ԴԱՀԼԻՃՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված մշակութային օջախները պատրաստ են գործելու Ավարտվում է մոտ երկու տարի տեւած, հանրապետությունը աշխույժ աշխատանքային մթնոլորտում պահած «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի գործունեությունը: Գրեթե 150 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ ծրագրի շնորհիվ նորմալ վարձատրվող աշխատանք ունեցան հազարավոր շինարարներ, ճանապարհաշինարարներ, գրելու անսպառ նյութ ունեցանք լրագրողներս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը նոյեմբերի 29-ին լրատվամիջոցների ղեկավարների եւ լրագրողների համար կազմակերպել էր այցելություն՝ «Լինսի» միջոցներով նորոգված մշակութային օջախներ: «Մշակույթ» ծրագրի շրջանակներում նորոգվել է 34 հիմնարկություն: Նորոգման ծախսերը կազմել են 17,5 միլիոն դոլար: Ինչ խոսք, կարելի է երկար վիճել, թե որքանով են նպատակահարմար ծախսվել այդ գումարները, որքանով են արդարացված ծախսերը, սակայն փաստ է մի բան՝ այն, ինչ արվել է այդ գումարների շնորհիվ, տեսանելի է, շոշափելի: Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում երկու տարի առաջ եղած մարդիկ ուղղակի կապշեն, տեսնելով, թե ինչպիսի կերպարանափոխության է ենթարկվել փլվելու պատրաստ այդ շինությունը: Շենքը գրեթե նորից է կառուցվել: Եվ ամենակարեւորը՝ ջեռուցվում է: Ցանկացած թատերական ներկայացում կամ համերգ ընկալելու համար հանդիսատեսը պետք է գտնվի որոշակի կոնֆորտային վիճակում, որը գրեթե անհնարին է՝ վերարկուով նստելու եւ ցրտից սրթսրթալու դեպքում: Ուստի շատ կարեւոր է, որ «Մշակույթ» ծրագրով վերանորոգված բոլոր հիմնարկները ունեն իրենց ինքնուրույն ջեռուցման համակարգը, որը ստեղծելը հաճախ բարդ շինարարական եւ ինժեներական խնդիր էր: Ջեռուցման համակարգերից բացի, «Մշակույթ» ծրագրի աշխատանքի արդյունքում բոլոր թատրոնները, թանգարանները, համերգասրահները ապահովվել են հակահրդեհային, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերով: Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում վերջնականապես լուծվել է տանիքի պրոբլեմը, որին «Առավոտը» ժամանակին մի քանի հրապարակում էր նվիրել: Դեռ 1997-ին «կիսավերանորոգված» տանիքը կրկին, եւ այս անգամ, հուսանք, վերջնականապես նորոգվել է: Բոլոր մշակութային օջախներն էին նախանձելի վիճակում, եւ ամեն տեղ աչք էր շոյում շքեղությունը, մաքրությունը, լույսերի եւ մարմարի առատությունը: Բայց հատկապես ոգեւորիչ էին այն շինությունները, որոնք վերաստեղծվել են գրեթե «զրոյից»: Այդպես, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի շենքի գոյությունը մի տարի առաջ «դե յուրե» էր, հիմա՝ «դե ֆակտո»: Հիմա դա թե իր տեսքով, թե տեխնիկական հագեցվածությամբ ժամանակակից եվրոպական էլիտար թատրոն է հիշեցնում: Տպավորիչ էր նաեւ Տիկնիկային թատրոնի նորոգումը: Այստեղ սկզբունքային էր նաեւ այն, որ «Լինսի» հիմնադրամի գործուն աջակցությամբ թատրոնը վերադարձրեց այն տարածքը, որը սրճարան էր դարձել: Մեծ աղմուկ հանած այդ գործը, որը նաեւ դատական ատյաններում էր քննվել, դժվար թե հօգուտ թատրոնի լուծվեր, եթե չլիներ «Լինսի» ծրագիրը: Ինչպես նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ.Բաբայանը՝ «սա երեւի թե միակ դեպքն է Երեւանում, երբ սրճարան է փակվում եւ թատրոն բացվում»: Սրճարանի նախկին տարածքում կառուցվել է երկրորդ, գողտրիկ դահլիճը, որտեղ կբեմադրվեն ոչ միայն տիկնիկային, այլեւ խաղարկային, խամաճիկային եւ ստվերային ժանրի ներկայացումներ: Թատրոնն արդեն գործում էր: Գործում են նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, «Արամ Խաչատրյան» մեծ դահլիճը: Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնները, նաեւ Օպերան պատրաստում են բեմադրություններ, որոնցով թատերաշրջանը կբացեն մինչեւ եկող տարի: Փաստորեն, ամբողջ ձմեռ հայ թատերասերներն ու երաժշտասերները հնարավորություն կունենան հաղորդակցվել արվեստի հետ՝ մշակույթի ջեռուցվող օջախներում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ.Գ. Արտաշես Թումանյանը լրագրողներին հայտնեց, որ զրուցել է Կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանի հետ եւ վերջինս այլեւս դժգոհություններ չունի Կամերային երաժշտության տան ակուստիկայի վերաբերյալ: