Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրիշ պատիժ չունեի՞նք

Դեկտեմբեր 03,2003 00:00

Ուրիշ պատիժ չունեի՞նք Քաղաքական գործիչները գնահատում են երեկ հնչած «27»-ի գործով դատավճիռը ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գնահատականը հետեւյալն է. «Տպավորությունն այն է, որ այդ մարդը (խոսքը Ռ. Քոչարյանի մասին է.- Մ. Ե.) պատանդ է ոճրագործների ձեռքին եւ անընդհատ ինչ-որ երաշխիքներ է տալիս։ Մեր գնահատականները հայտնի են՝ ամեն ինչ արվեց «27»-ի գործը կոծկելու, լիարժեք բացահայտումը խոչընդոտելու, հանցագործությունը պարտակելու համար։ Դատաքննությունը հենց սկզբից ուղղորդված էր եւ այսօր ընդամենը եզրափակիչ ակորդն էր։ Մենք վստահ ենք, որ բոլոր հիմքերը կային մահապատժի վճիռ կայացնելու, դա թույլ էր տալիս ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին հռչակագրի 6-րդ արձանագրության վավերացումը»։ ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը չուզեց գնահատական տալ դատարանի վճռին. «Ես հեռու եմ դատարանի որոշմանը քաղաքական գնահատական տալուց, որովհետեւ չեմ կարծում դա ճիշտ է, բայց կարծում եմ, որ դատարանն ընդունել է այնպիսի որոշում, որը համապատասխանում է մեր օրենսգրքին»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այն կարծիքին է, որ դատարանին պատվեր էր տրված եւ դատարանն իրականացրեց այդ պատվերը. «ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի, ե՛ւ Արմեն Սարգսյանի դատավարության հետ կապված Քոչարյանի պատվերը դատարանն իրականացրեց»։ Ըստ Վ. Դալլաքյանի՝ «27»-ի անջատված մասը (որով նախաքննությունը ասում են՝ դեռ շարունակվում է.- Մ. Ե.) օրենսդրության խախտում է եւ այդ խնդիրը որեւէ օրենքով չի կարգավորվում։ Այսինքն՝ ի սկզբանե «27»-ը մեկ գործ է եւ այդ մեկ գործի մասին պիտի խոսքը գնար։ Անջատված մասը հակաօրինական է եւ նա կունենա այնպիսի վախճան, ինչպիսի վախճան ունեցավ այս դատավարությունը։ «27»-ի կազմակերպիչները կարող են բացահայտվել միայն իշխանափոխությունից հետո»։ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանից փորձեցինք ճշտել՝ իր կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվե՞ց, թե՞ ոչ. «Եթե խոսքը դատի մասին է, ապա՝ բացահայտվեց։ Բայց չէ՞ որ անջատված մաս կար, եւ էլի դատ պիտի լինի։ Այս դատարանին տրված խնդիրներով, այո, բացահայտվեց»։ Իսկ այդ բացահայտումը եւ դատավճիռը՝ ցմահ, բավարարո՞ւմ է Ռուբեն Հովսեփյանին. «մահապատիժ չունենք, ուրիշ պատիժ չունենք։ Եթե ուրիշ պատիժ ունենայինք, թերեւս, ես կողջունեի։ Բայց ուրիշ պատիժ չունենք, սա է»։ Ռուբեն Հովսեփյանը շատ ճիշտ է համարում առանց ներման իրավունքի դատապարտման հնարավորությունը. «Եվ դա ոչ միայն «27»-ին է վերաբերում, դա միայն «27»-ին չպիտի վերաբերվի։ Հանցագործությունների տեսակներ կան, որ պիտի ներման իրավունք չունենան, եւ «27»-ը նույնպես այդ տեսակների մեջ է, որ ներման իրավունք պիտի չունենան։ Որովհետեւ, ի վերջո, ցմահ բանտարկությունը մահապատժից ավելի վատ է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել