Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԽԱԽՏՎԵԼՈՒ ԷՐ

Դեկտեմբեր 02,2003 00:00

ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԽԱԽՏՎԵԼՈՒ ԷՐ Եթե չմիջամտեր «Արդարություն» խմբակցությունը՝ ԱԺ մեծամասնությունը օրենքի խախտմամբ էր տապալելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծը: Անցած եռօրյայում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած այս օրինագիծը՝ կոալիցայի անդամ պատգամավորներից որեւէ մեկը ծպտուն անգամ չհանեց դրա դեմ: Քննարկմանը մասնակցեցին միայն «Օրինաց երկրի» 2 պատգամավոր, որոնցից, ասենք, Մեխակ Մխիթարյանին, հետաքրքրում էր, թե կարելի՞ է նաեւ ԱԺ վերահսկիչ պալատին տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն: Սակայն երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իբր այդ քննարկման ժամանակ «խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչ պատգամավորները ներկայացրել էին իրենց մտահոգությունները», «շատ լուրջ վերապահություններ ունեն նաեւ կոալիցիա կազմած կուսակցությունները»: Իրականում քննարկման ժամանակ միայն ընդդիմության ներկայացուցիչներն էին մտահոգություն հայտնել այդ հակասահմանադրական օրենքի առնչությամբ, որը հնարավորություն էր ընձեռելու բնակարանի ներքին դիտում եւ կապի միջոցներից տեղեկությունների դուրս բերում իրականացնել նաեւ առանց դատարանի որոշման: Եվ մեկ էլ մեր նորահայտ ընդդիմադիրը՝ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր նկատել, որ, եթե գաղտնալսումների հնարավորություն տրվի ոստիկաններին, որոնց 90 տոկոսը փայատերեր են զանազան կազմակերպություններում՝ այդ իրավունքը կօգտագործվի ի վնաս գործարարների: Կարելի է ասել, որ Հակոբ Հակոբյանը ճիշտ նշանակետին խփեց, քանզի տնտեսական շահագրգռություն ունեցող պատգամավորները, որոնց մեծ մասը, ինչպես միշտ, տեղյակ էլ չէր, թե ինչ են քննարկում՝ խիստ անհանգստացավ ու սկսեց ցույց տալ դժգոհության նշաններ: «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամներից մեկը երեկ քվեարկությունից առաջ անգամ հրապարակավ խնդրեց. «Արշա՛կ, ուշադիր կլինես», քանի որ միշտ Սադոյանն է հետեւում, որ չքվեարկեն ուրիշների փոխարեն: Ակնհայտ էր, որ եթե օրինագիծը դրվի քվեարկության՝ տապալվելու է: Ուստի նախ ՀՅԴ-ն քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, իսկ դրանից հետո սկսվեց ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտումների մի շքերթ: ԱԺ նախագահն ընդմիջումից հետո ազդարարեց, թե այդ ընթացքում բանակցություններ են անցկացրել արդարադատության նախարարի հետ եւ նա խնդրել է 1 ամսով հետաձգել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծի քվեարկությունը: «2004-ի փետրվարին, երբ սկսվի մեր հերթական նստաշրջանը՝ կսկսենք այս նախագծի քննարկումը,- ասաց Արթուր Բաղդասարյանը:- Հանձնաժողովները պետք է կազմակերպեն լուրջ քննարկումներ, նախագիծը պետք է հիմնովին բարեփոխվի, որ նոր ներկայացվի խորհրդարանում քննարկման եւ քվեարկության»: Ընդդիմադիրները հիշեցրին, որ հանձնաժողովներն այդ օրինագծին արդեն տվել են դրական եզրակացություն, քննարկումներն ավարտվել են եւ պարտավոր են քվեարկության դնել օրինագիծը: Նշեցին նաեւ, որ նախադեպ չկա, որ կառավարության ներկայացուցչի փոխարեն՝ ԱԺ նախագահը հայտնի նրա տեսակետը: Արթուր Բաղդասարյանը երկար բանավեճերից հետո կարգադրեց, որ արդարադատության նախարարին հրավիրեն ԱԺ եւ «իր շուրթերից հայտարարի», որ կառավարությունը հետաձգում է քննարկումը: Դավիթ Հարությունյանը եկավ ու հաստատեց, թե կառավարությունը միջնորդում է հետաձգել քվեարկությունը: Այստեղ արդեն Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ քննարկումից հետո արդարադատության նախարարը եզրափակիչ ելույթ է ունեցել, առաջարկել օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ դրանից հետո՝ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ «որեւէ մեկն իրավունք չունի նախագիծը հետաձգելու մասին խոսել: Դա կարող էր նախարարն անել 2 շաբաթ առաջ եւ չի արել, ուստի հիմա պետք է քվեարկենք»: Արթուր Բաղդասարյանը սկսեց համառել, թե Դավիթ Հարությունյանը քվեարկելու հստակ առաջարկ չի արել. «Նաեւ պիտի հաշվի առնենք, որ օրենքի նախագիծը կարեւոր է, եւ պիտի կարողանանք ունենալ այնպիսի օրենքի նախագիծ, որը չի հակասի պատգամավորների, քաղաքական միավորների շահերին»: Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց նայել նիստի սղագրությունը՝ համոզվելու համար, որ արդարադատության նախարարն արել է նման առաջարկ: ԱԺ նախագահն ի վերջո այդպես էլ վարվեց: Հետեւանքն այն եղավ, որ «Օպերատիվ հետախուզական ծառայության մասին» օրենքի նախագիծն այնուամենայնիվ դրվեց քվեարկության եւ փառավորապես տապալվեց: Կողմ էր միայն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանի եղբորորդի Խաչիկ Պետրոսյանը, իսկ շուրջ 100 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը: Կառավարությունն այժմ պիտի ներկայացնի նոր նախագիծ: «Արդարությունը խռխռում է, բայց չի մահանում»,- այս առիթով ազդարարեց Մանուկ Գասպարյանը: Իսկ երեկ օրվա զգալի մասը զբաղեցրած այս բանավեճը, որը դեռ խիստ համառոտ ներկայացրինք՝ լավագույն օրինակն է ցույց տալու, թե որքան խայտառակ փնթի եւ ըստ նպատակահարմարության է աշխատում խորհրդարանը: Եվ եթե ընդդիմության տեղ-տեղ դրսեւորվող զսպիչ ազդեցությունը չլիներ՝ ԱԺ մեծամասնությունը պատրաստ է առաջին խախտողը լինել իր իսկ ընդունած օրենքների: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել