Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխով տղան դղրդոցով կգա»

Դեկտեմբեր 03,2003 00:00

«Դուխով տղան դղրդոցով կգա» Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարն այդպես բնութագրեց Մանուկ Գասպարյանը Երեկ իր ներկայությամբ պատվելով Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարը, ԱԺ պատգամավորը հավաստիացրեց, որ «սա (նկատի ուներ Ա. Կարապետյանին- Ն. Գ.) գալիս է դղրդոց անելու»։ Նա նաեւ մտավախություն հայտնեց, որ իրեն մրցակից է հայտնվել, քանզի խելք ու կրթություն ունենալուց բացի՝ «Ա. Կարապետյանը դուխի տեր անձ է»։ «Նոր ժամանակների» հիմնադրման առիթով իրենց հիացմունքն արտահայտեցին քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչներից շատերը։ Ինչեւէ, կուսակցության մուտքը քաղաքական դաշտ երեկ պաշտոնապես հայտարարվեց եւ Արամ Կարապետյանը լիդերի իր կեսժամանոց ելույթում հիմնավորում էր, որ նոր ժամանակները ձախորդ օրեր չեն ու՝ «կուգան, բայց չեն երթա»։ Սկզբի համար կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ գաղափարական դաշտում. «Մենք առաջարկություններ ենք անելու, եթե ընդունվեն՝ գոհ ենք, եթե չպատճառաբանված եւ չտրամաբանված մերժվեն՝ դիմելու ենք ամենակոշտ գործողությունների»,- սպառնաց Ա. Կարապետյանը։ Երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակներին առնչվող հռետորական հարցեր հնչեցնելով առ իշխանությունները, նոր ժամանակներ խոստացող ուժի առաջնորդը հանգեց նրան, որ՝ «Այնպիսին, ինչպիսին երկրում ստեղծվել են իշխանությունները եւ նրան պատրաստող ուժերը՝ այդպիսին էլ ստեղծվում է նրա դեմ պայքարող ընդդիմությունը»։ Ուստիեւ, մեկ անգամ էլ իշխանություններին խորհուրդ տվեց ճանաչել իր սխալները, մանավանդ որ, ըստ նրա՝ «վիճակն ավելի է ծանրանալու եւ մենք իրար հետ քայլելու իրողություն ենք ունենալու», այլապես, պրն Կարապետյանը զգուշացրեց, որ քայլելու է առանց իշխանության։ Վրացական թեմայի շրջանակներում վերհիշելով Ռ. Քոչարյանի այն արտահայտությունը, ըստ որի տխուր կլիներ այն ընդդիմադիրների վիճակը, ովքեր կփորձեին այս տարվա փետրվարին կտրուկ քայլերի դիմել, բանախոսը հռետորական հարց հնչեցրեց. «Նկատի ուներ, որ բա՞նտ պիտի նստեինք։ Մեր մենթալիտետը մի քիչ ուրիշ է՝ Հայաստանում ով բանտարկվել է, հետո իշխանություն է դառել»։ Եթե այդպիսի տրամաբանությամբ առաջ շարժվենք, ըստ օրվա նոր ժամանակներ խոստացողի՝ «մյուս նախագահը Սարգսյանների ընտանիքից է լինելու կամ ՍԴՀԿ-ից՝ եթե Ջորջը որոշի մի երեք ամիս նստել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել