Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն կոռուպցիայի զարգացման

Դեկտեմբեր 02,2003 00:00

Հանուն կոռուպցիայի զարգացման ԱԺ նախագահին ուղղված իմ 15.09.2003թ. դիմումով հայտնել էի, որ Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի ղեկավարությունը, խախտելով 1995 թվից գործող ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որտեղ գրված է. «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է», պահանջում է դպրոցի աշակերտներից վճարել՝ ամեն ամիս 200 դրամ դպրոցի ֆոնդի համար, 100-ական՝ հավաքարարներին վճարելու համար, 500-ական՝ ֆրանսերեն սովորեցնելու համար (դպրոցում բացի անգլերեն եւ ռուսերեն լեզուներից, լրացուցիչ պահանջում են սովորել նաեւ ֆրանսերեն) եւ տարին մեկ անգամ՝ 2000 դրամ՝ ուսուցիչների տոնի առթիվ։ Իսկ դասասենյակների վերանորոգման եւ այլ ծախսերի համար որոշումը հետո է ընդունվելու։ Ես հայտնել էի իմ կարծիքը, որ եթե ծնողների կողմից դրամի հանձնումը բանկային ոչ մի փաստաթղթով չի ձեւակերպվում, ուստի ծնողը չի կարող ապացուցել, որ վճարումը կատարվել է։ ԱԺ-ն իր՝ 09.10.2003թ. թիվ 22-780ա նամակով դիմումս ուղարկել էր կրթության եւ գիտության նախարարություն։ Նոյեմբերի 3-ին իմ տուն եկավ Մալխասյան Կարինեն, որը ներկայացավ որպես ԱԺ աշխատակցուհի։ Նա ձգտում էր իմանալ, թե ով է թոռս եւ որ դասարանում է սովորում։ Նա նաեւ ինձ ուզում էր համոզել, որ հավաքարարների համար փողերը հավաքում են ծնողների պահանջով, որովհետեւ հավաքարարների պարտականության մեջ մտնում է միայն միջանցքների մաքրելը, իսկ դասասենյակները պետք է մաքրեն աշակերտները։ Իսկ ծնողները գերադասում են վճարել, որպեսզի իրենց երեխաները չզբաղվեն դասարանները մաքրելով։ Իմ հյուրն ասում էր, որ 78-րդ դպրոցը ամենաէժան դպրոցն է։ Երեւի տիկին Մալխասյանն այդ հարցում իրավացի է, որովհետեւ բարեկամիս թոռները սովորում են Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, որի տնօրենի պահանջները փողեր հավաքելու տեսակետից ավելի անտանելի են։ Նոյեմբերի 16-ին, ստանալով կրթության եւ գիտության նախարար Ս. Երիցյանի 10.11.2003թ. թիվ 07/ու-2599 պատասխան-նամակը, համոզվեցի, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե պայքարում են կոռուպցիայի դեմ, այլ ստեղծում են բարենպաստ պայմաններ՝ կոռուպցիայի բարգավաճման համար։ Պրն Երիցյանը իր պատասխանով ժխտում է, որ թիվ 78 դպրոցում հավաքարարների համար եւ ուսուցիչների օրվա առթիվ փողեր են հավաքում։ Նա չի ժխտում, որ ֆրանսերեն սովորեցնելու համար պահանջում են հավաքել 500-ական դրամ, բայց չի հիմնավորում, թե ի՞նչ օրենքի հիման վրա է նա թույլ տվել հավաքել այդ գումարները։ Մ. ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել