Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեկտեմբեր 03,2003 00:00

ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ Վերջին օրերը հագեցած էին ֆուտբոլային աշխարհի համար կարեւոր իրադարձություններով։ Նոյեմբերի վերջին օրը «Եվրո-2004»-ի կազմակերպիչ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի վիճակահանությունը։ 16 երկրների հավաքականները բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուրում չորսական ազգային հավաքական եւ շուտով սկսելու են նախապատրաստվել եկող տարվա հունիսի 12-ին մեկնարկող պատասխանատու հանդիպումներին։ Ֆուտբոլասեր հասարակությունը պակաս անհամբերությամբ չի սպասում նաեւ դեկտեմբերի 5-ին։ Այդ օրը ՖԻՖԱ-ն Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպելու է ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության վիճակահանությունը։ Այդ օրը որոշվելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ճակատագիրը։ ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրներից 51-ը կբաժանվեն ութ խմբի (3-ում՝ 7-ական, 5-ում՝ 6-ական հավաքական) եւ կսկսեն ընտրական մրցափուլը։ Ո՞վ կլինի Հայաստանի ապագա մրցակիցների ցուցակում։ Դա հայտնի կդառնա վիճակահանության օրը։ Նախորդ տարիներին մեր հանրապետության ֆուտբոլի ղեկավարները, ասես նախապես տրամադրված լինելով, որ Հայաստանի ընտրանին ի վիճակի չէ շատ թե քիչ լուրջ խնդիրներ լուծել, երազում էին ու քանիցս էլ բարձրաձայն արտահայտվել են, որպեսզի ճակատագիրը մեզ բաժին հասցնի ուժեղ, տնտեսապես հարուստ երկրների հավաքականներ։ Դա, նրանց ներկայացմամբ, թեկուզ խաղերի հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից կարող էր գումարներ բերել ֆեդերացիային։ Սակայն հենց մեկնարկային փուլում ահեղ մրցակիցների հետ պայքարելը նշանակում էր, որ մեր հավաքականը կարճ ժամանակում դուրս է մնալու հետագա պայքարից։ Հետեւաբար, Հայաստանում ֆուտբոլի մակարդակի բարձրացմանը հարված էր հասցվում։ Հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այլ կերպ է մտածում։ Հավաքականի խաղամակարդակը նկատելի դրական տեղաշարժ է ապրել (չնայած «Եվրո-2004»-ում նրա արդյունքները գոհացուցիչ չեն)։ Մարզիչների եւ ֆուտբոլիստների առջեւ արդեն լուրջ խնդիրներ են դրվում։ ՀՖՖ նախագահը համոզված է, որ Հայաստանի հավաքականները ի վիճակի են միջազգային խաղադաշտերում մեկ քայլից ավելի կատարել։ Վերջերս Ֆրանկֆուրտ մեկնելուց առաջ (Ռ. Հայրապետյանը ներկա է լինելու վիճակահանությանը) հրավիրած մամուլի ասուլիսում նա լրագրողներին հայտարարեց, որ ֆեդերացիան ֆինանսների պակաս չունի։ Այնպես որ, իր նախորդների՝ գրանդների հետ առաջին փուլում հանդիպելու ցանկությունն այնքան էլ արդարացված չէ։ «Ես ցանկանում եմ, որպեսզի վիճակահանությամբ մենք սկզբնական շրջանում հանդիպենք համեմատաբար թույլ հավաքականների հետ»,- ասաց Ռ. Հայրապետյանը։ Նրա հետ չհամաձայնել չի կարելի։ Այդ դեպքում հավաքականի առջեւ հաջող մրցելույթներ ունենալու հեռանկար կբացվի։ Թիմն ավելի շատ խաղեր կանցկացնի ընտրական մրցաշարում։ Դրանով նախ մեր երկրի ֆուտբոլային հեղինակությունը կբարձրանա եւ ֆուտբոլիստներն էլ մրցափորձ կկուտակեն, առանց որի ապագա, պարզապես, չկա։ Սակայն ՀՖՖ նախագահը շեշտեց նաեւ, որ իր ասածը ամենեւին էլ սեփական ուժերի թերագնահատում չի նշանակում։ Հակառակը, հավաքականում սկսել են հավատալ իրենց ներուժին։ Ու, անկախ վիճակահանության արդյունքներից, տղաների ու մարզիչների առջեւ խնդիր է դրված հանդես գալ որքան հնարավոր է լավ, պայքարել հաղթելու համար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել