Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԾԱՆՐԱՆԱԼՈՒ Է

Դեկտեմբեր 03,2003 00:00

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԾԱՆՐԱՆԱԼՈՒ Է Կառավարության վերջին նիստում ընդունված հարկային փոփոխություններից մեկը կարող է տակնուվրա անել տնտեսությունը։ Կառավարությունը ցանկանում է, որ վնասով կամ քիչ շահութաբերությամբ աշխատող ձեռնարկությունները 5% շահութաբերության հաշվարկով հարկ մուծեն։ Օրինագծի համաձայն, վերոհիշյալ 5%-ը պետք է հաշվարկվի համախառն եկամտից։ Իր այս դիրքորոշմամբ կառավարությունը համարում է, որ Հայաստանում վնասով կամ 5%-ից պակաս շահութաբերությամբ աշխատող տնտեսվարող չկա, նման հայտարարագրեր ներկայացնող բոլոր ընկերությունները խաբում են պետությանը։ Այդ պատճառով էլ որոշել է այսպիսի «պատժամիջոց» կիրառել նրանց նկատմամբ։ Սա կարելի է նաեւ նոր հարկատեսակ համարել։ Իրականում «Առավոտն» էլ է գրել, որ շատ են այն ձեռնարկությունները, որոնք ոչ թե վնասով են աշխատում, այլ գրագետ ձեւակերպումներով վնաս են հայտարարագրում։ Եվ խնդիրն, իրոք, պետք էր լուծել։ Ընտրված տարբերակը հեշտ, սակայն անարդար ու վտանգավոր լուծում է։ Սույն նախաձեռնությամբ կառավարությունը փաստորեն ընդունում է, որ ի վիճակի չէ տարբերել, թե տնտեսվարողի որ ծախսն է իրական ու անհրաժեշտ, որը՝ կեղծ։ Այսինքն, կառավարության կարծիքով, հարկային տեսուչներն իրենց գրագիտությամբ ու ճկունությամբ զգալիորեն զիջում են վնասով աշխատող (կամ դա ձեւացնող) ընկերությունների հաշվապահներին։ «Առավոտի» այս հիմնական դիտարկումներն ընդունեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, որն էլ ներկայացրել է կառավարությունում օրինագիծը։ Պարոն Խաչատրյանը նշեց նաեւ որոշ պատճառներ. հարկային տեսուչի գիտելիքների եւ ֆինանսական միջոցների պակաս, տեսուչի անգործություն, կենցաղային դժվարություններ։ Իսկ արդարությունը, ըստ նրա, որպես մաքուր սկզբունք, այսօր էլ չի գործում։ Նկատի ունի, որ շահութահարկի այս կանոններով անհավասար պայմաններում են հայտնվում պետությանը խաբող եւ չխաբող տնտեսվարողները։ Փոխնախարարի դիտարկմամբ, «հասկանում ենք, որ արդար չէ, բայց հարկատուների վնասն ավելի քիչ է, քան հասարակության օգուտը»։ Նրա մեկնաբանությամբ, այս փոփոխության արդյունքում տարեկան «ակնկալվում է 3 միլիարդ դրամի բյուջետային մուտք, որը այլ հավասար պայմաններում հասարակությունը (որպես սոցիալական ծախսեր- Ա. Ու.) չէր ստանա»։ Այս դիտարկումներին հեշտ չէ համաձայնել, որովհետեւ այս փոփոխությունը դժվար թե ի վիճակի լինի ֆիսկալ խնդիրներ լուծել։ Տրամաբանական է, որ սրա կիրառման հետեւանքով շատ տնտեսվարող սուբյեկտներ պարզապես դադարեցնեն գործունեությունը։ Որովհետեւ ցանկացած պարագայում 1, 2 կամ 4, 9% շահույթով աշխատող տնտեսվարողը շատ ավելի մեծ գումարներ է ստիպված լինելու պետբյուջե մուծել, քան այժմ։ Քանի որ համախառն եկամտի 5%-ը ակնհայտորեն ավելին է, քան շահույթի ներկայումս մուծվող 20%-ը։ Այլ հարց է, եթե սեփականությունը վերաբաշխելու խնդիր կա, ինչը դժվար թե այդպես լինի։ Երկրորդ, ստացվում է, որ բարեխիղճ աշխատած ընկերությունը իր շրջանառու միջոցների մի որոշակի տոկոսն ամեն ամիս պետք է տա պետությանը։ Երրորդ, ողջ աշխարհում 5% շահույթով աշխատող ձեռնարկությունը բավականին արտառոց ու փնտրված երեւույթ է, իսկ «կովկասյան վագրը» 5 տոկոսը նվազագույն սահման է համարում։ Տիգրան Խաչատրյանի վերլուծությամբ, Հայաստանում «5-ից ցածր շահութաբերությամբ բիզնեսում ոչ մեկը ներդրում չի կատարում», եւ «եթե ժամանակը գա, երբ լինեն վարչարարական ավելի լավ մեխանիզմներ, մենք էլ կիջեցնենք», ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, Ամերիկայում է՝ 0,25-0,5%։ Մի խոսքով, վարչարարությունը կատարելագործելու, տեսուչների գրագիտությունը բարձրացնելու փոխարեն, կառավարությունն ընտրեց հեշտ, բայց անարդար տարբերակ։ Սակայն վերջին խոսքն Ազգային ժողովինն է, որը դեռեւս պետք է ընդունի փոփոխությունների փաթեթը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել