ԴԱՍԱԼԻՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ Երեկ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց զինվորական ծառայություն չանցած մեր բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը։ Ըստ «ԳԽ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի, 2002-03թթ. հարցման են ենթարկվել քաղաքական եւ հայեցողական գրեթե բոլոր պաշտոնները զբաղեցնող անձինք, ինչից պարզվել է, որ զինվորական ծառայություն չեն անցել՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Արա Արամյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ «ԳԽ»-ի հրապարակած տվյալների համաձայն, 2003թ. ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի 9 թեկնածուներից միայն 3-ն են բանակում ծառայել՝ Ռոբերտ Քոչարյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ Գառնիկ Մարգարյանը։ «ԳԽ»-ի կողմից արված հայտարարության համաձայն, պետական պաշտոններին հավակնող անձանց զինվորական ծառայության հարցերը Հայաստանում կարգավորվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ կետի պահանջներով, այն է՝ զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի օրենքի մի քանի կետերով եւ հոդվածներով նախատեսված դեպքերից, չեն կարող նշանակվել պետական պաշտոնների, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը։ Սակայն, ըստ Ռ. Թորոսյանի, ՀՀ կառավարությունը 1998թ. օրենքն ընդունելուց հետո առայսօր չի հաստատել այդ ցանկը եւ զինվորական ծառայություն չանցած բազմաթիվ անձինք նշանակվել են պետական բարձր պաշտոնների։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ