Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ներքին առաջնությունն ուժեղացնել

Նոյեմբեր 29,2003 00:00

Պետք է ներքին առաջնությունն ուժեղացնել Մրցաշրջանի ավարտի առիթով օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկրի առաջնությունն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար այն առումով, որ անցավ առանց ինտրիգների եւ չեմպիոն ու մրցանակակիրներ դարձան արժանավորները։ Իրոք, թե բարձրագույն եւ թե 1-ին խմբերում օրացուցային հանդիպումներում արտառոց իրադարձություններ չեղան։ Սակայն շարունակում է որոշակի մտահոգության առիթ տալ հատկապես բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների մակարդակների տարբերությունը։ Դեռ առաջնության միջնամասից ութ թիմերը մի տեսակ բաժանվեցին երկու խմբի՝ ուժեղների եւ թույլերի։ Ու ըստ էության, առաջին քառյակը՝ «Փյունիկը», «Բանանցը», «Շիրակը» եւ «Միկան» միմյանց միջեւ պայքարում էին մրցանակային տեղերը բաժանելու, իսկ երկրորդը՝ «Կոտայք», «Դինամո 2000», «Լեռնագործ» եւ «Արաքս», բարձրագույն խմբին հրաժեշտ տվող անհաջողակին որոշելու համար։ Որակների հենց այս տարբերությունն էլ արձանագրվեց գրեթե յուրաքանչյուր տուրում գրանցված խոշոր, հաճախ նաեւ ոչ ֆուտբոլային հաշիվներով։ Հետեւաբար, մեր երկրում ֆուտբոլային առաջնությունը դեռ ցածր մակարդակի վրա է։ Սա, իհարկե, ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Ուժեղ, մարտունակ կազմ կարող են ունենալ ֆինանսապես հզոր ակումբները։ Մինչդեռ, մեր բարձրագույն խմբի (նաեւ առաջին խմբի) ակումբների գրեթե կեսը, որքան տեղյակ ենք, հազիվհազ կարողանում են գոյություն պահպանել, անգամ դժվարություններ են ունենում օրացուցային արտագնա խաղերին ներկայանալ։ Այսպես՝ բարձրակարգ ֆուտբոլ, ուժեղ առաջնություն ակնկալել հնարավոր չէ։ Իսկ թե ինչպե՞ս է պետք լուծել խնդիրը, դժվարանում ենք «դեղատոմս» առաջարկել։ Բայց պակաս կարեւոր չէ ակումբներում աշխատանքների ճիշտ կազմակերպումը, ընդհանրապես կադրային ճիշտ քաղաքականությունը։ Ամեն ակումբ ինքնուրույն սուբյեկտ է ու ոչ ոք իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին։ Ոմանք համոզված են, որ գոնե առաջիկա 4-5 տարում Հայաստանը լեգեոներականներ ներմուծելու պահանջ ունի, մյուսները՝ հակառակը, պնդում են, որ պետք է հիմնվել, նախապատվությունը տալ տեղական կադրերին։ Ո՞վ է ճիշտ։ Թող մասնագետները դատեն։ Բայց, ասենք, «Փյունիկի», «Բանանցի» եւ «Միկայի» համեմատական օրինակները ապացուցում են առաջինների ճշմարտացիությունը։ Այս երեք ակումբներն էլ ֆինանսապես կայուն են ու հայկական ֆուտբոլում քիչ գումարներ չեն ծախսում։ «Փյունիկը» վերջին տարիներին մեծ տեղ է տալիս արտասահմանցի մարզիչներին, որոնք, գաղտնիք չէ, ավելի հարուստ փորձ ունեն, եւ լեգեոներականներին։ Արդյո՞ւնքը։ Երկու տարի անընդմեջ թիմը հաղթահարում է Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի 1-ին փուլը, կադրեր է մատակարարում հավաքականներին։ «Փյունիկում» լեգեոներականների կողքին աճած երիտասարդները մեծ ներդրում ունեցան նաեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականների վերջերս դրսերում տարած հաղթանակներում։ Փյունիկցիներին սկսեցին հետեւել ավելի լուրջ եվրոպական ակումբներ։ Նրանց արդեն հրավիրում են։ Եթե գնան, թիմում նոր տեղեր կբացվեն տեղացի երիտասարդ կադրերի առջեւ։ Նույնիսկ համաձայն ենք, որ ակումբում սկզբունքային մրցակցություն ընթանա տեղացի եւ արտասահմանցի ֆուտբոլիստների միջեւ։ Թող պայքարեն հիմնական կազմում տեղ ունենալու համար։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ավելի հաջող հանդես գալու նպատակով «Բանանցն» էլ չկարողացավ յոլա գնալ առանց դրսից հրավիրված ֆուտբոլիստների։ Թիմն ուժեղացնել էր պետք։ Ճիշտ է, ուկրաինացի եւ ռուս ֆուտբոլիստների ներկայությամբ առաջին փուլը հաղթահարել չստացվեց, բայց Հայաստանի առաջնությունում «Բանանցի» համար լեգեոներականների օգտակար գործողության գործակիցը շատ մեծ եղավ։ Ու դժվար թե առանց նրանց՝ 3-րդ տեղ գրաված «Շիրակի» նկատմամբ միավորների այդքան շատ առավելություն ձեռք բերվեր։ Դեռ տարեսկզբին «Միկայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը հայտարարեց, թե ինքը հիմնվելու է գերազանցապես տեղական կադրերի վրա։ Ու այդպես էլ արեց։ Ճիշտ է, «Միկան» նվաճեց Հայաստանի գավաթը, սակայն դժվար թե որեւէ մեկը կասկածի, որ «Միկան» իր խաղամակարդակով «Փյունիկի» ու «Բանանցի» հետ հավասար հարթության վրա է։ Եկող մրցաշրջանում ամենայն հավանականությամբ բարձրագույն խումբ կվերադառնա հանրապետության ուժեղագույն կոլեկտիվներից մեկը՝ «Արարատը», որը նույնպես չի խորշում իր կազմում արտասահմանցի ֆուտբոլիստներ տեսնելուց։ Եվ կասկած չկա, որ 2004 թվականին Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը ավելի լարված կլինի։ Միայն թե նոր սկանդալներ չծագեն։ Ու եթե այդպես շարունակվի, շատ կարճ ժամանակում հայկական ֆուտբոլի հեղինակությունը Եվրոպայում ավելի արագ կբարձրանա։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել