ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Թե ինչպես էր զինվորը 80 լիտր բենզին գողացել Նախկին զինծառայողի պատմությունը «ՊՆ 59016 զորամասի 2-րդ գումարտակում ժամապահ էի: Լուսադեմին կրկին իմ հերթափոխն էր. կարգով պահակակետն ընդունեցի։ Չեմ հիշում՝ գուցե կես, գուցե մեկ կամ ավելի ժամ անց, ինչ-որ զինվորներ ինձ մոտեցան ու ասացին, որ հերթապահությանս ժամանակ մեքենաների բաքերից վառելանյութ եմ գողացել։ Զարմացած ասացի՝ նման բան չի եղել, ծեծկռտուք սկսվեց, որից հետո ինձ տարան մի սպայի մոտ, նա էլ իր հերթին կանչեց զորամասի դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալին եւ մի ուրիշ սպայի, որոնք ինձ ծեծելով, պահանջում էին վառելանյութը հետ բերել կամ գողացված վառելանյութի փոխարեն 100 ԱՄՆ դոլար տալ։ Հրաժարվեցի, ասելով՝ գողություն չեմ արել եւ ինձ մոտ նման գումար չկա։ Դաժան ծեծի ենթարկեցին, երբ ուշքի եկա, համաձայնեցի պահանջվող գումարը տալ։ Ասացին՝ դե գնա ու բեր։ Զորամասի փոստատնից զանգահարեցի տուն, չեմ հիշում հեռախոսն ով վերցրեց, խնդրեցի շտապ 100 դոլար ինձ հասցնել։ Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, ինձ տարան անցակետ։ Դարպասների ճաղերից այն կողմ կանգնած էր հայրս, կոկորդս սեղմվում էր, խոսել չէի կարողանում։ Միայն կարողացա ասել՝ հայրիկ, էլ չեմ դիմանում, չգիտեմ ի՞նչ են ուզում ինձնից, ասում են բենզին ես գողացել, 100 դոլար են ուզում։ Դրամապանակը հանեց, ասաց՝ մոտս այս 50 դոլարն է, առավոտյան 50 էլ կուղարկեմ։Դրանից հետո ինձ կրկին տարան շտաբ, ծեծի ենթարկելով պահանջում էին գրել, որ վառելանյութ եմ գողացել։ Ոչ կարողանում էի խոսել, ոչ էլ մտքերս շարադրել։ Դաստիարակչության գծով հրամանատարի տեղակալը սկսեց թելադրել, իսկ մյուս սպան թիկունքիս ոտքերով հարվածել։ Ուշաթափվեցի, դրանից հետո ոչինչ չեմ հիշում։ Գիշերն ինձ տեղափոխեցին Երեւան՝ ռազմական ոստիկանության հանրապետական վարչություն, հարցաքննեցին։ Դրանից հետո ինձ տեղափոխեցին Սյունիքի զորամասերից մեկը, որտեղ էլ զինվորական ծառայությանս մնացած 6 ամիսներն անցկացրի։ Զորացրվելուց հետո ինձ մի քանի անգամ բերման են ենթարկել Սեւանի զինվորական կայազորի դատախազություն, նույն անհեթեթ մեղադրանքներն են ներկայացնում՝ պահանջում են խոստովանեմ, որ գողություն եմ կատարել, ստորագրություն են վերցրել՝ բնակությանս վայրից չբացակայելու, կանչի դեպքում կրկին ներկայանալու»: Պաշտոնական վարկածը Սեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ Կ. Հակոբյանի վարույթում է գտնվում զինծառայող Գարեգին Մնացականյանի քրգործը։ Նախկին զինվորի նկատմամբ նոյեմբերի 11-ին կայացվել է «խափանման միջոց կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդ որոշման, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին եւ քննիչը գտել էր, որ «մեղադրյալը ազատության մեջ մնալով խոչընդոտ չի հանդիսանա քրեական գործով ճշմարտության բացահայտմանը եւ չի խուսափի քրվարույթն իրականացնող մարմնից»։ Նույն օրը 2-րդ որոշումն էլ է կայացվել. «Որպես մեղադրյալ ներգրավելու մասին»։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ «2002թ. նոյեմբերի 18-ին, ժամը 04.00-ից մինչեւ 06.00-ն ընկած ժամանակահատվածում զորամասի ավտոհավաքակայանում կանգնած ԶԻԼ-131 մակնիշի ՊՆ 6444 Ծ զինհամարանիշի ավտոմեքենայի բաքից գաղտնի կերպով հափշտակել է 80 լիտր ավտոբենզին, զորամասին պատճառելով զգալի չափի՝ 49532 դրամի վնաս»։ Գործն ուղարկվել է դատարան։ Ուշագրավն այս գործում այն է, որ իրեղեն ապացույց չկա եւ «գողոնն առգրավված չէ»։ Ռ. Մ.