«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ» Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները քննելով՝ հարցնում է ԱԺ պատգամավոր, Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը: – Դուք այն համոզումն էիք արտահայտել, թե վրացական սցենարը չի կրկնվի Հայաստանում, սակայն պատճառաբանությունը բավական յուրօրինակ էր, թե այն արդեն իսկ իրականացվել էր Հայաստանում 1988-ին: Խնդրեմ մանրամասնեք: – 1988-ի Շարժման ղեկավարներն արդեն իսկ նոր ժամանակի, մտածելակերպի կրողներ էին, որոնք դավանում էին բարեփոխումների, ժողովրդավարության եւ եվրոպական կառույցներին ինտեգրվելու գաղափարները: Իսկ Վրաստանում խորհրդային համակարգի պաշտոնյան էր տեւական ժամանակ ղեկավարում երկիրը՝ ընդամենն արտաքուստ արդիականացված, բայց նույն հին ձեւերով ու մեթոդներով: Կարող եմ ենթադրել, որ Վրաստանի հասարակայնությունը տեսնում էր, որ անգամ Հայաստանի պետական բուրգն է առավել կազմակերպված, շղթան չի կտրվում՝ դանդաղորեն շարունակվում եւ առավել են խորանում բարեփոխումները: Այս ամենն անշուշտ իր ազդեցությունն է ունեցել վրաց հասարակության գիտակցության վրա: – Շեւարդնաձեն ԽՄԿԿ քաղբյուրոյին մաս կազմած վերջին մոհիկանն էր, սակայն Արեւմուտքը մի առանձնահատուկ վերաբերմունք ուներ Վրաստանի նկատմամբ: Թեեւ այդ երկիրը նույնպես անցել է պատերազմի բովով՝ ավելի կայուն էր համարվում եւ արժանանում ավելի շատ ներդրումների: Թբիլիսին մեր տարածաշրջանում նաեւ մի տեսակ կենտրոնատեղի է միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների համար: Ո՞րն է այս ամենի պատճառը: – Ինքնավար միավորումների հետ Վրաստանի խնդիրները միջազգային կազմակերպությունները համարում են ներքին հարց, մինչդեռ մեր դեպքում խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի պետությունների միջեւ է: Ուստի եւ միջազգային կառույցները նույն հարթության վրա են դնում այս երկու երկրներին՝ չցանկանալով որեւէ մեկին տալ առաջնայնություն: Վրաստանն այս ֆոնին շահում էր, քանի որ նաեւ աշխարհագրական դիրքով է ավելի բարենպաստ: – Վրաստանի հավանական հաջորդ նախագահը՝ Միխայիլ Սահակաշվիլին, «Հ1»-ին տված հարցազրույցում խոստացավ ընտրվելու դեպքում լուծել Հայաստանի տնտեսության համար ցավոտ հարցը եւ վերանայել ճանապարհային վճարները: Սա հայ ընտրողներին ընդամենը ռեւերա՞նս է, որոնք Սահակաշվիլին շռայլում է աջուձախ՝ Թուրքիային «թիվ 1 գործընկեր» անվանելով կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրապնդելու խոստումներ տալով: – Կարծում եմ, եթե Վրաստանում իշխանության են եկել իրոք ժողովրդավարներ եւ բարեփոխիչներ՝ նրանք անպայմա՛ն կանեն ազատ շուկայական հարաբերություններին նպաստող քայլեր: Իսկ սակագների փոփոխությունը ոչ միայն տարածաշրջանի, այլ Վրաստանի իսկ համար լավագույն լուծումն է: Նրանք անպայման հասկանում են, որ եթե բարձր են տրանսպորտային կոմունիկացիաների սակագները՝ ավելի քիչ են բեռնափոխադրումները, եւ հակառակը: Մի փաստ եմ ուզում նշել. աշխարհում երեւի նման այլ դեպք չկա, որ երկու մայրաքաղաքներ գտնվեն իրարից 250 կմ հեռավորության վրա, բայց իրար հետ չունենան մեծ ծավալ կազմող կոոպերացիա եւ տնտեսությունները չլինեն փոխկապակցված շատ բնագավառներում: Իսկ մեր երկրների միջեւ, եթե լրջորեն ուսումնասիրենք, ներքին կոոպերացիա ուղղակի չկա՝ Հայաստանն օգտվում է միայն Վրաստանի տրանսպորտային կոմունիկացիաներից: Մեր բեռնափոխադրումների 80 տոկոսից ավելին կատարվում է Վրաստանի տարածքով: Շատ ուրախալի է, որ Սահակաշվիլին սակագների փոփոխության խոստում տվեց, բայց չեմ կարծում, թե այն արագորեն կիրականացվի, քանի որ Վրաստանը բյուջեի առնչությամբ լուրջ խնդիրներ ունի, եւ կոմունիկացիաների շահագործման հաշվին են ապահովում զգալի մուտքեր: Ուստի անգամ դժվարանում եմ կանխատեսել, թե երբ կիրականացվի այդ խոստումը սակագների փոփոխության վերաբերյալ: – Վրաստանը շուրջ 20 մլն դոլարի պարտք ունի Հայաստանի Հանրապետությանը: Ձեր կարծիքով՝ հարկավո՞ր է քայլեր ձեռնարկել այդ պարտքի հատուցման ուղղությամբ, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանի համար դա արդյունավետ լծակ է տնտեսական վիճելի հարցերում: – Այդ պարտքը ոչ միայն լծակ է: Պետք չէ դրանից այդքան կառչել, քանի որ 3-4 մլն բնակչություն ունեցող երկու հարեւան պետությունների համար դա շատ չնչին գումար է: Վերջին հաշվով, Հայաստանի համար շատ ծայրահեղ խնդրահարույց իրավիճակներ են եղել, որոնց ընթացքում, իմ կարծիքով՝ Վրաստանն իրեն դրսեւորել է բարի դրացու պես: Այժմ նա է տնտեսական շատ վատ պայմաններում, ուստի ճիշտ չի լինի, եթե Հայաստանը փորձի հենց այժմ վերադարձնել այդ գումարները: Գուցե ուղղակի վերաձեւակերպի այդ պարտքը, փոխի ձեւաչափը՝ այլ ծառայությունների դիմաց: – Անգամ ՀՀԿ-ի այն գործիչները, որոնք միշտ շեշտում էին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր արտաքին քաղաքական օրակարգում չէ՝ Վրաստանում կատարվածից հետո հրատապ համարեցին Հայաստանի համար այլընտրանքային ուղիներ գտնելը: – Շատ բացասական եմ համարում, որ միայն Վրաստանի դեպքերից հետո նրանք գիտակցեցին այդ վտանգը: Ոչ թե այսօր պիտի ասվեր դա, այլ այս տարիների ընթացքում պետք է արդեն լուծված լիներ այդ խնդիրը: Վերջին հաշվով, Վրաստանում առայժմ միայն «թավշյա հեղափոխություն» է իրականացվել, սակայն պատկերացրեք՝ եթե ծագի այլ խնդիր, ասենք, Աստված մի արասցե՝ քաղաքացիական պատերազմ: Մենք ինչո՞ւ պիտի կախված լինենք մեկ այլ երկրից, նրա ներքաղաքական իրավիճակից: Պետության ռազմավարության առաջնային եւ կարեւորագույն խնդիրներից պետք է լիներ այլընտրանքային ճանապարհների որոնումը: Եվ խոսքը ոչ միայն Թուրքիայի հետ սահմանի եւ ճանապարհների բացման մասին է, այլ միգուցե նաեւ Ադրբեջանի: Վերջին հաշվով, գալու է պահը, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լինելու է ներքին մեծ կոոպերացիա: – Դուք այդ խնդիրները լուծելի՞ եք համարում մինչեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: – Կարծում եմ, քաղաքական համակարգը եւ իրավիճակը թույլ չեն տա, որ մինչեւ կարգավորումն իրականացվի տնտեսական այդ կոոպերացիան: Բայց մինչ խնդրի վերջնական լուծումը կարելի էր կատարել հաշվարկներ, ուսումնասիրություններ, որ հարաբերությունների կարգավորումից հետո պատրաստ լինենք արագ տեմպերով տարածաշրջանային ինտեգրացիայի եւ զարգացման: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ