Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 02,2003 00:00

ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ ԵՆ 36 բուժհիմնարկից կձեւավորվի 9-ը Երեւանի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում որոշ բուժհիմնարկներ վերակազմակերպելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Նախագահն այն հաստատել է նոյեմբերի 19-ին: Այդ բուժհիմնարկների ղեկավարներից շատերը դա իմացել են միայն երեկ՝ հրավիրվելով առողջապահության նախարարություն: Ավելի ճիշտ, երեկ այդ մասին իմացել են բուժհաստատությունների այն ղեկավարները, որոնք օպտիմալացումից հետո հազիվ թե շարունակեն պաշտոնավարել: Մյուսները, ինչպես, օրինակ, «Հայք» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանը, իր իսկ հաղորդմամբ, որոշմանը ծանոթ է եղել դրա դեռեւս նախագիծ եղած ժամանակվանից: «Հայքը» այս որոշմամբ միացվում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին: «Ես ողջունում եմ այս որոշումը հատկապես իմ առումով: Մենք նախկինում էլ համալսարանի բազան էինք»,- ասաց պրն Պետրոսյանը: Նրան չէր անհանգստացնում նաեւ այն, թե ով կնշանակվի տնօրեն. «Դա բժշկականի ռեկտորը կորոշի: Ես այնքան ջանք ու եռանդ եմ այնտեղ թափել, որ չեմ կարծում, թե որեւէ մեկն ինձ ասի, որ ես այնտեղ այլեւս անելիք չունեմ»: Իրենց անունները հայտնել չցանկացող եւ այս որոշումից դժգոհ բուժաշխատողները հայտնեցին, որ դրա նախագծին անգամ առողջապահության նախարարությունում տեղյակ չեն եղել, բացառությամբ նախարարի եւ նրա երկու տեղակալների: Իսկ այդ որոշումը վերաբերում է 36 բուժհիմնարկի, որոնց վերակազմակերպումից հետո կմնա 9 բուժկենտրոն: Նման արմատական մոտեցման հիմքում, հավանաբար, այն է, որ Համաշխարհային բանկը մեր կառավարությանը երաշխավորություններ է ներկայացրել՝ հիվանդանոցները պետության հաշվեկշռից հանելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով, դրանք շատ կոշտ երաշխավորություններ են եղել, գրեթե վերջնագրային. ՀԲ-ն համակարգը կֆինանսավորի, եթե այս պայմանը կատարվի: Սակայն այդ եւ նաեւ մահճակալային ֆոնդը կրճատելու մասին երաշխավորությունները մեր կառավարությունը կարծես թե իրեն հարմար ձեւով է հասկացել: Արդյունքում կայացվել է վերոնշյալ որոշումը, որը հիմնականում վերաբերում է պոլիկլինիկաներին: Այս որոշմամբ պոլիկլինիկաներն անհայտ տրամաբանությամբ միացվում են հիվանդանոցների կամ գիտահետազոտական ինստիտուտների: Իսկ դրա արդյունքում ստեղծվելիք բժշկական կենտրոնների (բ/կ) կարգավիճակից հայտնի է միայն այն, որ դրանք լինելու են փակ բաժնետիրական ընկերություններ: Այսինքն, անհայտ է՝ դրանք միացումից հետո առողջության առաջնայի՞ն, թե՞ երկրորդային պահպանության օղակի հաստատություններ կլինեն: Հիշեցնենք, որ ոլորտի զարգացման գերակայությունը մեր երկրում հենց առողջության առաջնային օղակն է (պոլիկլինիկաները): Որոշման իրենց վերաբերող հատվածը «Մաշկաբանության եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտական կենտրոնի» տնօրեն Կարեն Բաբայանը լսեց մեզնից: Բնականաբար, ոչ միայն այդ հատվածը, այլեւ որոշումն ամբողջությամբ նրան հայտնի չէր: «Բոլորը խոսում են այդ մասին, բայց եթե մեզ էլ է վերաբերում, պետք չէ՞ր մեզ էլ այդ մասին տեղյակ պահել»,- ասաց պրն Բաբայանը: Այսուհանդերձ, այս հարցին նա նորմալ է վերաբերվում եւ գտնում է, որ իրենց կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին եւ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին» միացնելը թերեւս լավագույն լուծումն է, եթե օպտիմալացում անպայման պետք է արվեր: Սակայն որոշման այս կետով, միաձուլելով հիշյալ երեք բուժհիմնարկները, կառավարությունը խախտում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը: Այն սահմանում է, որ ՀՀ բնակչության ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման, հսկման նպատակով ստեղծվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որպես առանձին «չմիաձուլված» միավոր: Այս հակասության մասին չհաջողվեց ստանալ օրենքի համահեղինակներից Հրանուշ Հակոբյանի մեկնաբանությունը՝ բացառապես վերջինիս գործավարի՝ հեռախոսով խոսելու կուլտուրայի բացակայության պատճառով: Իսկ կենտրոնը ստեղծված է եւ գոյություն ունի ու այն վերակազմավորելու համար առնվազն օրենքում փոփոխություն պետք է կատարվեր: «Առավոտը» երեկ փորձել է ստանալ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի մեկնաբանությունը: Վերջինս ասել է, որ առաջին անգամ մեր թղթակցից է լսում նման բան: Կարծում ենք, որ նախարարությունում պրն Գրիգորյանը կտեղեկանա նաեւ, որ վերամիավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների, մաշկաբանության եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման բժշկական կենտրոնի» տնօրենը լինելու է հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Անձերի վրա չկենտրոնանանք, թեեւ դրա անհրաժեշտությունը կարծում ենք շատ շուտ կծագի, երբ ծրագրի երկրորդ փուլում սկսեն աշխատանքից ազատել բուժաշխատողներին: Երրորդ եւ չի բացառվում, որ՝ հիմնական եւ նպատակակետ փուլը կլինի շենքերի եւ շինությունների ազատումը ու դրանց սեփականաշնորհումը: Առաջիկայում բանակցությունների շրջանակում սպասվում է ՀԲ-ի պատվիրակության այցը Հայաստան: Հետաքրքիր է, որքանով է կառավարության այս որոշումը համահունչ իրենց երաշխավորություններին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել