ԹԲԻԼԻՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ» «Թբիլիսին կարող է սանկցիաներ կիրառել «ղարաբաղյան անջատողականների» նկատմամբ: Այդ հարցը Ադրբեջանն ու Վրաստանը պետք է լուծեն միջպետական մակարդակով»,- այսպիսի կարծիք է հայտնել «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Դաթո Թքեշելաշվիլին: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Վրաստանի նոր իշխանությունները փոխեն իրենց վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Թքեշելաշվիլին հայտարարել է՝ «այդ առնչությամբ որեւէ փոփոխություն լինել չի կարող: Մեզ համար Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է: Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն սահմաններով, որոնք ճանաչված են միջազգային հանրության կողմից ԽՍՀՄ փլուզումից ի վեր»: Ավելին, ըստ նրա՝ «Վրաստանն ու Ադրբեջանը հայտնվել են նույն իրավիճակում: Մեր երկրների տարածքները փաստորեն զավթված են այլ պետությունների կողմից: Ադրբեջանի եւ Վրաստանի շահերը պահանջում են, որ մենք այս հիմնախնդիրների լուծման համատեքստում համատեղ աշխատանքներ ծավալենք»: Մյուս կողմից, Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահ Թեմուր Յակոբաշվիլին է կարծիք հայտնել, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից, «այսպես կոչված, «ԼՂՀ»-ի ներկայացուցիչներին Վրաստան մուտքն արգելելու խնդրանքով վրաց նոր իշխանություններին դիմելու դեպքում՝ պաշտոնական Թբիլիսիի պատասխանը դրական կլինի»: … ԵՎ՝ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ «ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ» Երեքշաբթի օրը Մաաստրիխում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումը Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Իգոր Իվանովի հետ ավարտվել է կատարյալ ֆիասկոյով: Այդ հանդիպումից հետո Ն.Բուրջանաձեն հայտարարել է, թե ինքն ափսոսում է, որ Ռուսաստանի հետ նոր տիպի հարաբերություններ հաստատել չհաջողվեց: Վրաստանում շատերն են մտահոգված, որ նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի պաշտոնանկությունից հետո Մոսկվան նոր թափով կսկսի պաշտպանել Աբխազիայում եւ Հարավային Կովկասում անջատողական տրամադրությունները: