Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ~ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈ՞Վ

Դեկտեմբեր 03,2003 00:00

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ~ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈ՞Վ Վերջին շրջանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կրկին բուռն քննարկումների փուլ է թեւակոխում: Դրան զուգահեռ իշխանական շրջանակների կողմից կարծես փորձ է արվում շրջանառության մեջ դնել հետեւյալ նախաձեռնությունը. հակամարտության կարգավորման մեզ առաջարկվող տարբերակներն ամփոփել մի հարցադրման մեջ եւ դնել համաժողովրդական հանրաքվեի: Հարցի լուծումը ժողովրդի պատասխանատվությանը թողնելու նպատակահարմարությանն անդրադառնալով ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը նկատեց. «Կարծում եմ, երբ խոսքն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին է՝ հարցը Արցախի ժողովրդի հանրաքվեին դնելը տրամաբանական է: Եթե խոսքը Հայաստանում համաժողովրդական հանրաքվեի անցկացման մասին է, ապա պետք է նախ ճշտել՝ մենք դա ուզում ենք անել, որովհետեւ Հայաստանն Արցախի ինքնորոշման իրավունքը դիտարկում է պատմակա՞ն արդարության տեսանկյունից: Հակառակ դեպքում Ադրբեջանում էլ նույն հաջողությամբ կարող են նույն հարցով հանրաքվե անցկացնել, հետո էստաֆետը Ռուսաստանը կվերցնի եւ այլն»: Նույն խնդրին արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը համոզմունք հայտնեց, թե՝ «մեր ժողովուրդը շատ շուտով առիթ է ունենալու արտահայտելու իր կամքը», սակայն նրա ասելով, «դա լինելու է շատ ավելի գլոբալ խնդրի շուրջ»: Ս.Սուրենյանցի կարծիքով, ժողովուրդը նախ օրինական իշխանություններ է ձեւավորելու, որոնց կվստահի նաեւ ԼՂ հիմնախնդրի լուծումը: Մյուս կողմից, ըստ նրա, «օրինաչափ հարց է ծագում՝ ինչու է Ռ.Քոչարյանը հանկարծ որոշել ստանալ այն ժողովրդի համաձայնությունը, որի կամքին հակառակ բռնազավթել է իշխանությունը»: Ըստ նրա՝ պատճառը պարզ է. «գիտակցելով կարգավորման ակնհայտորեն անբարենպաստ հեռանկարը Ռ.Քոչարյանը փորձում է՝ ապակողմնորոշելով միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը, հնարավորինս ձգձգել ԼՂ խնդրի լուծումը»: «ԼՂ հարցը խորհրդարանի եւ համաժողովրդական հանրաքվեի միջոցով կլուծվի, եթե լուծվելու լինի, եւ դա ոչ միայն իմ տեսակետն է, այլեւ՝ նախորդ ԱԺ բոլոր քաղաքական խմբավորումների: Սա որպես կարծիք եմ ներկայացնում, բայց երբ պահը գա, բնականաբար, մենք պետք է դեռ նստենք, խոսենք՝ հանրաքվե կարող է լինել Ղարաբաղում եւ Հայաստանում միասին, թե՞ միայն Ղարաբաղում: Համենայն դեպս, որ լուծումը պետք է ժողովրդի կամքն արտահայտի՝ միանշանակ է»,- իր կարծիքն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: «Եթե նախատեսվում է նոր հանրաքվե անցկացնել Հայաստանում, ներառյալ՝ Արցախում, ապա դա կարող է հարցի վերջնական լուծում լինել: Բայց այն, որ նման խոսակցությունները գալիս են իշխանական շրջանակներից, միայն մի բան կարող է նշանակել. նրանք արդեն պատրաստ են ձեռքները վեր բարձրացնել, իսկ այն մարտավարությունը, որը նրանք գաղտնի վարել են մինչ օրս, այլեւս որեւէ հեռանկար չի խոստանում եւ նրանք պատասխանատվությունը ուզում են գցել ողջ հայ ժողովրդի վրա»,- ասաց ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Նա, այդուհանդերձ, կարծիք հայտնեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է, թեկուզ այդ ձեւով, պատասխանատվություն ստանձնել, բայց հավելեց, թե այդ հանրաքվեին պետք է մասնակցի նաեւ Արցախի ժողովուրդը: «Չպետք է մոռանալ, որ այդ հանրաքվեն կհանդիսանա միաժամանակ նաեւ իշխանությունների վստահության հանրաքվեն, որը կլինի նաեւ ներքաղաքական խնդիրների լուծում»,- կարծիք հայտնեց պրն Խաչատրյանը: «Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում, թե դա ինչ է նշանակում: Ինձ թվում է, համաժողովրդական հանրաքվեի պատասխանը արցախյան պատերազմի ժամանակ մեր ժողովուրդն արդեն տվեց եւ խիստ վճռական, իր արյունով: Չեմ հասկանում, թե ինչ կասկածանք կարող է որեւէ մեկի մոտ ծագի, որ այդ հարցը հանրաքվեի դրվի: Ես՝ որպես հայ մարդ, դեմ եմ դրան, որովհետեւ կարծում եմ, որ մենք ժամանակին հանրաքվե իսկապես արեցինք»,- ահավասիկ այսպիսին էր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի տեսակետը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել