ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ԱԺ-ն երեկ քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները: 1-ին ընթերցումից հետո ավելացել էր մի նոր հոդված, ըստ որի՝ Ազգային հանձնաժողովում կամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղերն այսուհետ պիտի համալրվեն մրցույթով եւ ՀՀ նախագահը պիտի ընտրություն կատարի առաջադրված թեկնածուների միջեւ: Ըստ օրինագծի համահեղինակ Վազգեն Խաչիկյանի՝ սա ավելի ժողովրդավարական է դարձնում այս կառույցների նշանակման կարգը: Մինչդեռ Շավարշ Քոչարյանը մեր զրույցում պնդեց. «Մրցույթ, որպես այդպիսին, չի նախատեսվում: Սահմանված չէ որեւէ չափանիշ, չկա մրցույթային հանձնաժողով, այսինքն՝ նախագահին ընդամենը տրվելու է ցուցակն այն անձանց, որոնք առաջադրվել են: Բնական է, որ այդ ցուցակում կլինեն նրա համար հաճո մարդիկ, որոնց էլ կնշանակի նախագահը: Սա իրականում օրենքի բարեփոխում չէ. պահպանում են նույն կարգը՝ միայն պատրանք ստեղծելով, թե իբր դարձնում են ավելի ժողովրդավարական»: Վազգեն Խաչիկյանը մեր հարցին, թե որեւէ տարբերություն կա՞ նշանակման գործող եւ նախատեսվող կարգերի միջեւ, եթե վճռորոշն էլի նախագահի կարծիքն է՝ պատասխանեց. «Տարբերություններ, իհարկե, կան: Եթե մինչ այս ՀՀ նախագահը կաշկանդված չէր որեւէ մրցույթային պայմանով կամ չպիտի հիմնավորումներ ներկայացներ, թե ինչու է այս կամ այն անդամին նշանակել, ապա այժմ պետք է ընտրություն կատարի այն մարդկանց միջեւ, ովքեր հաղթող կճանաչվեն մրցույթում: Ընդ որում՝ այդ մարդիկ էլ պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: Եվ նշանակումից հետո պիտի նաեւ պարզաբանում տրվի, թե ինչու է նշանակվել հատկապես տվյալ անձը»: Մեր դիտարկմանը, թե օրինագծում չկան ո՛չ այդ չափանիշները, ո՛չ էլ մրցույթին վերաբերող իր այլ պնդումները՝ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց. «Մրցույթային պայմանները դեռ չենք ամրագրել: Եվ չեմ էլ կարծում, թե դա պետք է ամրագրված լիներ օրենքում: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն այդ պայմանները կամրագրի մրցույթային հանձնաժողովի գործունեության կարգում»: Ա. Ի.