Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ»

Դեկտեմբեր 04,2003 00:00

«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ» Վստահեցնում է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը – Քաղաքական դաշտը այսօր այնպիսի կերպարանք է ստացել, որ գործիչները անցել են բացառապես անձնական վիրավորանքների։ Դուք համամի՞տ եք, որ Գեղամյանի եւ ձեր հեռակա բանավեճը ամենեւին էլ քաղաքական հարթության վրա չէ։ – Ընդհանրապես, ես ձեզ հետ համաձայն եմ եւ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասել, եթե ճիշտ լիներ այն, որ մարդուց միայն մեկ անգամ կարելի է հիասթափվել, ապա ինձ համար Գեղամյանը վաղուց անցած էտապ կլիներ։ Այնուամենայնիվ, փորձելով հասկանալ, թե ինչու հիմա եւ ինչո՞ւ Գեղամյանը, պարզեցի, որ նա հիմա փորձում է ստանձնել ռադիկալ օպոզիցիայի ընդհանուր լիդերի դերակատարությունը։ Բնական է, որ դատավարությունների եւ այլ հարցերի հետ կապված, ընդդիմության մեջ, նկատի ունեմ դասական իմաստով ընդդիմության՝ «Արդարություն» դաշինքը, որը բաղկացած է 12 կուսակցություններից եւ որի անդամներից շատերը վառ անհատականություններ են, լիդեր են եղել կամ լիդեր են, եւ որ այս տեսակի մարդկանց մեջ ինչ-որ հարցերի շուրջ համաձայնությունները կարող են դժվարությամբ ձեւավորվել։ Այս իրավիճակից օգտվելով, Գեղամյանը փորձում է ինչ-որ դիվիդենդներ քաղել եւ ինքնահռչակ, այսպես կոչված, ռադիկալ օպոզիցիայի լիդեր դառնալ։ Իսկ իր հարվածի սլաքը ուղղեց դաշնակցության դեմ, երեւի հասկանալով, որ պետք է ինչ-որ քաղաքական պլատֆորմ ունենալ։ Այսինքն, հասկացանք, որ Վինետուն չի սիրում Սերժ Սարգսյանին (առնվազն հայտարարում է այդ մասին), բայց դրանով օպոզիցիայի լիդեր չես դառնա, պետք է հիմք լինի։ Ու քանի որ ինքը հիմք չունի, փորձում է վերականգնել Տեր-Պետրոսյանի որոշ գաղափարներ։ «Ժամանակին ինքը մի քանի տարի լռելուց հետո (այն տարիներին, երբ իր կոլեգաները պայքարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, այդ թվում նաեւ այսօրվա «Արդարություն» դաշինքի անդամներից շատերը), 95-ին պարգեւատրվեց սուս մնալու համար՝ Ռուբեն Գեւորգյանին կեղծ մեղադրանքով (զենքի) բռնեցին եւ բացեցին Գեղամյանի ճանապարհը։ Եվ, ընդհանրապես, նրա քաղաքական կենսագրության մեջ «շռնդալից» բառը կարելի է օգտագործել միայն նրա պարտությունների վերաբերյալ՝ «Շռնդալից պարտություն Ստեփան Դեմիրճյանից եւ Ռոբերտ Քոչարյանից»։ – Այնուամենայնիվ՝ կրկին բանտ նստելու մասին։ Ձեզ ազատել են իրավիճակի փոփոխության պատճառով։ Այս բոլոր տարիներին դուք հետաքրքրվե՞լ եք ձեր կարգավիճակով։ Չէ՞ որ իրոք հնարավոր է իրավիճակի փոփոխություն։ – Չնայած Գեղամյանի (իր բառն օգտագործեմ) հաթաթային, չեմ ամաչում իմ բանտ նստելուց եւ չեմ էլ վախենում կրկին բանտ նստել։ Դա մեզ համար պրոբլեմ չէ։ Նրա հայտարարությունները անգրագետ են նաեւ այն առումով, որ այդ գործը չի կարող հենց այնպես վերսկսվել, որովհետեւ գործը փակված է եւ նորը սկսելու համար պիտի նոր մեղադրանք լինի։ «Non dis indident»՝ ասում եմ լատիներեն, իրենց խմբակցությունը լատիներեն շատ է սիրում, որովհետեւ հասկանում է մանկուց։ Նույն բանի համար երկու անգամ հնարավոր չէ դատել։ – Եթե վստահության հանրաքվեն փետրվարին հանկարծ իրականություն դառնա եւ ժողովուրդը վստահության քվե չտա Ռոբերտ Քոչարյանին, որտե՞ղ կլինի դաշնակցությունը։ – Օրենքի կողմը։ Եթե հանրաքվեն կազմակերպվի օրենքի շրջանակում, եթե այդ հանրաքվեի մասին որոշում կայացվի եւ այն անցկացվի պաշտոնական կերպով, հանրաքվեի արդյունքները լինեն ընդդիմությանը բավարարող, մեզ համար կարեւորը կլինի այն, որ այդ արդյունքը օրինական է։ Մենք կլինենք օրենքի կողմը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Թերթը պատրաստակամ է հրապարակել ցանկացած տեսակետ, որտեղ կվիճարկվի պրն Հովհաննիսյանի դիրքորոշումը։ Բնականաբար՝ նաեւ պրն Գեղամյանի կարծիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել