Լրահոս
Օրվա լրահոսը

«Կույր պետք է լինել» շարքից

Դեկտեմբեր 03,2003 00:00

«Կույր պետք է լինել» շարքից Վրաստանյան իրադարձություններին եւ Հայաստանի ընդդիմության՝ այդ իրադարձություններին տված գնահատականներին հետեւեց Ռ. Քոչարյանի խիստ ինքնատիպ հեռուստաանդրադարձը: Զարմանալիորեն, վերջին օրերին այն լայնորեն քննարկվում է մամուլում, հարկադրելով մտածել, թե դրանում՝ գուցե թե իսկապես, արժեցող մտքեր են արտահայտվել, ու թերեւս իմաստ ունի Հայաստանում եւ Վրաստանում ձեւավորված իրողությունների միջեւ մեկ անգամ եւս ուշադիր եւ անաչառ զուգահեռներ անցկացնել: Սակայն, մինչեւ վերջ օբյեկտիվ լինելու համար վատ չէր լինի, որպեսզի եզրահանգումներ անելիս մի փոքր նկատի առնվեին նաեւ մեկ այլ ետխորհրդային հանրապետությունում՝ Լիտվայում ստեղծված այսօրվա ներքաղաքական իրավիճակի առանձնահատկությունները: Եվ այսպես, որքան էլ անհավատալի ու դժվար ընկալելի լինի Հայաստանի հասարակական գիտակցության համար, նախ եւ առաջ պետք է արձանագրենք, որ, դատելով Լիտվայում տեղի ունեցող իրադարձություններից, այս երկրում ազգային անվտանգությունն ու նախագահի անձնական ապահովությունն ամենեւին էլ նույն բանը չեն: Ավելին՝ դրանք անգամ կարող են երբեմն հակադրվել: Ներկայումս Լիտվայի նախագահին ու նրա մերձավորագույն շրջապատին եռանդուն կերպով մեղադրում են հանցագործ տարրերի հետ կապ ունենալու մեջ, եւ պատկերացրեք՝ այդ բանն անում են ոչ թե ընդդիմադիրները կամ լիտվական ռեւանշիստները, այլ հանրապետության Սեյմի (խորհրդարանի) հատուկ քննություն իրականացնող հանձնաժողովն ու, ինչպես արդեն նշեցինք, երկրի անվտանգության մարմինները: Լիտվացի «արկածախնդիր» խորհրդարանականներն, ըստ իրենց, բավականաչափ հիմքեր ունեն պնդելու, որ Պակսասի նախընտրական արշավն իրականացվել է կրիմինալի մեջ խրված ռուս բիզնեսմեն Յուրի Բորիսովի փողերով, որի դիմաց վերջինս վարչապետի եւ մի քանի այլ պետական բարձր պոստեր է ակնկալել ապագա նախագահից: Պատկերացրեք, որ այդ «ստից» բանի համար Սեյմը ցանկանում է իմփիչմենթի գործընթաց սկսել Պակսասի նկատմամբ, երեւակայելով, թե երկրի նախագահն այդպիսով խոցելի է դարձել հանրապետությունում գործող «ռուսական մաֆիայի» համար, ինչը, ոչ ավել, ոչ պակաս՝ կարող է վտանգել ազգային անվտանգությունը: Բանը հասել է այնտեղ, որ երկրի ամոթ-աբուռ կորցրած վարչապետն ինքն է նախագահին խորհուրդ տվել սուսուփուս, առանց ավելորդ աղմուկի հրաժարական տալ, ինչին վերջինս անձնազոհաբար չի համաձայնել: Ամենեւին չի բացառվում, իհարկե, որ այս ապակառուցողական եւ երկրի կայունությանը սպառնացող գործընթացները Լիտվայում հնարավոր են դարձել այն պատճառով, որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, ուժային կառույցները կազմալուծված են, իսկ հանրապետությունն ամբողջությամբ չի տրվում կառավարման: Չի բացառվում, որ լիտվական ճգնաժամի ծագման հարցում էական է եղել նաեւ այն, որ Ռոլանդաս Պակսասը, փոխանակ դիմելու հայրենական՝ ազգային «մաֆիոզների» օգնությանը, գերադասել է օգտվել ապազգային քրեականների ծառայություններից: Համենայն դեպս, գոհունակությամբ պետք է փաստենք, որ Հայաստանի պես «գյոզալ» երկրին նման «նողկալի» դավադրություն չի սպառնում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել