Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷՐ

Դեկտեմբեր 04,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷՐ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ջանքերով երեկ չհաստատվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ ծրագրի կատարման 2002-ի տարեկան հաշվետվությունը: Իրավական առումով՝ որեւէ հետեւանք չի թողնելու այն, որ հաշվետվությունը չընդունվեց. կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամները: Սակայն անհնար է թերագնահատել տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը: Մեր դիտարկմանը՝ գուցե բնակա՞ն էր, որ նախընտրական շրջանում սեփականաշնորհումը խստորեն քննադատող ՀՅԴ-ն եւ «ՕԵ»-ն չէին կարող այժմ սուսուփուս հաստատել այս ծրագիրը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե իր ելույթում էլ էր ասել, որ նախընտրական քարոզչական փուլն արդեն ավարտվել է. «Կոալիցիան ներկայացնող պատգամավորներն անում են ջրի, հացի եւ ապրելակերպի մասին հայտարարություններ: Ուզում եմ նրանց հիշեցնել, որ այդ խնդիրները լուծողն իրե՛նք են, մենք բոլո՛րս»: Գնահատելով մասնավորեցման այս ծրագրի առնչությամբ իր գործընկերների տեսակետները՝ պրն Սահակյանն ասաց. «Կտրուկ դեմ չէին, ելույթներում ասում էին, թե սեփականաշնորհման գործարքներն օրինական են կատարվել, բայց չի բավարարում մեզ: Այսինքն՝ քանի որ այն ժամանակ իշխանության մեջ չեն եղել՝ հիմա ի՜նչ գործ ունեն սրա հետ: Ուստի ես ելույթում հիշեցրի, որ իշխանությունը շարունակական գործընթաց է»: 2002-ի կառավարության մեջ թեեւ ներկայացված չէր «ՕԵ»-ն, սակայն ՀՅԴ-ն ուներ մի քանի նախարարներ: Այժմ պարզվում է, որ դաշնակցային տվյալ ուժերը դժգոհ էին այդ տարիներին կառավարության իրականացրած սեփականաշնորհումից, թեեւ ե՛ւ վարչապետն է նույնը, ե՛ւ նախագահը, որն իր ստորագրությամբ վավերացրել էր մասնավորեցման ծրագիրը: «Սա համարում եմ քաղաքական աբսուրդ, որին հնարավոր չէ գնահատականներ տալ քաղաքական տեսակետից»,- ասաց պրն Սահակյանը: Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե չի՞ կարծում, որ իրենց այս քայլն ուղղված էր ինչպես կառավարության, այնպես էլ իրենց պաշտպանած նախագահի դեմ՝ պատասխանեց. «Չեմ կարծում: Սեփականաշնորհման հարցը սկզբունքային է եղել եւ մնում է ՀՅԴ համար: Եվ այն կարգը, ձեւերն ու գները, որոնց միջոցով կատարվել է սեփականաշնորհումը՝ չէին կարող ընդունելի լինել մեզ համար: Բայց մենք ոչ միայն ասում ենք՝ ո՛չ, անընդունելի է, այլեւ հստակ առաջարկություններ ենք ներկայացնում, որ հետագա սեփականաշնորհման գործընթացում խուսափենք այս շատ լուրջ բացթողումներից»: Արձագանքելով ՀՀԿ-ի գործիչների պնդումներին, թե նման մոտեցումները նախընտրական քարոզչության շարունակությունն են՝ պրն Ռուստամյանն ասաց. «Այո՛, մենք ընտրությունների ժամանակ խոստումներ ենք տվել եւ գիտենք, որ դեռ էլի պիտի մասնակցենք ընտրությունների: Ուստի չենք կարող մի բան անել, որը չենք կարողանալու պաշտպանել հաջորդ ընտրությունների ժամանակ: Իսկ սեփականաշնորհումը նման գլխավոր հարցերից մեկն է»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը չէր համարում, թե կառավարության ներկայացրած հաշվետվությունը չհաստատելը հավասարազոր էր դաշնակցի իրականացրած սեփականաշնորհման քաղաքականությանն անվստահություն հայտնելուն. «Սա 2002-ի ծրագիրն է, որտեղ «Օրինաց երկիրն» ընդհանրապես չի ունեցել անելիք: Եվ մեր կարծիքն արտահայտեցինք քվեարկությամբ՝ մենք դեմ ենք նմանատիպ սեփականաշնորհմանը»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնավորեցման 2002-ի հաշվետվության քննարկումներն այսպես գնահատեց. «Որոշակի թյուրըմբռնումների տեղիք է տվել հիմնականում առողջապահական հիմնարկների սեփականաշնորհման գործընթացը: Համեմատում էին ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ շուկայական գները՝ հաշվի չառնելով, որ կառավարությունը դեռ 3 տարի առաջ էր մշակել հայեցակարգ, որտեղ ընդունել էր, թե պետք է սեփականաշնորհել գնահատված արժեքի 25%-ով: Եվ կային առանձին պատգամավորներ, որոնք որոշակի օբյեկտների նկատմամբ չիրականացված նկրտումներ ունեին եւ այս քվեարկությամբ արտահայտեցին իրենց հիասթափությունը»: Վարչապետը նույնպես կարծում էր, թե «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն այս քվեարկությամբ «ցույց տվեցին, թե իբր պատասխանատու չեն մինչեւ կոալիցիայի կազմումը կառավարության կատարած քայլերի համար»: Բայց ասաց, թե հաջորդ տարի ԱԺ է ներկայացվելու մասնավորեցման 2003-ի հաշվետվությունը, «որն էականորեն չի տարբերվում 2002-ին կատարվածից»: Մյուս տարի՞ էլ կոալիցիոն դաշնակիցները կպնդեն, թե պատասխանատու չեն իրականացված սեփականաշնորհման համար, որի ձեւերի, մեթոդների եւ գնային քաղաքականության մեջ չեն եղել փոփոխություններ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել