Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 02,2003 00:00

ՕՐԵՆՔՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ Խորհրդարանը երեկ 56 «դեմ» եւ 31 «կողմ» ձայներով չցանկացավ «Մամուլի ազատության մասին» օրինագիծն ընդգրկել ԱԺ մեծ օրակարգում: Թեեւ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը քվեարկությունից առաջ էլ հայտնեց, թե կառավարությունը 12 առաջարկ է ներկայացրել, որոնք բոլորն էլ ընդունելի են օրինագծի հեղինակների համար: Հիշեցնենք, որ օրինագիծը մշակել էր Մամուլի ազգային ակումբը, որի նախագահ Նարինե Մկրտչյանն այսպես գնահատեց տեղի ունեցածը. «Այն, որ կոալիցիան դեմ քվեարկեց «Մամուլի ազատության մասին» օրինագծին հիմք է տալիս պնդել, որ կայացվել է քաղաքական որոշում: Իսկ դրա պատճառներն, ըստ իս, հետեւյալն են՝ Վրաստանի ներքաղաքական իրողությունները ստիպում են ՀՀԿ-ին, «Օրինաց երկրին» եւ ՀՅԴ-ին միավորվել, քանի որ իշխանությունը կորցնելու վտանգը լուրջ խնդիրներ է ստեղծելու նրանց համար: Այդ կուսակցությունները վախենում են մամուլի ազատությունից, քանի որ այն իր հետ բերելու է ժողովրդավարական այլ ինստիտուտների կայացում, ինչը խնդիրներ է ստեղծելու ցանկացած ավտորիտար իշխանության համար: Վրաստանի փորձը ցույց տվեց, որ ժողովրդավարության համար ոտքի ելած ուժերը կարող են արդյունքների հասնել, եթե երկրում կան էլեկտրոնային ազատ լրատվամիջոցներ. վկա՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործունեությունը»: Երեկ քննարկվեց եւ, ըստ ամենայնի, այսօր կընդունվի «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացնողը՝ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը նշեց, թե 1-ին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծն անցել է միջազգային 3 փորձաքննություն: Օրինագծից հանվել են առավել խնդրահարույց դիտվող բոլոր հոդվածները: Եվ պրն Աբովյանը հայտնեց, թե Եվրախորհուրդն ափսոսանք է հայտնել, որ հանել են նաեւ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության ու ազդեցությունների բացահայտմանը նպատակաուղղված դրույթը: Ըստ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի՝ լրատվամիջոցներն այժմ միայն պետք կարճ տեղեկատվություն տպագրեն իրենց տարեկան եկամուտների եւ ծախսերի մասին: Հրանուշ Հակոբյանը վստահություն հայտնեց, թե լրագրողական համայնքը պիտի գոհ լինի այս օրինագծից: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել