Նոր թատրոնի ժամանակը Արվեստագետի վաստակը՝ ժամանակի նժարով Հրաչյա Ղափլանյան գործիչը «վաթսունականների» ծնունդ էր, նախկին խորհրդային կայսրությունում այլախոհության եւ մշակութային «բունտերի» զավակ, երբ կապանված միտքը՝ գեղարվեստական թե այլաբնույթ, այլեւս ելք էր որոնում ազատագրվելու։ Դրա շորշոփները թափանցեցին նաեւ թատրոն։ Արեւմուտքում վաղուց սկսվել էր բեմարվեստի բարենորոգումների ալիքը, հարմարավետության եւ քնած գիտակցության դեմ ծառացող ապատրամաբանված աբսուրդ Անտիթատրոնը Ֆրանսիայում, Բ. Բրեխտի հասարակական անակնկալների Էպիկական եւ Պիկասոյի «Խաղաղության աղավնու» խորհրդանշական պատկերով «Բեռլիներ անսամբլի» թատերախմբի հաղթարշավը Գերմանիայում, Ե. Գրոտովսկու ինտելեկտուալ պայթյունների «13 շարքովը» լեհական գավառակում, Պ. Բրուկի շեքսպիրյան տարընթերցումները Անգլիայում եւ այլն։ Այս ամենի արձագանքները հսկայական երկրի մի անկյունում ծվարած Հայաստան էին հասնում Մոսկվայով եւ հազիվ լսելի էին։ Մեծ մայրաքաղաքում կատարվող «ցնցումները» համեմատաբար ավելի հասանելի էին. այնտեղ սլացքի մեջ էր այժմ փառաբանված Տագանկայի գեղղեկավար Յուրի Լյուբիմովը։ Նա թատերական ուսումնարանի ավարտակուրսով հին Արբատի անձուկ մի դահլիճում ցուցադրեց երկրի քաղաքական համակարգն ու իշխանություններին «խոցող» անսովոր բեմադրություն… Բ. Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» պիեսը։ Դահլիճում հանդիսատեսում էր մոսկովյան «ձախ» մտավորականության հույլը. այլախոհների այդ հրաշախումբը իր խոհակից բեմադրիչի կողքին էր նաեւ հետագայում՝ իշխանությունների հակադարձ «խոցումների» ժամանակ։ Երկրում տիրող հասարակական սույն իրադրությունը, սակայն, նպաստավոր չէր հատկապես հանրապետությունների համար, երբ ամենայն ազգայինի նկատմամբ կիրառվում էին կոշտ արգելանքներ։ Դյուրին չէր մշակույթի օջախ հիմնել, բայց Հր. Ղափլանյանը աներեր էր իր նպատակի իրագործման մեջ եւ 1967-ին բացվեց նոր թատրոնը՝ Երեւանի դրամատիկականը։ Բեմադրիչի հզոր բնազդով, գունեղ երեւակայությամբ, նորի տեսունակությամբ օժտված գործունակ եւ բազմափորձ արվեստագետը իր իսկ թատրոնում փորձը ներդրեց… փորձարարության մեջ։ Դա տարակերպություն չէր. Ղափլանյանը հետամուտ էր դավանած նորոգ ռեժիսուրայի մարմնավորմանը, համարձակ ձեռնոց նետելով կարծր ու միագիծ գաղափարաբանությանը, տաբուները «ջարդում» էր էքսպերիմենտով։ Նորաստեղծ իր խմբով, հիրավի երիտասարդական, հիրավի համախոհների կուռ անսամբլ՝ մեծիմասամբ հանդիսատեսին անհայտ անուններ, ովքեր այսօր պայմանավորում են դրամատիկականի պրոֆեսիոնալ մակարդակն ու դիմագիծը։ Ինտելեկտուալների եւ նորագույն ճաշակի թատերախումբ, որն ստեղծեց իր ձեռագիրը եւ… հանդիսականին։ Այո՛, իր հանդիսատեսին, ինչը մեզանում հաճախադեպ չէ, հույժ անհրաժեշտ գոյաձեւ-գործոն՝ ուզածդ թատերախմբի լինելիության եւ կենսունակության համար։ Թատրոնը վկայեց ինքնուրույն խաղացանկի մի շարք անուններ, ավելին, նա «ստեղծեց» իր դրամատուրգին՝ Պերճ Զեյթունցյանին։ Նվիրյալը անմռունչ իր գործն էր անում՝ հիմնելով անպորտֆել, բայց չափազանց արգասաբեր «Բարեկամություն» թատրոնը, ապա՝ շեքսպիրյան ներկայացումների փառատոնը՝ աննախադեպ, բովանդակ երկրում ուղղակի նախանձ հարուցող իրողություններ, որոնց շնորհիվ ամեն տարի, գրեթե մեկ ամիս, Հայաստանը դառնում էր խորհրդային լավագույն թատերախմբերի բեմահարթակ։ Անդադրում իրագործում էր մտահղացումներ, որոնք ընդարձակում էին հայ թատրոնի միշտ անձուկ սահմանները՝ պատվաշահ հյուրախաղերի կազմակերպում, ներկայացումների հեղինակում Մոսկվայի, այլ քաղաքների հանրահայտ թատրոններում։ Հայրենի տանը, սակայն, դափնիների փոխարեն հանիրավի այպանում էին. այս կամ այն բեմադրության մեջ կիրառած անսովոր խորհրդանիշների՝ խաչեր, վարագույր եւ այլն, ռեժիսորական մետաֆորների, նույնիսկ ինքնակերպ բեմավիճակների առնչությամբ։ Մեկ այլ դեպքում բարեշրջումով առնականացած նրա արվեստին փորձում էին կոպիտ պատատուկի պես փաթաթել արհեստածին ինչ-որ «տեսություն»՝ այսպես կոչված «արտադերասանական ռեժիսուրա» հորջորջումով, ըստ որի, նրա ռեժիսուրան գերիշխանություն է հաստատում… դերասանի հաշվին։ Հանդիսականը տեսնում էր իր կերպարը բեմի վրա եւ ամրանում էր նրա կապը թատրոնի հետ։ Այդպիսին էլ ավանդվեց դրամատիկականը «ղափլանյանական խենթերին»՝ Արմեն Խանդիկյանի ղեկավարությամբ։ Հ. ՄԱՐՏՈՒՆԻ