադրությունների ու հակասական տվյալների հիմքով, ուստի, մասնավորապես, Ա.Սարգսյանի մասով ենթակա է բեկանման: Պաշտպանները միաժամանակ խնդրել են քրգործը վերաքննել եւ իրենց պաշտպանյալի նկատմամբ կայացված վճիռը բեկանել՝ նրան ներկայացված մեղադրանքով ճանաչել անմեղությունն ու կայացնել արդարացման դատավճիռ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել