ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ Նախագահ Քոչարյանի ուրբաթ օրվա ելույթը «Հ1»-ով, որտեղ նա համեմատում էր Հայաստանի եւ Վրաստանի իրավիճակները, քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում են։ Ներկայացնում ենք ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տեսակետները։ «Քոչարյանը Ղարաբաղից զորք էր բերել»,- ասում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը Պատգամավոր Մանուկ Գասպարյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի անցկացրած զուգահեռները Հայաստանի եւ Վրաստանի ետընտրական իրավիճակի եւ ընդդիմությանը տրված խորհուրդների եւ գնահատականների մասով, նկատեց. «Ես ոգեւորված չեմ Քոչարյանի ելույթներով, որվհետեւ նրա յուրաքանչյուր ելույթից զգացվում է, որ նա չունի Երեւանում մեծացած մարդու մենթալիտետ։ Եթե Քոչարյանը մնաց իշխանության գահին, դա չի նշանակում, որ վրացիները Շեւարդնաձեին ավելի քիչ էին սիրում, քան հայերը՝ Քոչարյանին։ Իմ ունեցած տվյալներով, Շեւարդնաձեին ընդունում է բնակչության 65-70 տոկոսը, բայց Հայաստանում 95 տոկոսը դեմ է Քոչարյանին, ոչ միայն դեմ են, այլեւ ուղղակի ֆիզիկապես Քոչարյանին տանել չեն կարողանում։ Մի բան Քոչարյանը ճիշտ է ասում՝ Հայաստանում չէր կարող լինել թավշյա հեղափոխություն։ Նախ՝ Հայաստանում չգտնվեց ոչ մի տղամարդ նախարար, որը հրաժարական տար ընտրությունների արդյունքների կեղծման պատճառով։ Հայաստանի ցույցերն ու հանրահավաքներն այնպիսի հաճախականությամբ չէին լուսաբանվում, ինչպես վրացական դեպքերը։ Իսկ Վրաստանի դեպքերն ավելի շատ էին լուսաբանվում, քան Հայաստանում լոտոն է լուսաբանվում։ Բացի դրանից, մի խնդիր էլ կա, որը ես միշտ ասում եմ, բայց բանի տեղ չեն դնում։ Մեր նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանն ուղիղ 300 հոգի բերել էր Ղարաբաղից եւ պահել էր։ Այդ տղաները մինչեւ ատամները զինված էին, Հայաստանում հարազատներ եւ բարեկամներ չունեին եւ ոչ մեկին էլ չէին ճանաչում։ Եթե ընդդիմությունը գնար կտրուկ քայլերի, ես համոզված եմ, այդ 300 հոգուն Քոչարյանը կհաներ ժողովրդի դեմ, եւ թե ինչ կլիներ, Քոչարյանը երեւի չէր էլ պատկերացնում։ Ես հավատում եմ, որ Հայաստանում էլ հեղափոխություն կլինի, որովհետեւ ժողովուրդն արդեն հոգնել է Քոչարյանից եւ այս անգամ բանակն էլ, ոստիկանությունն էլ կանցնեն ժողովրդի կողմը։ Վերջին տարիներին ես իմ կարծիքը բանակի եւ ոստիկանության հանդեպ փոխել եմ, ավելի դրական կարծիքի եմ։ Եվ հիմա Քոչարյանը պարզապես ճիշտ կաներ, որ լռեր։ Բայց ընդդիմությունն էլ մեղք ունի՝ ամեն մարդ ուզեց իշխանության գալ, հանուն ժողովրդի ոչ ոք չզիջեց։ Եթե հայի հետին խելքի գաղափարը մենք ունենայինք փետրվարին, արդեն մի քանի ամիս Քոչարյան չէինք ունենա»։ «Քոչարյանը Հայաստանի վրա «կոնտրոլ» ունի»,- ասում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը – Պարոն Հովհաննիսյան, նախագահ Քոչարյանը օրերս ասաց, որ ընդդիմությունը «ուղղակի շանս չուներ» եւ պետք է ուրախ լինի, որ չի դիմել կտրուկ քայլերի, քանի որ այդ դեպքում նրանց վիճակը տխուր կլիներ։ Ձեր կարծիքով, ի՞նչ տեղի ունեցավ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում եւ համաձա՞յն եք արդյոք Ռ. Քոչարյանի հետ՝ թե ընդդիմությունը շանս չուներ։ – Դուք հարցնում եք՝ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ Ոչինչ էլ տեղի չունեցավ։ Տեղի ունեցան բողոքի ցույցեր, հրապարակային դժգոհություններ։ Ուրիշ ոչինչ տեղի չունեցավ։ Մենք հիմա փաստորեն պատմության «եթե»-ն ենք որոնում։ Այս իմաստով ես համաձայն եմ նախագահի հետ՝ մեր ընդդիմությունը, կարծում եմ, ճիշտ է գնահատել իրավիճակը եւ ճիշտ է վարվել։ Հայաստանը Վրաստան չէ։ Այստեղ կա ոստիկանություն, ուժային կառույցներ եւ ընդդիմության գործողությունները կարող էին բերել բախման։ Այդ առումով, այո, չի բացառվում, որ մարդիկ կհայտնվեին ոչ շատ նախանձելի վիճակում։ – Վրաստանում եւս կան ուժային կառույցներ, որոնք դուրս չեկան ժողովրդի դեմ։ – Չէ, Վրաստանում չկան։ Վրաստանում ընդհանրապես ուժային համակարգ չկա։ Որովհետեւ եթե լիներ, ընտրությունները այդքան անճոռնի չէին անցնի։ Ընտրությունների կազմակերպման առումով (տեխնիկապես) Շեւարդնաձեն ապացուցեց իր անզորությունը։ – Կարծում եք՝ տարբերությունը դա՞ էր։ Եվ ո՞չ թե այն, որ Շեւարդնաձեն չգնաց արյունահեղության, իսկ Քոչարյանը, թերեւս, գնար։ – Չեմ կարծում։ Բազմիցս լսել եմ, որ Շեւարդնաձեն իբր բարի պապիկ էր եւ դաժան ու վճռական է Քոչարյանը։ Բայց բարի պապիկ Շեւարդնաձեն այլազգիների հետ իր հարաբերություններում արյան առաջ ոչ մի անգամ կանգ չի առել։ Հիշեք, թե նա ինչ փորձեց անել Աբխազիայում եւ Օսեթիայում, ուղղակի չկարողացավ։ Հիշեք, թե ինչպես էր որոնում իր դեմ հնարովի տեռորիստական ակտերի կազմակերպիչներին եւ չկանգնեց ձերբակալությունների առաջ։ Գամսախուրդիային իրենք սպանեցին։ Ուրեմն այստեղ հարցը Շեւարդնաձեի բարությունը չէր։ Հարցն այն է, որ 2003-ին Շեւարդնաձեն Վրաստանի վրա «կանտրոլ» չուներ (հսկողություն)։ Քոչարյանը այդ «կանտրոլը» Հայաստանի վրա ունի։ Սա է տարբերությունը։ Եվ ոչ թե նրանց բարոյական կերպարը։ – Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Քոչարյանը խորհուրդներ տվեց ընդդիմությանը, ասելով, որ այն պետք է քննադատի նախագահի եւ կառավարության գործունեությունը եւ պետք է ամրացնի իր կառույցները՝ հերթական ընտրություններում հաջողության հասնելու համար։ Երբ դաշնակցությունն էր ընդդիմություն՝ այդպե՞ս էր վարվում, թե՞ էլի մի բանով էր զբաղված, որն այսօր գաղտնիք չէ։ – Երբ դաշնակցությունը օրինական ընդդիմություն էր, ինչպես օրինական ընդդիմություն է այսօրվա ընդդիմությունը, այո՛, այդ երկու բանով էր զբաղված՝ քննադատում էր եւ ամրապնդում էր իր շարքերը։ Բացի դրանից, փորձում էր նորանոր օրենսդրական նախաձեռնություններով փոխել իրավիճակը։ Այն, ինչ դուք եք ակնարկում, դաշնակցության մտքով անցել է միայն այն ժամանակ, երբ դաշնակցությունը արգելել են, մի մասին նետել են բանտերը, ջախջախել ու փակել են թերթերն ու գրասենյակները։ Եվ բանտում սպանված դաշնակցականների մասին լուրեր են ստացվել։ Այդ ժամանակ է միայն դաշնակցությունը մտածել, որ այլեւս օրինական ճանապարհով այս իշխանության դեմ հնարավոր չէ գնալ։ Եվ նույնիսկ այն ժամանակ, մաքսիմումը, որ արել է դաշնակցությունը, եղել է այն, որ հանրահավաքի ժամանակ ոստիկանությանը դիմադրել է եւ չի փախչել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ