Լրահոս
Օրվա լրահոսը

Պտուղը ծառից հեռու չընկավ

Դեկտեմբեր 02,2003 00:00

Պտուղը ծառից հեռու չընկավ Կարծում է Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստաբան Կարեն Խաչատրյանը Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթի կազմակերպիչների հրավերով Երեւան էր ժամանել աշխարհահռչակ կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Նա հաճույքով համաձայնեց հարցազրույց տալ «Առավոտին»։ «Մայրս, որ մասնագիտությամբ դաշնակահարուհի էր, միշտ երազում էր ինձ տեսնել բեմում։ Սակայն ես ինձ չէի պատկերացնում անգամ դաշնակահարի դերում։ Հայրս էլ անընդհատ հանգստացնում էր մորս, թե պտուղը ծառից հեռու չի ընկնի։ Իսկապես իրավացի էր։ Կարելի է ասել, որ պտուղը՝ այսինքն ես, այնքան էլ հեռու չընկավ ու դարձա արվեստաբան»,- կատակով նշեց Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտաշխատող, արվեստաբան Կարեն Խաչատրյանը։ Նա հիշեց նաեւ, որ ժամանակին, երբ ինքը նույն բուհն էր ավարտում, դիպլոմային աշխատանքի թեման էր «Հայկական թատերական դեկորատիվ արվեստը»։ Ժամանակին բախտը փորձել է կինոյում։ «1965թ. հրավեր ստացա Ֆրունզե Դովլաթյանից՝ նկարահանվելու «Բարեւ, ես եմ» ֆիլմում։ Գայթակղիչ էր նկարահանման հրապարակում լինելը, երբ խաղընկերդ, ոչ ավել-ոչ պակաս, Արմեն Ջիգարխանյանն է։ Բայց հաճախ, ինչպես պատահում է նկարահանումների ժամանակ, իմ դեպքում էլ ձգձգվեցին աշխատանքները եւ ես ձանձրացա սպասելուց ու հեռացա։ Որոշեցի ընտրել արվեստաբանի մասնագիտությունը»,- հիշեց Կ. Խաչատրյանը։ Ըստ Կ. Խաչատրյանի, հոր՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործական ձեռագիրը միանշանակ հայկական է, բայց. «Պարզ չէ՝ որոնք են մաքուր հայկականի սահմանները, որովհետեւ արվեստը չի գոյանում բացարձակ ստերիլ միջավայրում ու ոչ մի ժողովուրդ մյուսներից առանձին, ինքնամեկուսացված չի ապրում։ Ոչ մի վատ բան չկա ժողովուրդների հոգեւոր համերաշխության մեջ»։ Հետաքրքրվեցինք՝ մասնակցե՞լ է արվեստաբանը տարբեր երկրներում խաչատրյանական տարվա առիթով անցկացվող հոբելյանական միջոցառումներին։ «Գուցե այս պահին չկարողանամ հիշել ամեն ինչ, բայց հոյակապ էր հատկապես սեպտեմբերին Բուլղարիայում կայացած մեծ գալա համերգը, որ համընկել էր ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի՝ այդ երկիր պաշտոնական այցին։ Միջոցառման ժամանակ իրենց խաչատրյանական մեկնաբանումներով փայլել են Սվետլանա Նավասարդյանը, Ռուբեն Ահարոնյանը եւ ուրիշներ»։ Կ. Խաչատրյանը հիշեց նաեւ հոկտեմբերին ԱՄՆ-ում, Հոլիվուդյան փառատոնում կազմակերպված, իր բնութագրմամբ, «հրաշք հիշատակի երեկոն», ուր, ի թիվս կոմպոզիտորի այլ երկերի, հնչել է Խորհրդային Հայաստանի օրհներգը՝ ամերիկացիների երգչախմբի կատարմամբ։ Հարցին՝ չի՞ գտնում, որ կարելի է վերականգնել նախկին օրհներգի երաժշտությունը (այլ խոսքերով), պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Դա Հայաստանի Հանրապետության պետական այրերի ու պետության իրավասությունն է»։ Կ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում նկարահանված փաստավավերագրական ֆիլմը՝ Արամ Խաչատրյանի մասին, այս տարվա հոլիվուդյան վավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի։ Նա հույս հայտնեց 2004-ին ֆիլմը հասցնել հայ հանդիսատեսին։ Երեւանի գլխավոր համերգասրահի առջեւ տեղադրված հոր արձանի մասին էլ Կ. Խաչատրյանը մեկ բառով կարծիք հայտնեց՝ «Ընդունելի է»։ Բայց շեշտեց, որ այս գնահատականը տալիս է ոչ որպես արվեստաբան։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել